Բաժիններ՝

«Թուրքիային այսօր դժվար է համարել տարածաշրջանային խաղացող». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատում հայ­իրանական
հարաբերությունները և տարածաշրջանում Իրանի դերն ու վարած հավասարակշիռ քաղաքականությունը:

Երևանում միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի ընթացքում իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ Իրանը Հայաստանի անկախության առաջին օրերից դրսևորել է մեծ իմաստնություն՝ հաստատելով հավասարակշռված հարաբերություններ Հայաստանի, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների հետ:

«Իրանը կարողացել է ցուցաբերել բալանսավորված դիրքորոշում արցախյան հիմնախնդրի հարցում՝ մշտապես առաջարկելով իր միջնորդական առաքելությունը և առաջնորդվելով միջնորդների առաքելությանը չվնասելու սկզբունքով»,-նշեց ՀՀ պաշտպանության նախարարը:

Նախարարը հավելեց, որ Իրանի նման դիրքորոշմանը կտրուկ կերպով հակասում է Հայաստանի մեկ այլ հարևան Թուրքիայի դիրքորոշումը:

«Թուրքիան ոչ միայն շրջափակման է ենթարկել Հայաստանը՝ փակելով երկաթգծային ճանապարհներն ու պետական սահմանը, որը մեր կարծիքով, 21-­րդ դարում անախրոնիզմ է, այլև ղարաբաղյան հիմնախնդրի հարցում պրոադրբեջանական դիրքորոշում է որդեգրել», ­հավելեց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը կարծիք հայտնեց, որ շրջափակման ենթարկելով Հայաստանը և փակելով Հայաստանի հետ սահմանը, Թուրքիան ինքն է իզոլացվել Հարավային Կովկասի տարածաշրջանից:

«Չնայած Վրաստանի հետ մտերիմ, իսկ Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերություններին, Թուրքիային այսօր դժվար է համարել տարածաշրջանային խաղացող», ­եզրափակեց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս