Բաժիններ՝

««Հաց բերող» Արթուրի հացադուլն ուշադրություն գրավելու հարց չի»․ Եղիշե Պետրոսյան

Արդեն 20-րդ օրն է՝ Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել։ 27 պատգամավոր հանդես է եկել կոչով՝ ի պաշտպանություն Արթուր Սարգսյանի։ Մտավորականներն առանձին ստորագրահավաք են անցկացրել։

Այսօրվա ասուլիսում Անահիտ Բախշյանն ու երգահան Եղիշե Պետրոսյանն անդրադարձան «հաց բերողի» խնդրին՝ իշխանություններից պահանջելով ազատ արձակել նրան: «Այն դեպքում, երբ «հաց բերող» գեղեցիկ ածականը կրող մարդը, ով հաց գոյականի հետ է ասոցիացվում, ինքնազոհության գնով հաց տարավ այդ մարդկանց ու բանտարկվեց, ապա սա նշանակում է, որ բոլոր այն արժեքները , որ կապված են հացի հետ, այս իշխանությունը ցեխոտում է ու հերթական ընդվզման առիթ է տալիս»,- նշեց Անահիտ Բախշյանը։

Ըստ երգահան Եղիշե Պետրոսյանի՝ Արթուրի Սարգսյանին երկրորդ անգամ բանտարկելը կապ ունի ընտրությունների հետ, որովհետև որպես ակտիվ, գնահատված ֆիգուր՝ ըստ երևույթին վտանգ էր ներկայացնում իշխանություններին։

Ինչ վերաբերում է զարգացումներին, ապա, Եղիշե Պետրոսյանի կարծիքով՝ մինչև «Մարտի մեկը» չբացահայտվի, մենք ոչ մի անգամ ընտրություններ չենք կարող ունենալ.  «Որովհետև կեղծողը գիտի, որ անպատիժ է, կկեղծի, գնդակահարողը գիտի, որ անպատիժ է, կգնդակահարի։ Այնպես որ, մենք մտածելու շատ բան ունենք ազգովի։ Սա ոչ մի երկրի չի սազում, առավել ևս՝ մեզ, որ համարվում ենք քաղաքակրթության ակունքների ազգ, ու իրականում այդպես էլ եղել է, բայց հիմա ո՞ւր ենք մենք հասել»։

«Արթուրը մարդու այն տեսակն է, որ խիզախության բարձրագույն դրսևորում ցույց տվեց և դեռ ցույց կտա։ Այնպես որ, իր հացադուլը զուտ ուշադրություն գրավելու հարց չի։ Ես շատ անհանգիստ եմ Արթուրի համար, որովհետև նա մինչև վերջ գնացող տղա է, ու Աստված չանի՝ իրեն մի բան պատահի։ Չեմ կարծում, որ Արթուրն այն ֆիգուրն է, որ կարող է կործանել այս իշխանությունը»,- ասաց Եղիշե Պետրոսյանը։

Խոսելով ի պաշտպանություն Արթուր Սարգսյանի նստացույց անողների մասին՝ Անահիտ Բախշյանն ասաց․

«Այսօր մեկ անգամ էլ կարող ենք փաստել, որ հասարակությունը, ժողովուրդը  ճնշված է, սեղմված է, արդարություն չկա, օրենք չի գործում մեր երկրում, կամ շատ ընտրովի է գործում։ Այսօր ընդվզելու, ըմբոստանալու առիթները ժողովրդի համար շատ-շատ են։ Ելք չի գտնում ժողովուրդն օրինական ընտրության ճանապարհով իշխանությունը փոխելու և իր վստահելի մարդկանց իշխանության բերելու համար, և դուրս է գալիս բողոքի։ Այն մարդիկ, ովքեր նստացույց են անում, ուզում են ասել, որ իրենք էլ են պատրաստ ինքնազոհության։ Ի՞նչ է ուզում ասել իշխանությունը, ասում է․ «Ընդվզեք, բոլորիդ կփակեմ, գլուխս կախ, խաղաղ կապրեմ։ Ուզում եք՝ ձեզ կոտորեք, ինչ ուզում եք՝ արեք»։ Սա այն իշխանությունը չէ, որին պետք է սատարի հասարակությունը»։

Եղիշե Պետրոսյանն անդրադարձավ նաև մյուս քաղբանտարկյալներին՝ ասելով.

«Կուզեի հանրության ուշադրությունը հրավիրել մյուս քաղբանտարկյալների ուղղությամբ, որովհետև սա շատ լուրջ իրավիճակ է ստեղծում։ Սովետական Միության ժամանակ մեր քաղբանտարկյալները եղել են 5 հոգի, 6, մաքսիմում 7, իսկ հիմա մի քանի տասնյակ մարդիկ են գտնվում ճաղերի հետևում, մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք, որովհետև խղճի բանտարկյալներ անհարիր է, որ ունենանք մեր երկրում։ Եթե ուզում ենք երկիր կառուցել, նախ պետք է լուծենք այս հարցերը»։

Անահիտ Բախշյանը կոչ արեց իշխանությանը. «Իշխանությո՛ւն, դուք եք մեր հասարակությունը, բոլորը ձեր ձեռքին են նայում, ու այն քայլով, որով Արթուրին հանգիստ կթողնեք, վստահ եղեք, որ անձամբ ես կգնահատեմ, կասեմ՝ հետ կանգնեցիք վրեժի ոչ քրիստոնեական զգացմունքից»։

Նա նաև կոչ արեց Ամենայն Հայոց կաթողիկոսին. «Վեհափա՛ռ Տեր, խնդրում ենք միջամտել և Ձեր հայրական խրատը բերել այս իշխանություններին, որ այս մարդատյաց գործողություններն էլ չանեն, Արթուրին էլ ազատ արձակեն։ Դրանով դուք իրենց վստահեցրեք, որ Աստծո բարկության լավան որ իջնելու է իրենց գլխին, մի քիչ կթուլանա»։

«Եթե իշխանությունն անհաղորդ մնա բոլոր այն պատգամավորների, մտավորականների կոչերին, որոնք հանդես են եկել՝ ի պաշտպանություն Արթուր Սարգսյանի, ապա սա հրաշալի առիթ կլինի, որ մեր ժողովուրդը գնա և համատարած «ոչ» ասի Հանրապետական կուսակցությանը, իշխանությանը, չքվեարկի նրա օգտին։ Էլ ի՞նչ է պետք մեր ժողովրդին, որ համոզվի , որ այս իշխանությունը մարդատյաց իշխանություն է։ Չեմ հասկանում՝ իրենց դո՞ւր է գալիս այս ածականները, որ իրենց ասում ենք»,- եզրափակեց Անահիտ Բախշյանը։

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս