«Անվտանգության մարմնավորումը Սերժ Սարգսյանն է, առաջընթացի խորհրդանիշը մեզ համար նոր կառավարությունն է՝ ի դեմս Կարեն Կարապետյանի». Արմեն Աշոտյան
Ակնհայտ է, որ գալիք խորհրդարանական ընտրությունները մրցակցային են լինելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Մրցակցային ասելիս՝ նկատի չունենք միայն մասնակից քաղաքական ուժերի քանակը, որը բավականաչափ է՝ շարքային ընտրողին ընտրության հնարավորություն տալու համար։ Նկատի ունենք նաև այն հանգամանքը, որ առաջադրված քաղաքական ուժերը գաղափարական լայն հորիզոն ունեն»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ թեպետ շատ քաղաքական ուժեր չեն հրապարակել նախընտրական ծրագիրը, բայց կարգախոսների առաջին վերլուծությունը թույլ է տալիս փաստել, որ նրանք փորձել են սեփական քաղաքական ամբիցիաները համադրել հասարակության ակնկալիքների հետ։
«Ուզում եմ հատուկ շեշտել Հանրապետական կուսակցության մոտեցումը։ Մենք փաստացի միակն ենք, որ քաղաքական կարգախոսների շրջանակներում ընդգծել ենք Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրը։ Այս հանգամանքը պարզապես թելադրված չէ այն իրավիճակով, որ ՀՀԿ նախագահը, ՀՀ նախագահը Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ոչ էլ այն պատճառով, որ պաշտպանության նախարարը համապետական ցուցակում մեր առաջին համարն է։
Իրականում անվտանգային գործոնը կարևորագույններից մեկն է տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի ապագայի համար»,- ասաց Արմեն Աշոտյանը։ Նա նշեց, որ, թեև տեսականորեն կարելի է ասել, որ գաղափարախոսական պայքար կլինի, բայց մինչև ծրագրերի հրապարակումը դժվար է ասել՝ արդյոք ընտրությունը կլինի՞ Հայաստանի զարգացման հեռանկարի մոդելների շուրջ, արդյոք ընտրողը, ծանոթանալով քաղաքական ուժերի ծրագրերին, մոտեցումներին, կկարողանա՞ ընտրել ոչ միայն մարդկանց, ում հավատում է, այլև Հայաստանի զարգացման մոդել։
«Քաղաքական ընտրությունները ենթադրում են ոչ միայն անձերի ընտրություն, այլև երկրի զարգացման մոդելի ընտրություն։ Հուսամ, որ մոտ ապագայում ծրագրերի հրապարակումը թույլ կտա մեր ընտրողին ծանոթանալ նաև զարգացման այլընտրանքային ուղիների, օրինակ՝ ազատական, սոցիալիստական զարգացման ուղիներ, տնտեսության, քաղաքականության, ներքին կյանքում առաջադրվող օրակարգային այլ գերակայություններ։ Պետք է նաև շեշտել, որ Հայաստանն անմասն չի մնացել նաև եվրոպական քաղաքական զարգացումներից։ Այս տեսակետից եվրոպական քաղաքական տարածքում գլուխ են բարձրացնում այն նոր քաղաքական ուժերը, որոնք այլընտրանքային օրակարգ են առաջարկում, որոնք մարդկանց առաջարկում են բարդ հարցերի հեշտ լուծումներ»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ իրենց ծրագիրը խարսխված է լինելու կուսակցության գաղափարախոսության վրա. «Ինձ համար, վստահ եմ՝ ձեզ համար ևս, արդեն տեսանելի է, որ հանուն, այսպես ասած, կարճաժամկետ էֆեկտի, ամբոխահաճության, կան քաղաքական ուժեր, որոնք հռչակում են մի քաղաքական սկզբունք, բայց նախընտրական արշավին գնում են բացառապես այլ մոտեցումներով և լոզունգներով»։
Հարցին, թե քաղաքական ուժերից ո՞ւմ է Հանրապետական կուսակցությունը տեսնում՝ որպես մրցակից, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ գալիք ընտրություններին, դրանից առաջ և հետո իրենց համար թիվ մեկ մրցակիցը Հայաստանի՝ դեռևս չլուծված խնդիրների փաթեթն է. «Մենք մրցում ենք, և ուզում ենք հաղթել Հայաստանի առջև ծառացած խնդիրներին, և ոչ թե որևէ քաղաքական ուժի գերակայություն տալ»։
Դիտարկմանը, որ ռեյտինգային ընտրակարգն անգամ նույն կուսակցության ներկայացուցիչներին միմյանց դեմ է հանել, և դեպքեր են գրանցվել, երբ վեճի են բռնվել նույն տարածքում առաջադրված անձինք, Արմեն Աշոտյանն արձագանքեց, որ ընտրություններն իրենց համար կարևոր են ոչ միայն արդյունքով (Հանրապետականը նույնպես ուզում է հաղթել այս ընտրություններին). հաղթելուց առաջ կարևոր է ընտրությունների որակը.
