Բաժիններ՝

Մաշալյանը հանելու է թեկնածությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է մարտի 15­-ին կայանալիք տեղապահի ընտրություններում իր թեկնածությունը հանելու մասին: Այս մասին Մաշալյանն ասել է «Ռադիո Ակոս»­ին տված հարցազրույցում:

«Քվեարկությունը տեղի կունենա մարտի 15-­ին ժամը 15:00­-ին: Քվեարկելու իրավունք ունի 30 հոգևորական: Հենց այնտեղ էլ կհայտարարեմ տեղապահի ընտրություններում թեկնածությունս հանելու մասին, որպեսզի ձայները չբաժանվեն»,­-հայտարարել է Մաշալյանը:

Նա կոչ է արել բոլոր իր կողմնակիցներին ձայնը տալ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:

«Տեղապահի ընտրությանը իմ փոխարեն թող քվեները տան Բեքչյանին, մտածեն ժողովրդի մասին: Թող փրկեն սեփական արժանապատվությունը: Թե ես, թե Սեպուհ սրբազանը տեղապահի լավագույն թեկնածու ենք համարում Գարեգին սրբազանին: Բացի այդ, Արամ սրբազանի հետ կապված անցյալի դառը փորձառությունը կա»,­-նշել է Մաշալյանը:

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները կանցկացվեն մարտի 15­-ին: Ընտրությունների արդյունքները կհայտարարվեն նույն օրը:

Տեղապահի ընտրություններում թեկնածություն են ներկայացրել երեք հոգևորական` Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Ընտրությունների ժամանակ քվեարկությունը կիրականացվի դռնփակ կարգով` պատրիարքարանի 30 հոգևորականի կողմից: Պոլսո պատրիարքի տեղապահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա առավելագույն ձայները:

Ընտրված տեղապահը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև լինելու է պատրիարքարանի փաստացի ղեկավարը մինչև նոր պատրիարքի ընտրվելը: Տեղապահի ընտրությունից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թողնելու է փոխանորդի իր պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս