«Քվեարկության վայրը փոփոխության ենթարկելն անօրինական չէ, այնպես չէ, որ Վրաստանից են մարդ բերում»
Հարցազրույց ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ
– Պարոն Շարմազանով, տեղեկություններ են տարածվել, որ ՀՀԿ-ականներից ոմանք իրենց պատկանող ընկերություններում կամ իրենց հարազատների ղեկավարած ընկերություններում աշխատողներին պարտադրում են վերագրանցվել այլ հասցեում` իրենց ընտրատարածքներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
– Նախ` պարտադրանք ասելը ժողովրդավարական հասարակության համար արդեն զարմանալի է։ Ես կարծում եմ` մեր ժողովուրդն այնքան ազատ է, այնքան բարձր է ինքնագիտակցությունը, որ պարտադրանք ասելը համահունչ չէ այսօրվա ո՛չ քաղաքացիական, ո՛չ էլ քաղաքական իրադրությանը։ Երկրորդ` այդ հարցն ինձ չպետք է ուղղեք։ Վերագրանցվելը կամ քվեարկության վայրը փոփոխության ենթարկելն անօրինական չէ։
Ոստիկանությունն այդ մասին պաշտոնապես պարզաբանում տվել է, նաև` Նիկոլ Փաշինյանի հայտարարության կապակցությամբ, ես ավելացնելու բան չունեմ։ Ինքս կարող եմ վերահաշվառվել, քանի որ գրանցված եմ Ալավերդի քաղաքում, շատ հնարավոր է, որ զբաղվածության պատճառով քվեարկեմ Երևանում։ Ո՞րն է խնդիրը։ Այնպես չէ, որ Վրաստանից են մարդ բերում։ Ի՞նչ է, X ընտրատարածքում Հանրապետականն առաջադրվելու է, Y-ում չի՞ առաջադրվելու։ Բոլոր տեղերում էլ առաջադրվելու է։ Ավելին, օրենքը լավ չեն կարդացել` պարտադիր չի գրացումից դուրս գալ ուրիշ տեղ քվեարկելու համար։ Ես կարող եմ դիմել պետական համապատասխան կառույցին, նշել, որ ես այդ օրերին չեմ լինելու տվյալ վայրում, այլ լինելու եմ այստեղ։ Կարևորը, որ ընտրողը կրկնաքվեարկություն չանի, քվեարկի 1 վայրում։ Ընտրողի խնդիրն է` Ալավերդիո՞ւմ, թե՞ Երևանում քվեարկել։
– Խնդիրն այն է, որ X ընտրատարածքում տվյալ թեկնածուն որոշակի ազդեցություն ունի և իր շահն է առաջ տանում։
– ՀՀԿ բոլոր թեկնածուներն իրենց ընտրատարածքում ֆավորիտ են, և որևէ ընտրատարածք չկա, որտեղ Հանրապետականը ֆավորիտ չի։ Եվ սա լոկալ ՏԻՄ ընտրություն չի, որ Երևանից տանեն Լոռիում գրանցեն, կամ հակառակը։ Բոլոր տեղերում էլ մրցապայքար լինելու է։
– Կրկնակի քվեարկությունը բացառո՞ւմ եք, ինչպե՞ս վերահսկել։
– Այո, որևէ խնդիր չկա, հրապարակվում են ցուցակները։ Նաև Լևոն Զուրաբյանն ու այլ ընդդիմադիր գործիչներ են ասել, որ այս Ընտրական օրենսգրքով գործնականում որևէ կեղծարարություն, որևէ կրկնաքվեարկություն բացառվում է։ Թող այսօրվանից իրենց անգործությունը ՀՀԿ-ի վրա չդնեն, թող գնան ժողովրդի հետ աշխատեն, քարոզեն, ներկայացնեն իրենց ծրագիրը։
– Ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ նախարարներից հաշված անձինք են ընդգրկվել ՀՀԿ ցուցակում։
– Դա մեր ռազմավարությունն է եղել, և որոշել ենք հիմնականում ընդգրկել այն գործիչներին, ովքեր կաշխատեն պառլամենտում, իսկ գործադիրից էլ ներկայացրել ենք նրանց, ովքեր աշխատում են գործադիրում` ընդգրկված լինելով առաջին տասնյակում։ Մենք չենք ցանկացել արհեստականորեն ուռճացնել նախընտրական ցուցակը։ Այսինքն` բերեինք 100-120 հոգանոց ցուցակ ներկայացնեի՞նք` 64-ի փոխարեն, հետո դնեինք մարզպետներին, փոխմարզպետներին, նախարարներին, փոխնախարարներին հանեի՞նք։ Ո՛չ։ Սա շատ ավելի հստակ է։ Մենք ասում ենք` ժողովո՛ւրդ ջան, մենք գնում ենք պառլամենտական ընտրության, ու մենք այս թիմով ենք աշխատելու պառլամենտում։
Քանի որ պառլամենտական պետության մեջ հիմնական դերակատար արդեն լինելու է քաղաքական ուժը, որն ունի մեծամասնություն, և հիմնական որոշումները կայացվելու են պառլամենտում, կառավարությունն այլևս, այդ թվում` վարչապետը, հաշվետու է պառլամենտին, բնականաբար, մենք շատ անկեղծ ասում ենք` ժողովո՛ւրդ ջան, սա է մեր ցուցակը։ Մենք չենք ասում` մենք այսպես գնում ենք, հետո ղուշ ու գիր կգցենք, կտեսնենք` էդ 100 հոգուց ով կանցնի պառլամենտ։ Կուսակցություն կա, 300 հոգանոց ցուցակ է ներկայացնում, դրանով պարծենում է։ Հաստատ ՀՀԿ-ի չափ ոչ մեկը չէր կարող ներկայացնել, բայց մենք արհեստական ուռճացման ճանապարհով չենք գնացել, և այսպես ավելի արդյունավետ է, որպեսզի նաև ավելի անկեղծ լինենք ընտրողի հետ։
– Կարեն Կարապետյանը հարցազրույցում հայտարարել է, որ 2018թ. կբավարարի բնակության վայրի հետ կապված օրենքի պահանջը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ եթե ՀՀԿ-ն հաջորդ ԱԺ-ում մեծամասնություն կազմի, 2018-ից հետո վարչապետի պաշտոնին հավակնում է Կարապետյանը։
– Նախ` այն, որ 2017թ. ՀՀԿ-ի հաջողության դեպքում Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել` որպես հանրապետության վարչապետ, նորություն չէ, դրա մասին նախագահը խոսել է։ 2018-ի վերաբերյալ` կապրենք, կտեսնենք։ Ես չեմ կարող ասել, թե 1.5 տարի հետո ինչ կլինի քաղաքական դաշտում։ Մեր այսօրվա թիվ 1 խնդիրը` կազմակերպել նորմալ ժողովրդավարական ընտրություններ, հասնել հաջողության, ստանալ ժողովրդի վստահությունը, իսկ դրանից հետո` օրը կգա, բարին` հետը։