Հայաստանը՝ որպես դիտորդ, նաև Ադրբեջանին է հրավիրել մասնակցել ապրիլի 2-ի ընտրություններին

Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելության պատվիրակությունն ապրիլի 2-ին կդիտարկի Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները: Մարտի 15-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպումից հետո ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակության ներկայացուցիչները հանդիպեցին նաև լրագրողների հետ:

ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ մարտի 14-ին Երևանում բացվել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբը:

«Քիչ առաջ մենք ավարտեցինք նաև Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպումը: Մենք նրան տեղեկացրինք առաքելության աշխատանքի մասին, ինչպես նաև ծանոթացանք Հայաստանում ընտրական օրենսդրությանը, որն ընդունվել է սահմանադրական հանրաքվեից հետո: Ցանկանում եմ միանգամից ասել, որ մեր կարծիքով Հայաստանի Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները հեղափոխական են, քանի որ բարձրացնում են քաղաքացու ընտրական իրավունքի ժողովրդավարականությունը, բարձրացնում են արդար մրցակցության երաշխիքները և ընդհանրապես ընտրական գործընթացի ժողովրդավարականությունը»,- նշեց Գումինսկին:

Նա հավելեց, որ իրենք Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու առաջարկ ստացել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից: «Մենք մեծ սիրով ընդունել ենք առաջարկը: Իրականացրել ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները ԱՊՀ մյուս երկրների հետ: Այսօր ես ցանկանում եմ նշել, որ դիտորդական առաքելությունն արդեն  ձևավորված է: Առաքելության կազմում կաշխատի 150-180 դիտորդ ԱՊՀ անդամ երկրներից: Նրանցից 20-ը կլինեն երկարաժամկետ դիտորդներ, մնացածը` կարճաժամկետ, ովքեր Հայաստան կայցելեն ընտրություններից 2-4 օր առաջ:

Մեր գրասենյակի առաջադրանքն է անցկացնել իրավական, տեղեկատվական ու կազմակերպչական միջոցառումներ` դիտորդների հաջող աշխատանքն ապահովելու համար, բոլոր աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու համար»,- նշեց Գումինսկին:

Նա նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համապատասխան հրավեր է ուղարկել ԱՊՀ անդամ բոլոր պետություններին, այդ թվում նաեւ՝ Ադրբեջանին։ Բաքուն չի արձագանքել հրավերին։

Ներկա պահին հրավերին արձագանքել են Ռուսաստանը, Բելառուսի, Ուկրաինան, Ղազախստանը եւ Թուրքմենաստանը ներկայացնող 76 դիտորդներ։

Նրա խոսքով` իրենց հիմնական սկզբունքներն են քաղաքական չեզոքությունը, ընտրական գործընթացին և երկրի ներքին կյանքին չմիջամտելը: «Մեր դիտորդների գնահատականները բխելու են բացառապես այն ամենից, թե մեր դիտորդները ինչ կտեսնեն նախապատրաստական աշխատանքների և ընտրությունների ընթացքում: Միայն այս եղանակով ենք տալու մեր գնահատականը Հայաստանում կայանալիք ընտրություններին», նշեց Վիկտոր Գումինսկին:

ԱՊՀ դիտորդական առաքելությունը կղեկավարի ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը: ԱՊՀ-ն Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրել է 9 անգամ: Վիկտոր Գումինսկին ընդգծում է, որ իրենք բավականաչափ փորձ ունեն և հույս հայտնում, որ այս անգամ էլ առաքելությունը բարձր մակարդակով կիրականացնի իր պարտականությունները:

Դիտորդական առաքելությունը ՀՀ-ում կայանալիք ընտրություններին գնահատական կտա ապրիլի 3-ին, երբ կհրապարակվեն ընտրությունների նախնական արդյունքները:

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի համար առաջիկա ընտրությունները շատ կարևոր նշանակություն ունեն, որոնցից կախված է լինելու Հայաստանի ապագան: Մենք եղբայրական հայ ժողովրդին մաղթում ենք, որ ընտրեն այնպիսի ճանապարհ, որը կապահովի կայունություն հասարակության մեջ և Հայաստանի Հանրապետության առաջընթացը»,- եզրափակեց Վիկտոր Գումինսկին:

Տեսանյութեր

Լրահոս