
Թուրքիան հատել է կարմիր գիծը. Շուլց

Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը հայտարարել է, որ Թուրքիան գերմանական կառավարության քայլերը նացիստական գործելաոճին նմանեցնելով հատել է կարմիր գիծը:
Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը: «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է շատ լավ իմանա հետևյալը. բարեկամ երկրի նախագահն այստեղ գոհունակությամբ կընդունվի:
Սակայն թույլ չենք տալու, որ Թուրքիայի քաղաքական բախումները տեղափոխվեն Գերմանիա», հայտարարել է Շուլցը: Նա նշել է, որ Էրդողանը ստիպված է ենթարկվել օրենքներին, և այդ մասին Կանցլեր Մերկելը պետք է հայտնի նրան:
Գերմանիայի Համբուրգ քաղաքի Plaza Event Center սրահում նախատեսված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը տեղի էր ունենալու սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում, չեղյալ էր համարվել: Արտգործնախարարը ստիպված էր եղել ելույթ ունենալ Թուրքիայի հյուպատոսի կեցավայրում:
Գերմանական տեղական իշխանությունները չեղյալ էին հայտարարել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը Գերմանիայի Գագգենաու քաղաքում:
Կատարվածի քննադատությամբ էր հանդես եկել նախագահ Էրդողանը, ով հայտարարել էր, թե Գերմանիան իր պահվածքով նմանվում է նացիստների գործելաոճին: Էրդողանի հայտարարությունը կրկնել էր նաև արտգործնախարար Չավուշօղլուն: