«Սումգայիթի ջարդերը կրել են ուղղորդված հակահայկական բնույթ»
Սումգայիթի ջարդերից անցել է արդեն 29 տարի: Թե ի՞նչ է եղել իրականում, ի՞նչ ունենք այսօր` դեպքերից 29 տարի անց, ինչո՞ւ մինչև հիմա այս ջարդերը չեն ստացել համապատասխան բնորոշումը. Այսօրվա ասուլիսում այս հարցերի շուրջ իրենց գնահատականները հնչեցրեցին «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանն ու ԵՊՀ դասախոս, պատմաբան Գևորգ Մելքոնյանը:
«Իրականում Սումգայիթը եղել է զգուշացում ոչ միայն՝ Սումգայիթի ժողովրդի համար, այլև՝ ամբողջ հայության համար, որոնք, իրենց իսկ պատմական հողերի վրա ապրելով, ոչ իրենց կամքով ժամանակին միացված են եղել Ադրբեջանին: Սովետի ժամանակ Սումգայիթի ջարդերը կոչում էին խուլիգանություն, ու հենց Սովետական Միության պատճառով է, որ մինչև հիմա չի գտել համապատասխան բնորոշումը: Ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Մոսկվայում չէին պատկերացնում, որ այս ցեղասպանական գործողություններն ամենևին էլ պատահականություն չէին, աննախադեպ չէին, այլ իրականում սկիզբ էին դնում մի ամբողջական գործընթացի, որը պետք է կոչվեր սովորական ցեղասպանություն»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանի խոսքերով` Սումգայիթի դեպքերը ցեղասպանության այն միակ գործողություններից են, որոնք քիչ թե շատ փաստաթղթերով ապացուցված են` լինի դա ցուցմունքների՞ տեսքով, թե՞ վճիռների: Բոլորովին այլ է` արդյո՞ք այդ վճիռները հետագայում իրականացվեցին, թե՞ ոչ: «Բաքվի, Գանձակի, Մարաղայի դեպքերում մենք քիչ ունենք ավելի հստակ պետական մակարդակով այնպիսի փաստաթղթեր, ինչպիսինն է Սումգայիթինը»:
Շարունակելով փաստաթղթերի վերաբերյալ Լարիսա Ալավերդյանի դիտարկումները` պատմաբան Գևորգ Մելքոնյանն ասաց. «Այս դեպքերը շատ փաստաթղթերով պահպանված են: Սումգայիթի դեպքերից հետո ստեղծվեց մի հանձնաժողով, որը զբաղվում էր այս խնդրով: Հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ դեպքերը կրել են էթնիկ զտման տարրեր: Այս դեպքերը կրել են ուղղորդված հակահայկական բնույթ: Ունենք առնվազն 25 գործ, որ ապացուցում են, որ սա եղել է պլանավորված պետական քաղաքականություն»:
ԵՊՀ դասախոս, պատմաբան Գևորգ Մելքոնյանը ներկայացրեց երեք խնդիր, որ ունենք սումգայիթյան դեպքերից 29 տարի անց: Դրանք են՝ մինչև այսօր լուծված չեն տեղահանված, ջարդերի ենթարկված, Սումգայիթի հանյության ոչ իրավական, ոչ փոխհատուցման խնդիրները: Եվ մենք այսօր ունենք Ադրբեջանի կողմից ակադեմիական մակարդակով փաստերը բացահայտ խեղաթյուրելու փորձեր: Վերջին տարիներին Ադրբեջանի պատմության ինստիտուտի կողմից հրատարակվում են աշխատություններ, որտեղ 1988-ի դեպքերը ներկայացնում են ոչ թե ադրբեջանցի խուժանի արարք, այլ ներկայացնում են հայերի կողմից հրահրված դեպք»:
Խոսելով ապրիլյան դեպքերի մասին` Լարիսա Ալավերդյանն ասաց. «Երբ ապրիլի երկուսին մենք տեղեկացանք այն դեպքերի մասին, երբ գլուխ էին կտրում, Հայաստանում շատերը ցնցվեցին, բայց հիմա ստիպված եմ ասել, որ սրանք առաջին անգամ չէին, այսպիսի դեպքեր արդեն եղել են Սումգայիթում, և դրանք նկարագրված են այն ցուցմունքներում, որ տալիս էին ականատեսները: Շատ հատկանշական է, որ դատական ընթացքի ժամանակ ամենաշատ վկայությունները քաղվել են հենց Ադրբեջանի քաղաքացիներից: Սա է պատճառը, որ տեղի ունեցածը ես բնութագրում եմ քաղաքակրթությունից դեպի բարբարոսություն հետընթաց: Ուստի ապրիլի 2-ն այս առումով չպետք է մեզ զարմացնի»:
Իսկ թե ինչո՞ւ Սումգայիթի ջարդերը նույն հնչողությամբ չեն բարձրաձայնվում միջազգային ատյաններում, ինչքան 2015 թվականի Ցեղասպանությունը, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Սրա ակունքներում այն է, որ Սովետական Միության ժամանակ ընդունված չի եղել խոսել, որ ցեղասպանություն տեղի է ունեցել և՛ Արևմտյան Հայաստանում, և՛ արդեն սովետական հանրապետություններում: Սրա մասին արգելված է եղել բարձրաձայնել: Անգամ անկախությունից հետո էլի ձևակերպումը նույնը մնաց. Արևմտյան Հայաստանում իրականացվել է ցեղասպանություն: Մենք մինչ այսօր տեղյակ չենք պահում լայն հանրությանը, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել, դա համապատասխան կազմակերպությունների կողմից խիստ կոնֆիդենցիալ ինֆորմացիա է համարվում: Մենք խնդիրներ ունենք մեր իսկ պատմաբանների հետ, որոնք պետք է ընդլայնեն այս դաշտը»:
Անի Թորոսյան