Բաժիններ՝

Հայկական ստարտափները հնարավորություն կունենան մասնակցել Startup Olé կոնֆերանսին

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ, նոր հնարավորություն է ընձեռում հայկական ստարտափներին՝ մասնակցելու Իսպանիայում՝ Սալամանկայում կայանալիք Startup Olé կոնֆերանսին: Կոնֆերանսը կայանալու է 2017 թվականի ապրիլի 26-27-ը:

Startup Olé-ն երկօրյա տեխնոլոգիական և ձեռնարկատիրական ուղղվածության միջոցառում է, որի նպատակն է՝ կապեր ստեղծել ստարտափ ընկերությունների միջև, ինչպես նաև ձևավորել փոխշահավետ գործընկերություն վերոնշյալ ընկերությունների հիմնադիրների և սերիական արտադրություն իրականացնող ձեռնարկատերերի միջև, որոնք կարող են հանդես գալ իբրև մենթոր և բիզնես խորհրդատու՝ օգնելով վերջիններիս ընդլայնել իրենց գործունեությունը: Այն կապեր է ձևավորում ստարտափ ընկերությունների, տեխնոլոգիական/թվային տեխնոլոգիաների բնագավառում բացառիկ ունակություններով օժտված անձանց և խոշոր ընկերությունների, ներդրողների ու բիզնես աքսելերատորների միջև: Շուրջ 10 հայաստանյան ստարտափ ընկերության (յուրաքանչյուրից՝ մեկական ներկայացուցիչ) բացառիկ հնարավորություն կընձեռվի ներգրավվելու եվրոպական ստարտափ էկոհամակարգում:

Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ միջոցառմանը մասնակցելը բազմաթիվ առավելություններ կտա ստարտափ ընկերություններին, այդ թվում.

  • տարածք՝ ստարտափը ներկայացնելու համար (ավելի քան 1000 այցելու 2 օրերի ընթացքում),
  • հանրությանը տարբեր միջոցներով առավել հանրածանոթ դառնալու հնարավորություն (ընկերության պատկերանիշի տեղադրումը վեբկայքում, տեղեկագրեր, գրառումներ սոցիալական ցանցերում և այլն),
  • Startup Olé-ի շրջանակում անցկացվող ծրագրերի մրցույթ-պրեզենտացիաներին մասնակցելու հնարավորություն,
  • խոշոր ընկերությունների և ներդրողների հետ համագործակցության հաստատմանը նվիրված միջոցառմանը մասնակցելու հնարավորություն:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը կհոգա հայկական ստարտափների ծախսերը, սակայն Startup Olé-ի շրջանակում ներկայանալու համար առնվազն 50 եվրոյի չափով սեփական ներդրումը պարտադիր է:

Կարդացեք նաև

Մրցույթին կարող են մասնակցել տեխնոլոգիական ուղղվածության հայաստանյան սկսնակ ընկերությունները: Startup Olé-ի ընթացքում ձևավորվելիք կապերից լավագույնս օգտվելու համար դիմող ընկերությունները պետք է գտնվեն աճի, զարգացման փուլում, կամ վերջիններիս կողմից արտադրվող ապրանքները պետք է առնվազն վայելեն որոշակի հաջողություն և (կամ) ունենան աճի լուրջ պոտենցիալ: Ընտրության հիմնական չափորոշիչներն են վերջին 12 ամիսներին արձանագրված աճը նկարագրող նյութ, դեպի միջազգային, հատկապես եվրոպական շուկա ընդլայնվելու պոտենցիալ, արտադրության ծավալները մեծացնելու և արտաքին աղբյուրներից կապիտալ ներգրավելու պոտենցիալ, ընկերությունը ներկայացնելու կարողություն, այդ թվում՝ նաև գործարար անգլերենի իմացություն:

Վերջին փուլ հասած 15 կազմակերպությունների ընտրությունը պետք է իրականացվի հանձնաժողովի կողմից, որտեղ ներգրավված կլինեն «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: Վերջնական փուլ անցած 15 ընկերությունների թվից 10-ը հաղթող կազմակերպությունների վերջնական ընտրությունը կիրականացվի Startup Ole-ի և Startup Europe-ի կողմից:

Շահագրգիռ բոլոր ստարտափ ընկերությունները կարող են դիմել՝ լրացնելով առցանց դիմումը (https://goo.gl/FNfY1z) և տրամադրելով հղում՝ առավելագույնը 20 PowerPoint սլայդից կազմված ստարտափի վեաբերյալ պրեզենտացիային (pitch deck): Վերջնաժամկետը մարտի 15-ն է:

Հիշեցնենք, որ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը մաս է կազմում նաև Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ նորարարության համար» նախաձեռնություններին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս