Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 15-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում: Այս մասին հայտնում է «Լույս» պարբերականը:
Տեղապահի ընտրություններում նախապես թեկնածություն էին ներկայացրել երեք հոգևորական` Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Սակայն Մաշալյանը նախօրեին հայտնել էր, որ պատրաստվում է մարտի 15-ին
հայտարարել իր թեկնածությունը հանելու մասին, որպեսզի ձայները չբաժանվեն: Նա կոչ էր արել իր կողմնակիցներին ձայները տալ Բեքչյանին: Ավելի վաղ Բեքչյանին իր աջակցությունն էր հայտնել նաև Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ով պատրիարքի հավանական թեկնածուներից մեկն է:
Քվեարկությունը իրականացվել է դռնփակ կարգով` պատրիարքարանի 30 հոգևորականի կողմից: Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:
Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև լինելու է պատրիարքարանի փաստացի ղեկավարը մինչև նոր պատրիարքի ընտրվելը: Տեղապահի ընտրությունից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թողնելու է փոխանորդի իր պաշտոնը:
Տեղապահի ընտրությունից հետո կձևավորվի Նախաձեռնող խումբը, որը պետք է նախապատրաստի նոր պատրիարքի ընտրության գործընթացը: Խումբն ամեն ամիս ժողովրդին պատրիարքի ընտրության գործընթացի վերաբերյալ զեկույց կներկայացնի: Այն պետք է հավասար պայմաններ ապահովի պատրիարքական թեկնածուների համար` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով:
Եթե վեց ամսվա ընթացքում պատրիարքի ընտրություններ չիրականացվեն տեղապահի և Նախաձեռնող խմբի համար վստահության քվե կպահանջվի: