Բաժիններ՝

«Դա շատ յուրահատուկ լանջ է, որտեղից տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը և Երևանյան լիճը»

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության կողմից մշակվել ու կառավարությանն է ներկայացվել «Նոյ ազգագրական թաղամասի» կառուցապատման ներդրումային ծրագիրը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նախագիծը ներկայացրեց ճարտարապետ Արտավազդ Թարխանյանը։

– Պարոն Թարխանյան, որտե՞ղ է գտնվելու թաղամասը:

– Այն գտնվելու է «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնին և Դալմայի այգիներին հարող տարածքում։ Դա շատ յուրահատուկ լանջ է, որտեղից տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը և Երևանյան լիճը։ Հենց դրանով էլ կապ է ստեղծվում բիբլիական առասպելի և թաղամասի միջև։

– Որքա՞ն է լինելու կառուցապատման մակերեսը։ 

– Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցապատել մոտ 9,2 հա մակերեսով հողատարածք։ Շուրջ 150 000 քմ կառուցապատմամբ մի թաղամաս է լինելու, որտեղ տարբեր հատվածներում կկառուցվեն Հայաստանի տարբեր տարածքներին բնորոշ ժողովրդական տներ։

– Ինչպիսի՞ շինություններ են լինելու այդ թաղամասում։ 

– Լինելու են երկու և երեքհարկանի շինություններ, որոնք կունենան տարբեր ճարտարապետական ոճեր՝  Արևմտյան Հայաստանից, Արևելյան Հայաստանից։ Խոսքը ոչ թե հասարակական շինությունների մասին է, այլ ժողովրդական, այսինքն՝ սեփական առանձնատների և այն բնակելի կառույցների մասին։ Թաղամասի հատակագծային լուծման մեջ որպես հիմք է ընդունված դեռ միջնադարից մեզ հայտնի Անի քաղաքի թաղամասերից մեկի հատակագիծը։ Նախատեսվում է այսպիսի ինքնատիպ միջավայրում կառուցել փոքր-ինչ թեք փողոցներ, գողտրիկ անկյուններ, ինչով հնարավորություն կստեղծվի մի փոքր այլ կերպ ներկայացնել ժողովրդական մշակույթը։

– Ինչպիսի՞ աշխատանքներ են նախատեսվում ցուցադրել։ 

– Գորգագործություն, կարպետագործություն, քանդակագործություն, նկարչություն, կավագործություն և բոլոր այն արվեստներն ու արհեստները, ինչով հարուստ է մեր երկիրը և հայ ժողովրդական ժառանգությունը։ Լինելու են նաև ցուցասրահներ, վաճառասրահներ նույն այդ վարպետների աշխատանքների համար։ Որպեսզի թաղամասը չլինի ինչ-որ մի աշխատավայր, որտեղ մարդիկ գալիս են ուղղակի մեկ նպատակով, մտադիր ենք ժողովրդական վարպետներին տրամադրել որոշ բնակելի հատվածներ, որպեսզի բոլոր այդ արհեստագործները կարողանան ապրել։ Գուցե շենքերի առաջին հարկերում լինեն ցուցասրահները, երկրորդում՝ արվեստանոցները և երրորդ հարկերում՝ նրանց բնակարանները։ Այս ամենը կհանգեցնի նրան, որ  թաղամասը կդառնա նաև «կենդանի մարմին»։

– Ի՞նչ միտում ունի այս ծրագիրը։ 

– Ամբողջ ծրագիրը միտված է ևս մեկ զարկ հաղորդելու Հայաստանում մշակութային զբոսաշրջությանը։ Սա կարող է օրինակ ծառայել այն զբոսաշրջիկների համար, ովքեր կարճ ժամանակով են գալիս մեր երկիր։ Այսինքն՝ այստեղ կարող են տպավորություն ստանալ այն իսկականից, ինչը ներկայացված է Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում։ Տուրիստական հոսքերը մեր ծրագրի շնորհիվ կարող են ավելանալ, և այստեղ բոլոր այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի ժողովրդի մշակույթին։ Մտադրություն կա, որպեսզի լինեն նաև տաղավարներ, որտեղ կցուցադրվեն Հայաստանի մի շարք շրջանների խոհանոցներ։

– Ի՞նչ հեռավորությամբ է թաղամասը գտնվում Երևանի կենտրոնից։ 

– Երևանի Հանրապետության հրապարակից և «Զվարթնոց» օդանավակայանից գտնվում է մեքենայով 10 րոպե ընթացքի հեռավորությամբ։ Գտնվում է տարանցիկ մի հատվածում, որը հասանելի է տարբեր տուրիստական հոսքերի տեղաշարժի համար։ Որպեսզի զբոսաշրջիկը Հայաստանից մեկնելու վերջին պահին ևս կարողանա ինչ-որ բանի հետ ծանոթանալ։ Հնարավոր է, դա էլ առիթ հանդիսանա, որ նա հաջորդ անգամ այցելի Հայաստան, արդեն ավելի մանրամասն ուսումնասիրի տվյալ շրջանը կամ շրջանները։

– Դեպի ազգագրական թաղամաս կառուցվելո՞ւ են, արդյոք, նոր փողոցներ։ 

– Իհարկե, լինելու են նաև նոր փողոցներ։ Օրինակ՝ դեպի «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղի տանող ճանապարհը նախատեսվում է երկարացնել և հասցնել մինչև այդ թաղամասը։ Թաղամասն էլ իր հերթին կունենա սեփական ավտոկայանատեղի 750 կամ ավելի ավտոմեքենայի համար։ Հնարավորություն կա նաև կապ ստեղծել Մոնթե Մելքոնյան պողոտայի հետ։

– Ովքե՞ր են ներդրողները և մոտավորապես որքա՞ն է արժենալու այս նախագիծը։ 

– Ներկա պահին մենք մշակել ենք այս ներդրումային ծրագիրը և նոր ենք ներկայացնում հանրությանը, հենց այն նպատակով, որպեսզի ներդրողներ ներգրավենք։ Դեռ այս ծրագրի շրջանակում ներդրողներ չկան, որովհետև մոտ 2 ամիս առաջ է ներկայացվել։ Ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 98 մլն դոլար։ Այժմ բանակցություններ են տարվում հնարավոր ներդրողների հետ։

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031