«Ելք» դաշինքը պատրաստվում է հաղթարշավի. «Մենք նոր քաղաքական մշակույթ ենք բերում»

«Ելք» դաշինքն իրականացնելու է ոչ թե քարոզարշավ, այլ հաղթարշավ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց դաշինքի ցուցակը գլխավորող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Շատ պոզիտիվ, շատ վստահ, ամբողջությամբ պատկերացնելով, թե ինչով ենք զբաղվելու այս ընթացքում, և ինչի համար է այս ամեն ինչն իրականացվում, և պետք է ասել, որ մերը քարոզարշավ էլ չի, հաղթարշավ է, մենք պետք է հաղթելով, արձանագրելով այդ հաջողությունները՝ շարժվենք առաջ»,- ասաց Մարուքյանը։

Նա ներկայացրեց, որ դաշինքի քարոզարշավը կսկսվի մարտի 5-ին, Արամ Սարգսյանը քարոզչություն կիրականացնի հարավային շրջաններում՝ Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք, նա նաև վերջինում տարածքային ցուցակով է առաջադրված, Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում, Սասուն Միքայելյանը՝ Գեղարքունիքում և Կոտայքում, Էդմոն Մարուքյանը՝ հյուսիսային շրջաններում՝ Արագածոտն, Լոռի, Տավուշ, Շիրակ, տեղերում առաջադրված «Ելք» դաշինքի թեկնածուների հետ միասին։ Մարտի 19-ից դաշինքի առաջնորդները կմիավորվեն և միասին կքարոզեն հանրապետության բոլոր խոշոր քաղաքներում։ Նաև կիրականացվի 2 ավտոերթ, մարտի 5-ին կայցելեն Եռաբլուր, քանի որ այդ օրը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Իսկ մարտի 5-ի երեկոյան Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կներկայացնեն ծրագիրն ու դրամահավաք կիրականացնեն։

««Ելք» դաշինքը նոր քաղաքական մշակույթի դաշինք է, մենք նոր քաղաքական մշակույթ ենք բերում և նորարարություն»,- ասաց Է.Մարուքյանը։

Կարդացեք նաև

Դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարեց, որ «Ելքն» այն եզակի դաշինքն է, որ հասավ նախընտրական շրջան՝ առանց որևէ կորուստների, առանց խժդժությունների. «Մեր փոխգործակցությունը՝ ոչ միայն առաջին երեք համարների, այլև թիմային մակարդակով շատ ավելի սերտ է դարձել, և վստահությունը 100% է, ինչն ինձ համար գլխավոր գրավականն է հաջողություն ունենալու»։

Նա նշեց, որ վերահսկում են նախընտրական գործընթացները, ակտիվիստների կամ վստահված անձանց մասով որևէ ուժային կամ զգուշացման տարրեր չեն եղել, գրասենյակների մասով որոշակի բարդություններ եղել են, բայց նաև եղել են դեպքեր, երբ իրենց նվիրել են գրասենյակներ, անգամ ոստիկանները՝ տեսնելով մեքենայի ետևում փակցված «Ելքի» լոգոտիպը, ժպիտով են ճանապարհում ու հաջողություն մաղթում։

«Օր օրի համախոհներն ավելանում են»,- ասաց Ա.Սարգսյանն ու հավելեց, որ հակված են լուրջ արդյունքներ գրանցելու։

Դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ դաշինքի շուրջ շատ լավ մթնոլորտ է ձևավորված։  Անդրադառնալով վերջին օրերին տարբեր թեկնածուների թիմակիցների միջև տեղի ունեցած միջադեպերին՝ Փաշինյանը նշեց, որ դրանք խոսում են քաղաքական ուժերի մասին, ովքեր կարող են ընտրական պրոցեսը դնել այնպիսի մարդկանց ուսերին, որոնք կարող են մարդ դանակահարել. «Այսինքն՝ դա նաև ինֆորմացիա է հանրությանը, թե ինչպիսի ընտրություն է իրենց առջև կանգնած»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս