
Քլիմթի «Գյուղական այգի» կտավը 60 մլն դոլարով վաճառվել է աճուրդում

Ավստրիացի հռչակավոր գեղանկարիչ Գուստավ Քլիմթի վրձնի «Գյուղական այգի» (Bauerngarten) նկարը վաճառվել է գրեթե 60 միլիոն դոլարով: Այս մասին հաղորդվում է Sotheby՚s աճուրդային տան կայքում:
Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի ոճերով ստեղծված՝ արվեստի ստեղծագործությունների աճուրդը կայացել է մարտի 1ի երեկոյան Լոնդոնում:
Գնորդը, որի անունը չեն հայտնում, կտավի համար վճարել է 47,97 միլիոն ֆունտ ստեռլինգ (59,3 միլիոն դոլար): Sotheby՚sում ընդգծել են, որ տարբեր աճուրդային տների կողմից Եվրոպայում գեղանկարչության գործերի աճուրդների անցկացման ամբողջ
պատմության ընթացքում դա մեծությամբ երրորդ գումարն է, որն ստացվել է նկարի վաճառքից:
Կազմակերպիչների կարծիքով՝ «Գյուղական այգին» լավագույն գործերից մեկն Է, որը երբեւէ հանվել է աճուրդի:
«Գյուղական այգին» Քլիմթը նկարել է 1907 թվականին, իր, այսպես կոչված, ստեղծագործության ոսկե շրջանում: