«Շախմատը սովորեցնում է ազնիվ հաղթել ու ազնիվ պարտվել…». Սերժ Սարգսյան
Հայաստանում արդեն մի քանի տարի է շախմատը ներդրվել է հանրակրթական համակարգում որպես պարտադիր առարկա, ինչն օգնում է երիտասարդներին: Այս մասին ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում` պատասխանելով ուսանողներից մեկի հարցին:
«Մի անգամ ինձ հարցրեցին, թե ինչով է շախմատը տարբերվում այլ սպորտաձևերից` ես ավելի լավ բան չկարողացա մտածել, քան նրանով, որ շախմատում արդարությունն ավելի շատ է: Շախմատը սովորեցնում է ազնիվ հաղթել ու ազնիվ պարտվել, քանի որ դատավորը գրեթե որևէ դեր չի խաղում: Մնացած սպորտաձևերում, ինչպես օրինակ ֆուտբոլում, դատավորը կարող է չհիմնավորված «11 մետրանոց» նշանակել, իսկ շախմատում դա չկա: Իսկ ազնիվ հաղթելն ու ազնիվ պարտվելը միայն սպորտում չէ այդպես, քաղաքականության մեջ ևս այդպես է, կյանքում առհասարակ այդպես է»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով ժամանակակից աշխարհում շախմատի զարգացմանը` Սերժ Սարգսյանը նշեց, որ այսօր շախմատը երիտասարդանում է:
«Այսօր արդեն աշխարհի չեմպիոն են դառնում երիտասարդներ, ովքեր ուղղակի հրաշալի են խաղում: Շախմատն ինքն է շարժվում դեպի ժողովուրդը` դեպի դպրոցներ, ուսումնական հաստատություններ և այլն»,- ասել է Սերժ Սարգսյանը: