Ղրղըզստանը պատասխանել է Ադրբեջանի՝ Հայաստանին սատարելու վերաբերյալ մեղադրանքներին. պաշտոնական մեկնաբանություն

Ղրղըզստանի արտգործնախարարությունը բացատրել է, թե ինչու երկիրը չի միացել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում օրեր առաջ կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ամփոփիչ հայտարարության քաղաքական կետերին, հայտնում է sputnik.kg-ն:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ «միանգամայն անհասկանալի է» Ղրղըզստանի դիրքորոշումը, որը չի միացել ամփոփիչ հայտարարության քաղաքական կետերին:

«Հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանում զարգացումը, խաղաղությունն ու անվտանգությունն ուղղակիորեն կապված են կայուն զարգացման ու կայունության հետ։
Այդ պատճառով Ղրղըզստանի դիրքորոշումը բացարձակապես անհասկանալի է։ Նման դիրքորոշումը լուրջ հարց է առաջացնում, թե ում ջրաղացին է նա ջուր լցնում»,- հայտարարել էր Հաջիևը։

Բացի այդ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ ամփոփիչ հռչակագրում խոսվում է երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու մասին՝ համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների:

Ղրղըզստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «ափսոսանքով է ընդունել Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ռեակցիան՝ կապված Ղրղըզստանի՝ հռչակագրի քաղաքական կետերին չմիանալու հետ»:

«Կարծում ենք, որ տվյալ տարածաշրջանային միավորումը կոչված է լուծել առաջին հերթին տնտեսական բնույթի հարցեր:

Պատվիրակությունների մեծ մասը հանդես է եկել այն բանի օգտին, որպեսզի չքաղաքականացվի ինչպես կազմակերպությունը, այնպես էլ Իսլամաբադի հռչակագիրը:
Միևնույն ժամանակ, Ղրղըզստանը չի խոչընդոտել հռչակագրի ընդունմանը, այլ զերծ է մնացել դրա քաղաքական կետերին հավանություն տալուց»,- հայտարարել է Ղրղըզստանի ԱԳՆ-ն:

Ղրղըզստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ երկիրը, ինչպես Ադրբեջանի հետ երկկողմ մակարդակում, այնպես էլ բազմակողմ ձևաչափում մշտապես հետևողականորեն հանդես է գալիս տարածքային վեճերի խաղաղ կարգավորման օգտին՝ համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի:

Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին մասնակցող երկրների ղեկավարների ամփոփիչ հայտարարության մեջ անհանգստություն էր արտահայտվում, որ կազմակերպության տիրույթում չլուծված հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, խոչընդոտում են տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանի պոտենցյալի՝ ողջ ծավալով իրացմանը, տարածաշրջանային ու ավելի լայն ձևաչափով համագործակցությանը։

Փաստաթղթում արտացոլվել էր նաև «արտաքին օկուպացիայի» գործոնը։

Տեսանյութեր

Լրահոս