«Դա «փուչիկ» էր, և ժամանակը ցույց տվեց, որ «շուլերություն» է». Հովհաննես Իգիթյան

«Ասոցացման համաձայնագրի համար 4 տարի իրոք անհրաժեշտ էր, որովհետև դրա անվանումն էլ արդեն ասում է, որ միավորում ես ստեղծում: Դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է ԵՄ անդամ դառնար, բայց դա նշանակում էր, որ Հայաստանը պետք է գործեր նույն չափանիշերով, ինչպիսին որ այդ ընտանիքն է գործում: Բոլոր առումներով Հայաստանը պետք է համապատասխաներ ԵՄ անդամ երկրներին: Իհարկե, Հայաստանը պետք է որոշ քայլեր աներ, որոնք ծախսատար էին՝ կապված, օրինակ, Հայաստանում արտադրվող ապրանքների սերտիֆիկացման և այլնի հետ, որը պահանջում էր և՛ ժամանակ, և՛ գումար: Եվ այդ բոլոր հարցերն այդտեղ ընդգրկված էին: Դրա համար այդքան ժամանակ տրվեց՝ այդ ստանդարտներին համապատասխանելու համար»,- այսօր կազմակերպված «Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիր. ի՞նչ արդյունքներ ակնկալել ավարտված բանակցություններից» թեմայով քննարկման ընթացքում այս մասին ասաց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Բրյուսելում գտնվող Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ բանակցությունները Շրջանակային համաձայնագրի շուրջ ավարտվել են: Նախագահը նաև նշել էր, որ նոր իրավական փաստաթուղթը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը:

Ինչ վերաբերում է արդեն վերոնշյալ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, Հովհաննես Իգիթյանն ընդգծեց՝ այս փաստաթղթի ստորագրումը 3 տարի տևեց երկու հիմնական պատճառով. «Առաջին՝ իրոք դա շոկ էր՝ բոլորի, այդ թվում՝ ՀՀ կառավարության համար, որ 2013թ. Հայաստանը սառեցրեց այդ ամբողջ աշխատանքը: Երկրորդ՝ ոչ Ռուսաստանը, ոչ Հայաստանը չգիտեին՝ ինչ է նշանակում Մաքսային միությունը, որը հետագայում վերածվեց ԵՏՄ-ի: Այստեղ Հայաստանն անընդհատ փորձում էր հարաբերություններ ստեղծել ԵՄ հետ՝ չջղայնացնելով ԵՏՄ-ին: Ոչ ոք չգիտեր՝ որքանով նոր համաձայնագիրը պետք է խորը լինի, որ չխանգարի Հայաստանի այդ պարտավորություններին: Եվ եկանք նրան, ինչ ունենք այսօր: Այս նոր պայմանագրից գրեթե ամբողջությամբ հանվել է նախորդ համաձայնագրի հիմնական մասը՝ խորը և համապարփակ ազատ առևտրային գոտու ստեղծումը»:

Նրա խոսքով՝ այսօր ստեղծվում է գործընկերության համաձայնագիր. «ԵՄ-ն ասում է, որ Հայաստանն իր գործընկերն է, ընդ որում՝ նրա գործընկերը նաև Չինաստանն է, Ադրբեջանն է, այսինքն՝ աշխարհի ցանկացած միավոր կարող է գործընկեր լինել: Այն, ինչ պարոն Տուսկը հայտարարեց՝ կապված էներգետիկայի, հակակոռուպցիոն համակարգի և այլնի հետ, ես չեմ տեսնում, թե ինչպես մենք կարող ենք այստեղ համագործակցել. գոնե Էներգետիկայի 90%-ը Ռուսաստանինն է: Բայց բոլոր դեպքերում, եթե փորձենք պոզիտիվ նայել, ապա գոնե կունենանք այն բազիսը, ինչի շուրջ կարելի է բանակցել, խոսել, նկատել՝ ինչն է պակաս, ինչն է ավել»:

Նա նաև նկատեց, որ այս համաձայնագրի ստորագրումը հնարավոր եղավ, որովհետև նախ՝ ԵՏՄ-ն՝ որպես տնտեսական միավոր, չաշխատեց. «Երկրորդ՝ Ռուսաստանը թուլացավ: Ռուսաստանը և՛ քաղաքական, և՛ տնտեսական իզոլյացման մեջ է: Նրա վրա դրված պատժամիջոցները լուրջ տնտեսական խոչընդոտ են: Երրորդ՝ հենց ԵՏՄ-ի անդամները ցույց տվեցին, որ չի կարելի լուրջ ակնկալիքներ ունենալ այդ կառույցից: Տեսեք՝ ինչ արեց Ղազախստանը հենց ԵՏՄ-ի ստեղծման պահին. նա հասցրեց գնալ ԵՄ և ստեղծել մի համաձայնագիր, և արդեն ԵՏՄ համաձայնագիրը ստորագրելու ժամանակ նրանք մի անոնս գրեցին, որ այնքանով են համաձայն ԵՏՄ-ին, ինչքանով դա չի հակասում իրենց շահերին և իրենց այլ միջազգային հարաբերություններին: Մեր կառավարությունը փորձում էր տնտեսական զարգացման այնպիսի բում ներկայացնել, որ հիմա ամբողջ աշխարհը կգա Հայաստան, և մեր կառավարությունը դարպաս կբացի՝ դեպի Ռուսաստան: Դա «փուչիկ» էր, և ժամանակը ցույց տվեց, որ «շուլերություն» է»:

Նա ընդգծեց՝ մեր եվրոպացի գործընկերն ասաց, որ ԵՄ հարաբերությունները Հայաստանի հետ կարելի է նմանեցնել փորձերին՝ ստեղծել խորը և համապարփակ հարաբերություններ արդեն ամուսնացած կնոջ հետ, և այնպես, որ ամուսինը չխանդի. «Իսկ Ռուսաստանը բավականին խանդոտ է, և ցանկացած հարաբերություն Եվրոպայի հետ նա ընդունում է՝ որպես իր դեմ ուղղված քայլ»:

Տեսանյութեր

Լրահոս