«ԼՂՀ հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով». Օլանդը՝ Ալիևին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համոզված է` վաղուց եկել է ժամանակը հասնելու առաջընթացի և գտնելու ուղիներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Օլանդն ասել է պաշտոնական այցով Փարիզում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընթրիքի ժամանակ:
Նշելով, որ բանակցությունները շարունակվում են արդեն 23 տարի և կողմերը դեռ չեն եկել որևէ արդյունքի` Օլանդն ասել է.
«Չկա ավելի վատ բան, քան ստատուսքվոն: 2016 թվականի ապրիլին և մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած բախումներն ապացուցում են, որ այս հակամարտությունը երբեք չի դադարել»:
Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, թե որքան շատ ջանքեր է իր երկիրը ներդնում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ խնդրի կարգավորման ուղղությամբ:
«Ես ասել եմ սա մի քանի օր առաջ Փարիզ ժամանած նախագահ Սարգսյանին, կկրկնեմ նաև Ձեր առջև. այս հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով: Ֆրանսիան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ անխոնջ կերպով կշարունակի միջնորդական ջանքեր գործադրել: Այդ ջանքերը հիմնված են տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների, ինչպես նաև ռազմական ուղիներից խուսափելու վրա: Ֆրանսիան պատրաստ է ցանկացած նախաձեռնություն դրսևորել այս շրջանակում»,-ասել է Օլանդը: