«Ղարաբաղյան կոնֆլիկտ գոյություն չունի». Աշոտ Մանուչարյան

«1992 թվականից սկսած ստեղծվել է մի համակարգ, որը կոնֆլիկտը կառավարելու համար է: Մեզ մոտ անընդհատ խառնում են Մինսկի գործընթացը՝ համարելով կոնֆլիկտը կարգավորելու համակարգ, բայց դա կոնֆլիկտը կառավարելու համակարգ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան կոնֆլիկտ անվանումից սկսած՝ կեղծիքը մտնում է.

«Ղարաբաղյան կոնֆլիկտ գոյություն չունի: 1988 թվականին շարունակվել է մի կոնֆլիկտ, որը 100-ամյակ է տևել մինչ այդ, բայց ակտուալիզացվել է Խորհրդային Միության փլուզման գործընթացների հետ միասին: Լեգենդ է հայտարարված, որ 1992 թվականին Ղարաբաղը հայտարարեց անկախություն, որից հետո սկսեց կոնֆլիկտ, և կան օկուպացված տարածքներ, որ զավթել է Ղարաբաղը»:

Ըստ Ա. Մանուչարյանի՝ այդ լեգենդը ստեղծվել է, որ կոնֆլիկտն անընդհատ պահպանվի, որպեսզի տարածաշրջանում կարողանան լուծել կարևորագույն հարցեր.

«Այդ կոնֆլիկտն արհեստականորեն պահպանվում է Մինսկի խումբ կոչվածի կողմից: Մինչև սա չհասկանանք՝ անընդհատ մեզ պատեպատ ենք տալու, իսկ մեր երիտասարդներին տալու են զոհասեղանին, որպեսզի իրականացվի այն, ինչ կա: Այս իմաստով՝ այս կոնֆլիկտը ոչ մի բանով չի տարբերվում Մերձավոր Արևելքի երկրներում հրահրված արհեստական կոնֆլիկտային վիճակներից»:

Ա. Մանուչարյանի խոսքով՝ ԵԱՀԿ-ն անընդհատ այդ սպանությունների ռեժիմը պահպանում է: Նա կարծում է՝ պետք է պահանջել ԵԱՀԿ-ից, որպեսզի այդ կառույցը հետաքննություն անցկացնի՝ սահմանում գրանցված միջադեպերի հետ կապված.

«Սարսանգի հետ կապված՝ ինչպե՞ս ԵԱՀԿ-ն հետաքննություն անցկացրեց և հրահրեց ապրիլյան պատերազմն իր բանաձևերով: Մենք պետք է իրերն իրենց անուններով կոչենք, իսկ եթե սեթևեթելու ենք, ինչպես մեր պատգամավորներն են անում, որպեսզի իրենց տաքուկ տեղերը պահպանեն, ապա մենք մասնակից ենք սպանության: Ամեն մի պատգամավոր, որը մասնակցել է մի փաստաթղթի, որտեղ գրված է «օկուպացված տարածք», նա մարդասպան է, որովհետև օկուպացած տարածք գոյություն չունի»:
ՀՀԿ հիմնադիրներից Կարապետ Կարապետյանն էլ նշեց, որ հիմա ոչ մի նոր բան չի կատարվում: Կատարվում է այն, ինչ կատարվել է արդեն սկսած զինադադարից՝ 1994 թվականից. «Դա հնարավոր է դառնում այն պատճառով, որ այդ հարցերի լուծումը տարվեց ոչ ճիշտ ճանապարհով»:

Կ. Կարապետյանը նույնպես համաձայն է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտ չկա.

«Ղարաբաղյան հարցն ընդամենը մի փոքր մասն է Հայաստանի պետականության խնդիրների, որն առաջացել է պետականության բացակայության տարիներին»:

Ըստ նրա՝ այս լարվածությունը կշարունակվի մինչ այն պահը, երբ մենք վերջապես կհասկանանք, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրները բացարձակապես ուրիշ պատճառներ ունեն: Նրա խոսքով՝ Հայաստանը սեփական խնդիրները լուծելու կամք և ցանկություն չունի: Կ. Կարապետյանը վստահ է՝ ընտրություններից առաջ Ազգային ժողովում պետք է բարձրացնել ռուս-թուրքական պայմանագրի հարցը, որից էլ, նրա խոսքով, բխում են մեր երկրի բոլոր խնդիրները:

Տեսանյութեր

Լրահոս