«Եթե մերկ սխեմա գծենք, ապա Ադրբեջանը Ռուսաստանի միջոցով Հայաստանի համար զենք է գնում». Դմիտրի Կիսելյով

«Ես կոչ կանեի ավելի բարդ մտածողություն կիրառել, քան՝ «իսկ Դուք, Ձեր զենքը», հետո՞ ինչ»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը՝ անդրադառնալով Հայաստանում հետապրիլյան բողոքի ալիքին, որն ուղղված էր ռուս-ադրբեջանական զենքի գործարքների դեմ։

Դմիտրի Կիսելյովն ասաց, որ հակառուսաական տրամադրություններ Երևանում հաճախ են բարձրանում, ավելին, դրանք ոչ միշտ են ռացիոնալ բնույթ կրում, դրանք կրում են զգացմունքային բնույթ։ «Հակառուսական տրամադրություններ ի հայտ եկան այն ողբերգական դեպքից հետո, երբ ռուսական ռազմաբազայի զինվորականը սպանեց հայ ընտանիքին։ Նման դեպքերում պետք է հարաբերություններն այնպիսի խորություն, պաշար ունենան, որպեսզի այդ ամենը չվերածվի հակառուսական տրամադրությունների, այլապես հարաբերությունների խորությունը փոքր է, զգացումները՝ մակերեսային, այսինքն՝ ցուցադրվում են մակերեսային զգացմունքներ։ Առավել ևս, երբ մշտապես կան դեմքեր, ինստիտուտներ, որոնք հետաքրքրված են հակառուսական տրամադրություններով, եթե Հայաստանը սա կլանում է, դառնում է մանիպուլյացիաների ենթակա երկիր, որը գեղեցիկ չէ։ Յուրաքանչյուր առիթ ցանկության դեպքում կարելի է օգտագործել հակառուսական տրամադրություններ բորբոքելու նպատակով։ Այդ թեման ապակառուցողական ու անհետաքրքիր է»,- ասաց Կիսելյովը։

Նա մի լեհական ասացվածք հիշեցրեց, համաձայն որի՝ հարաբերությունները խնամքի կարիք ունեն, այսինքն՝ երկու անձանց հարաբերությունները պետք է խնամել, երկրների հարաբերությունները ևս պետք է խնամել։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք մատակարարելու հարցին, ապա, Կիսելյովի խոսքով, Ադրբեջանը զենքի շուկայից զենք է գնում միջազգային կամ «կոշտ» գներով, նա դա կարող է գնել Իսրայելից, Ամերիկայից կամ Ռուսաստանից, Ռուսաստանը, ինչպես գիտեք, աշխարհում զենքի երկրորդ արտահանողն է, այսինքն՝ Ռուսաստանը զենք է դուրս բերում շուկա, իսկ Ադրբեջանը, ինչպես և շատուշատ այլ երկրներ, գնում են այդ զենքը, այսինքն՝ սրանում չկա որևէ քաղաքական բաղադրիչ։

«Երկրորդ հանգամանքն այն է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները պահվում են նաև առևտրի միջոցով, քանի որ այդ զենքը ծառայություններ մատուցելու կարիք ունի, ուղեկցման կարիք ունի։ Այսպիսով Ռուսաստանը, պահպանելով հարաբերություններն Ադրբեջանի հետ, մեծապես կառավարում է Ադրբեջանին, ցանկանում եմ, որ ճիշտ լսեք այդ բառը՝ «կառավարում է»։ Հարաբերությունների բացակայությունն այդ կառավարման բացակայությունն է, եթե մենք պահպանում ենք շփումը, ուրեմն կարող ենք ազդել, եթե ոչ, ապա ազդել չենք կարող, բայց զենքն ամեն դեպքում կլինի, քանի որ Ադրբեջանը վճարում է միլիարդավոր դոլարներ այդ զենքի դիմաց։ Այսինքն՝ շփումն ավելի լավ է, քան դրա բացակայությունը, իսկ այս դեպքում Ռուսաստան-Ադրբեջան շփումներն ի օգուտ Հայաստանի են, քանի որ ապրիլյան պատերազմի ընթացքում այդ շփումը, փոխհարաբերվելու հնարավորությունն իր դերակատարությունն ունեցավ պատերազմի դադարեցման հարցում։ Կա մեկ այլ նրբություն ևս՝ Հայաստանը ստանում է զենք Ռուսաստանից, բայց ոչ միշտ՝ «կոշտ» գներով, ինչ Ադրբեջանը, այսինքն՝ կոշտ գումարներ Ռուսաստանը ստանում է Ադրբեջանից, զարգացնում է իր ռազմաարդյունաբերությունը և զինամթերք է ուղարկում Հայաստան։

Պատկերացնում եք, չէ՞։ Չեմ ցանկանում ասել, որ Ադրբեջանը գնում է զենք Հայաստանի համար Ռուսաստանի միջոցով, բայց եթե բացարձակ մերկ սխեմա գծենք, ապա նման մի էլեմենտ կա այս ամենում։ Ռուսաստանը ստիպված է մտածել այս տարածաշրջանում հավասարակշռության մասին և այս տարածաշրջանի խաղաղության մասին, քանի որ Ադրբեջանի տնտեսությունը շատ ավելի արագ է զարգանում, քան ՀՀ տնտեսությունը, այնտեղ այլ հնարավորություններ են։ Ուստի այստեղ ես կոչ կանեի ավելի բարդ մտածողություն կիրառել, քան «իսկ Դուք, Ձեր զենքը», հետո՞ ինչ։

Եթե ոչ մերը, ապա ուրիշինը, հարցը դա չէ, ինքնին զենքը չի կրակում, կրակում են մարդիկ, թե ում զենքն է, բացարձակ կապ չունի, դրանում քաղաքական բաղադրիչ չկա, եթե նույնիսկ այն կա, այն ուղղված է տարածաշրջանի խաղաղությանն այս բարդ մեխանիզմի հաշվին»,- նման կերպ բացատրեց ռուս-ադրբեջանական զենքի գործարքների նպատակը Դմիտրի Կիսելյովը։

Տեսանյութեր

Լրահոս