ՀԱԿ-ն առաջարկում է հաղթանակի դեպքում 2018 թ-ին անցկացնել նախագահական ընտրություններ. մեկնարկեց Կոնգրես-ՀԺԿ քարոզարշավը. tert.am
tert.am-ը գրում է. Խորհրդարանական ընտրություններին մասնակցող Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ծրագրային սկզբունքներից, ծրագրային դրույթներից է «շնորհապետություն» կառուցելու գաղափարը, որն այլ լեզուներով կոչվում է՝ մերիտոկրատիա: Այս մասին այսօր քարոզարշավի մեկնարկին ասաց դաշինքի երրորդ համարը զբաղեցրած, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով նշեց, որ ընտրություններին իրենց դաշինքը ներկայանում է խաղաղության ծրագրով:
ՀԺԿ նախագահ, Կոնգրես-ՀԺԿ ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Դեմիրճյանն իր խոսքում անդրադարձավ Արցախյան հակամարտությանը: «Խաղաղ կարգավորումը կնպաստի մեր երկրում առկա արատավոր քաղաքական-տնտեսական համակարգի առողջացմանը: Իհարկե, չի կարելի մեր երկրի այսօրվա ծանր վիճակը կապել, արդարացնել Ղարաբաղյան հակամարտությամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ խաղաղության հաստատման հետ միասին կարևորագույն խնդիրներն են՝ երկրում ժողովրդավարական ընտրությունների միջոցով ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն ձևավորելը, օրինականություն հաստատելը, կոռուպցիայի դեմ իրական պայքար ծավալելը: Ըստ նրա՝ կոնկրետ քայլեր պետք է իրականացնել երկրում սոցիալական արդարության հաստատման համար:
«Մենք պետք է ձգտենք խաղաղության, բայց միաժամանակ պետք է լուծենք մեր ներքին խնդիրները և որքան մենք ամուր լինենք այնքան արդյունավետ արտաքին քաղաքականություն կարող ենք իրականացնել»,- ասաց նա:
ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի հինգերորդ հորիզոնականում գտնվող Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենց դաշինքը համարում է ամենաինտելեկտուալը: «Մեր ցուցակում ավելի շատ մշակույթի, արվեստի գործիչներ են, գիտնականներ, հայտնի քաղաքական-հասարակական գործիչներ: Մեր ծրագրում ամենածավալունը գիտություն, կրթություն, մշակույթ բաժինն է: Մենք շատ խիստ հանգամանորեն ենք կազմել այս ծրագիրը, այն հավակնոտ է, համարձակ է»,-ասաց նա և նշեց, որ պետք է ազատ, ստեղծագործ քաղաքացի ունենալու հնարավորություն տրվի:
Ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող Զոյա Թադևոսյանը նշեց, որ մեր երկրում այնպիսի պետական հաստատություններ են գործում, որոնք դրևսորում են «գիշատչական» բնույթ, քանի որ այնպիսի տնտեսվարման պայմաններ են ստեղծվում, որոնք ամբողջովին ծառայում են պետական իշխանությունը բռնազավթած, պետական պաշտոնյաների կորպորատիվ շահերին, իսկ հասարակության իրավունքները ոտնահարվում են:
«Հայաստանի տնտեսական դաշտը սեփականաշնորհված է, որն արտացոլվում է մենաշնորհների տեսքով, ինչը թույլ չի տալիս, որ քաղաքացին, ձեռնարկատերը կարողանա օգտվել բոլոր օրինական հնարավորություններից»,-ասաց նա:
Ցուցակում 19-րդ համարը զբաղեցրած Վլադիմիր Կարապետյանն ասաց, իրենց իշխանության գալով վերականգնվելու է նախագահական-խորհդարանական Սահմանադրական մոդելը: «Մենք առաջարկում ենք մեր հաղթանակի դեպքում 2018 թվականին անցկացնել նախագահական ընտրություններ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: