
Թուրք հաքերները գրառում են կատարել Դորտմունդի «Բորուսիա»-ի թվիթերյան էջում

Գերմանիայի և Նիդերլանդների հետ Թուրքիայի հարաբերություններում առաջացած լարվածության արդյունքում թուրք հաքերները հարձակում են իրականացրել տարբեր կազմակերպությունների թվիթերյան հաշիվների վրա:
Թուրքական «Հուրիեթ» պարբերականը հայտնում է, որ հարձակման ենթարկված էջերից են Միացյալ Նահանգների ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի, իրավապաշտպան Amnesty International կազմակերպության, Անգլիայի առողջապահության նախարարության,
գերմանական Die Welt պարբերականի, BBC-ի Հյուսիսային Ամերիկայի ծառայության, Forbesի, Reutersի ճապոնական ծառայության, Russia Today-ի իսպանական ծառայության, ԱՄՆ Դյուքի համալսարանի, ինչպես նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի թվիթերյան էջերը:
Դորտմունդի «Բորուսիա»ի թվիթերյան էջում հաքերները թողել էին հետևյալ գրառումը. «Նացիստական Գերմանիա, Նացիստական Նիդերլանդներ. սա ձեզ փոքր օսմանյան ապտակ: Կհանդիպենք ապրիլի 16-ին»: Բացի այդ, գրառման մեջ հաքերները կիսվել էին Դավոսում Էրդողանի ելույթի ձայնագրությամբ:
Ավելի ուշ ֆուտբոլային ակումբի տնօրինությունը, ջնջելով թուրք հաքերների գրառումը, նշել էր.
«Մենք անմիջապես ջնջել ենք թվիթը, որը դրսից իրականացված հաքերային հարձակման հետևանք էր»: