«Կարող է կրկնվել քառօրյա լարվածության սցենարը կամ դրա շատ ավելի վատ տարբերակը». Ֆելգենգաուեր

«ԼՂ հակամարտության կողմերը վերջին տասնամյակի ընթացքում ինտենսիվորեն պատրաստվել են պատերազմի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին ժամերին բռնկված լարվածությանը և այս գոտում պատերազմի վերսկսման հավանականությանը:

Հիշեցնենք, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակի փոխանցմամբ, փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ հայկական կողմը չունի զոհեր, իսկ ադրբեջանական զանազան աղբյուրները հայտնում են մի քանի տասնյակ զոհերի մասին:

Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ամենևին էլ նոր իրավիճակի հետ չէ, որ գործ ունենք: Ըստ նրա՝ նման տեղային հարձակումները, դիվերսիոն ներթափանցման փորձերը եղել են և լինելու են, դրանց կողմերն ավելի քան պատրաստ են: Ավելին, վերլուծաբանի խոսքով, կողմերը ոչ միայն պատրաստ են դիմադրել ռազմական այս մանր նախաձեռնություններին, այլև շատ ավելի լայնածավալ գործողությունների, քանի որ կողմերը վերջին տասնյակ տարիների ընթացքում ինտենսիվորեն զինվել են, ներկայումս շարունակում են զինվել՝ դիտարկելով պատերազմի վերսկսման հավանականությունը՝ որպես իրատեսական սցենար: Սա, նրա համոզմամբ, ռազմական գիտության միտումները հաշվի առնելով՝ նշանակում է մեկ բան, որ պատերազմն անխուսափելի է:

«Փաստորեն, այսօր կողմերը ոչ միայն զինվում են, այլև չեն բանակցում, միմյանցից ակնկալում են անիրատեսական զիջումներ, հակամարտությունը ժամանակ առ ժամանակ օգտագործում են ինչ-ինչ այլ խնդիրներ լուծելու համար, ինչը կողմերը չափազանց հստակ են հասկանում, թե ինչ է նշանակում: Այսինքն՝ բացակայում է այս հակամարտության քաղաքական բաղադրիչը, որը կարող էր փրկել իրավիճակը կործանարար հետևանքներից, միևնույն ժամանակ՝ ամրապնդելով ռազմական բաղադրիչը: Սա շատ ցավալի իրավիճակ է, բայց իրականությունը սա է. կողմերը պատրաստվել են պատերազմին գիտակցաբար:

Այստեղ հարցը միայն այն է, թե երբ կլինեն այդ լայնածավալ գործողությունները և ինչ տեսքով, դրանք նույնիսկ կարող են սկսվել հանկարծակի սխալի, սադրանքի հետևանքով, այսինքն՝ քաոտիկ կերպով, քանի որ մշտական կրակոցները, զինտեխնիկայի պարբերական տեղաշարժը հակառակորդը շատ հաճախ գուցեև սխալ ընկալի և շատ ավելի անհամարժեք պատասխան տա, քան այդ պահին անհրաժեշտ էր: Կարող է կրկնվել քառօրյա լարվածության սցենարը կամ դրա շատ ավելի վատ տարբերակը, սակայն պնդեմ նաև, որ կողմերը դրան պետք է որ պատրաստ լինեն, քանի որ պատերազմները միանգամից չէ, որ տեղի են ունենում: Հակամարտող կողմերը նկատում են ծանր զինտեխնիկա շփման գծին մոտ, ապա՝ դրա տեղաշարժ, ստորաբաժանումների կուտակումներ, և այլն, և այլն, սա մեկ օրում տեղի չի ունենում, ուստի այն համոզմանն եմ, որ որևէ կողմի համար անակնկալ հարված կամ պատերազմի անակնկալ մեկնարկ չի կարող լինել»,- մանրամասնեց Պավել Ֆելգենգաուերը:

Նրա կարծիքով՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի պահպանմանը և քաղաքական գործընթացի մեկնարկին չի նպաստում նաև իրավիճակն աշխարհում. Անկայունությունը՝ Դոնբասում, Սիրիայում, Թրամփ-Պուտին հարաբերությունների անորոշ ապագան, Ռուսաստանի, ԱՄՆ-ի գերզբաղվածությունն այս խնդիրներով:

«Ներկայումս որևէ գերտերության, այդ թվում՝ Ռուսաստանի համար, որն այս տարածաշրջանում ձգտում է պահպանել իր ազդեցության դիրքերը, ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակն առաջնահերթություն չէ: Փորձը ցույց է տալիս, որ միջնորդները վերադառնում են տարածաշրջանում տիրող իրավիճակին այն ժամանակ, երբ ահազանգ է հնչում, և, երբ իրավիճակն արդեն թևակոխում է շատ ավելի վտանգավոր փուլ:

Նոր լարվածության դեպքում ևս, ավանդույթի համաձայն, գերտերությունները գործելու են այս սխեմայի համաձայն, գոհացնի դա կողմերին, թե ոչ: Խնդիրները չափազանց շատ են՝ դրանք բոլորը վերահսկելու նպատակով ռեսուրսներ տրամադրելու համար, ուստի կողմերը գործողություններ սկսելուց առաջ պետք է չափազանց լուրջ վերլուծության ենթարկեն այդ գործողությունների հնարավոր հետևանքները»,- նշեց ռուս ռազմական փորձագետը՝ հավելելով, որ լայնածավալ գործողությունների հետևանքները չափազանց կործանարար կարող են լինել տարածաշրջանի համար, քանի որ հակամարտող կողմերը լուրջ զինտեխնիկայի են տիրապետում: Հարցին, թե ինչպիսի զարգացումներով է հետաքրքրված Մոսկվան, Ֆելգենգաուերը պատասխանեց, որ Մոսկվան հետաքրքրված է հրադադարի պահպանմամբ, ինչի համար ներկայումս լուրջ միջոցներ ներդնելու ռեսուրս չունի, քանի որ առաջնահերթությունները շատ ավելի շատ են: «Սակայն, երբ հնչի ահազանգը, Մոսկվան կանի այն, ինչ արեց նախորդ տարի, և այն, ինչ արել է միշտ, երբ գործողությունների իրատեսական վտանգ է ստեղծվել. փորձելու է ապահովել հրադադար, երբ տեղեկություն ստանա, որ իրավիճակը դուրս է վերահսկողությունից»,- ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:

Տեսանյութեր

Լրահոս