«Մենք ուզում ենք հաղթել որակյալ, օրինական, ազատ, արդար, կամարտահայտությունը չսահմանափակող ընտրություններում։ Ընտրությունը պետք է լինի որակյալ, և մենք ցանկանում ենք հաղթել այդ ընտրություններին։ Սա է մեր մոտեցումը, բանաձևը, հետևաբար՝ ընտրապայքարը ևս պետք է մաքսիմալ օրենսդրության շրջանակնրում լինի։ Այո՛, գործող օրենսդրությունը հնարավորություն է տալիս ընտրական տարածքներում մրցակցել նաև նույն կուսակցության տանիքի, ցուցակի ներքո։
Սա փրայմերիզի նման մի բան համարեք, երբ համապատասխան տարածքի ընտրողները հնարավորություն ունեն ընտրել նաև մարդկանց, ովքեր լավագույնս կներկայացնեն իրենց շահերը։
Այս տեսակետից այդ մրցակցությունն օրինական է՝ իր ձևակերպումներով, իր գաղափարական հենքով, նաև քաղաքական է։ Մյուս տեսակետից, իհարկե, կան դեպքեր, որոնք այդ մրցակցությունը քաղաքական հարթությունից դուրս պայքարի են վերածում։ Այդ դեպքերին արձագանք պետք է տրվի և տրվում է։ Ոստի նաև շաբաթ օրը կայացած խորհրդակցության ընթացքում, որը վարել է կուսակցության ղեկավարը, հատուկ շեշտադրում է արվել ընտրությունների օրինականության և քաղաքական պայքարի՝ քաղաքակիրթ լինելու հրամայականի վրա։
Բնական է՝ ցավոք սրտի, բոլոր խոշոր միջոցառումները (լինի համազգային ընտրություն որևէ երկրում, օլիմպիադա, ֆուտբոլի աշխարհի առաջնություն, «Եվրատեսիլ» և այլն), որոնք հարյուր-հազարավոր մարդկանց են ներառում, նաև ավելի մեծ դաշտ են ստեղծում այս կամ այն անակնկալների կամ միջադեպերի համար։ Ընտրությունները նույնպես բացառություն չեն, բայց այդ միջադեպերը չեն կարող որոշիչ դառնալ, և այդ միջադեպերն ընտրությունների վրա ստվեր նետող երևույթներ չեն լինելու։ Հանրապետականները մաքսիմալ կերպով պահելու են օրենքի շրջանակը և՛միմյանց միջև ընտրարշավի ընթացքում, և՛ այլ քաղաքական ուժերի հետ մասնակցելով գալիք ընտրություններին»։
Արմեն Աշոտյանը նշեց նաև, որ դեռևս նոյեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ, եթե Հանրապետականը հաղթի այս ընտրություններին, Կարեն Կարապետյանը կլինի վարչապետն ապրիլյան ընտրություններից հետո.
«Որոշ քաղաքական ուժեր, որոնք ունեին նման երևացող դեմքեր, գնացին մեր ետևից և ասացին՝ եթե մենք հաղթենք, կլինի, օրինակ՝ Հրանտ Բագրատյանը։
Որոշ քաղաքական ուժեր, քանի որ առերես լուծել են իրենց ցուցակի կազմավորման ներքին խժդժությունների խնդիրները, բայց պաշտոնների բաշխման բարձրաձայնման հետընտրական շրջանում դեռևս չեն դրսևորել այդ խիզախությունը կամ չունեն այդ խարիզմատիկ լիդերներին, որոնց այսօրվանից կարող են ներկայացնել հասարակությանը, չեն ասում՝ ով է լինելու վարչապետն իրենց հաղթանակի դեպքում։ Մենք շատ պարզ ասում ենք՝ Կարեն Կարապետյանը կշարունակի ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կառավարության մեջ՝ որպես վարչապետի թեկնածու մեր հաղթանակից հետո»։
Հարցին՝ կարելի՞ է ասել, որ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելով՝ ՀՀԿ-ն նախընտրական շրջանում շատ ավելի մեծ վստահություն ունի, ինչը պայմանավորված է նրա անձով, Արմեն Աշոտյանն ասաց, որ վարչապետը չունի իր հաճոյախոսության կարիքը, բայց Հանրապետականն ընտրություններին գնում է մի քանի կերպարներով.
«Մեր կարգախոսը երկու բաղադրիչ ունի՝ անվտանգություն և առաջընթաց։ Անվտանգության մարմնավորումը բոլոր դեպքերում՝ և՛ ի պաշտոնե, և՛ իր կենսագրությամբ, և՛ ապրած կյանքով, և՛ գործունեությամբ, երկրի նախագահն է՝ Սերժ Սարգսյանը՝ Ղարաբաղյան ազատամարտից՝ մինչև այսօր։ Առաջընթացի խորհրդանիշը մեզ համար նոր կառավարությունն է՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, բայց մենք գնում ենք նաև կուռ քաղաքական թիմով։
Երբ նայում եք համապետական ցուցակը, տեսնում եք, որ մեր առաջին եռյակը, հնգյակը, տասնյակը, քսանյակը քաղաքական է, Հանրապետականի թիմը հստակ պատրաստ է ընտրությունների, և այնպես չէ, որ հույսներս բացառապես նախագահի կամ բացառապես վարչապետի կերպարների վրա է։
Մենք ուժեղ ենք միասին, և սա է Հանրապետական կուսակցության հաջողության գաղտնիքը, երբ անկախ բոլոր տեսակի տարաձայնություններից, ձեր ասած՝ ռեյտինգային, քարոզարշավային գերակայություններից, այնուհանդերձ, միասնական ենք, երբ հերթը հասնում է՝ քաղաքականության մեջ դրսևորել ինտելեկտ, կազմակերպվածություն և նպատակ»։