Սեյրան Օհանյանը զրուցել է Լևոն Երանոսյանի հետ. հնարավոր է ներողություն խնդրի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հանդիպումն ավարտվել էր ՀՀԿ-ականների հետ վիճաբանությամբ ու կրակոցով:
Վիճաբանության մասնակիցներից ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, անգամ ատրճանակից օդ է կրակել: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները նրա ձեռքից խլել են ատրճանակը, հարվածներ հասցրել, վնասվածքներ պատճառել:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանը միջադեպից հետո զրույց է ունեցել Լեւոն Երանոսյանի հետ եւ ասել, որ եթե պարզվի՝ միջադեպի մեղավորը իր թիմակիցներն են, որոնք վնասվածքներ են հասցրել Լեռնիկ Երանոսյանին, ապա ներողություն կխնդրի, իսկ եթե ոչ, քննությունը կպարզի ողջ եղելությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դաշինքի խոսնակ Արեգնազ Մանուկյանը սակայն ասել է, թե ինքը տեղեկություններ չունի նման զրույցի մասին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: