«Ապրիլի 2-ն էր, դրսում ուժեղ անձրև էր գալիս, մենք էլ շատ անհանգիստ էինք, Աղասիից լուր չունեինք…»
Ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված հետախույզ Աղասի Ասատրյանի ծննդյան օրն է: Երկու քույրերի՝ Հռիփսիմե եւ Ռիտա Ասատրյանների համար Աղասին միշտ եղել է շատ հոգատար եղբայր, ով ամեն հարցում կանգնած էր նրանց կողքին: Հռիփսիմեն դպրոցական տարիներին չարաճճիության հետեւանքով ստացված կոտրվածքներով է հիշում եղբորը:
«Աղասին շատ աշխույժ էր, ամեն տեղ, ամեն ինչում կար, մշտապես վազքի մեջ էր: Դրա հետ մեկտեղ եղբայրս շատ դրական մարդ էր, շատ ընկերասեր. երբ ընկերներին, նրանց ընտանիքներին ինչ-որ բանով օգնելու կարիք կար, միշտ պատրաստ էր: Շատ լավ եմ հիշում մեր մանկության օրերը, մեր խաղերը, այն, որ միշտ մի զբաղմունք ստեղծում էինք, որ օրերը լավ անցնեին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում վերհիշում է հերոսի քույրը:
Նա պատմում է, որ Աղասին ծառայության անցավ մեծ ոգեւորությամբ, միշտ ասում էր՝ «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը». «Ոչ մի անգամ ծառայությունից հետ չի կանգնել, միշտ ցանկացել է գնալ բանակ, ասում էր՝ մյուս տղաներից ինչո՞վ եմ պակաս, որ չգնամ: Երբ զանգում էինք, ասում էր՝ ամեն ինչ լավ է, ոչնչի կարիք չունի: Աղասին առհասարակ հարմարվող էր, հենց նոր շրջապատ էր մտնում, միանգամից մարդկանց սիրտը գրավում էր, բանակային միջավայրին էլ շատ շուտ հարմարվեց: Բոլորը նրան սիրում էին. Աղասին կա՛մ փոքր, կա՛մ մեծ եղբայր էր: Ավարտել էր Մասիսի գյուղատնտեսական քոլեջը, մի նպատակ ուներ՝ բանակից գալ ու Երեւանում բարձրագույն կրթություն ստանալ»:
Հռիփսիմեն Աղասիի հետ վերջին անգամ խոսել է մարտի 31-ին, երբ եղբայրը պատրաստվում էր բարձրանալ դիրքեր, ասել էր, որ տեղ հասնելուն պես զանգի կամ գրի:
«Ապրիլի 2-ն էր, հիշում եմ՝ դրսում ուժեղ անձրեւ էր գալիս, մենք էլ շատ անհանգիստ էինք, Աղասիից լուր չունեինք: Սրան-նրան էինք զանգում, որ գոնե մի բան իմանայինք, քեռուս սկզբում ասել էին, որ Մասիսից ոչ մի զոհ կամ վիրավոր չկա, մի փոքր հանգստացել էինք, բայց դե ապրիլի 4-ին արդեն մեզ ասացին: Չգիտեմ՝ այս պատերազմը ամբողջ ազգի համար էր մեծ ցավ, բայց ես երեւի միշտ էլ եղբորս կսպասեմ, որ գա, դուռը բացի, ժպտա ու ասա՝ ես եկել եմ: Հիմա էլ, որ զինվորի եմ հանդիպում, նրա մեջ եղբորս եմ տեսնում, ուզում եմ մոտենալ, գոնե բարեւել ու հարցնել՝ ինչպես է»,- նշում է քույրը:
Վլադիմիր Խեչոյանի հետ Աղասին անցկացրել է մանկության, պատանեկության լավագույն տարիները, միասին սովորել են, ծրագրեր կազմել ապագայի համար, միասին նախապատրաստվել ծառայության: «Եթե ինչ-որ մեկին նվիրվում էր, ապա մինչեւ վերջ, շատ բաների դեմ գնալով ամեն ինչ կաներ այդ մարդու համար: Հիշում եմ մեր խոսակցությունը. մինչ բանակ գնալը բակում ֆուտբոլ էինք խաղում, երկուսս էլ ասում էինք, որ հաստատ Արցախ ենք գնալու: Ինչ-որ մի բան հուշում էր, որ միասին ենք գնալու:
Ես երեք օր շուտ գնացի: Նրան ասացի, որ փոխի օրը, ինձ հետ գա, ասաց՝ լավ նշան չէ: Ես Հադրութում էի, Աղասին՝ Թալիշում: Չնայած կարեւորը դա չէր, շատ ավելի կարեւոր էր, որ երկուսս էլ լավ էինք տրամադրված: Աղասին ուզում էր գալ, իր տունը կառուցել, գործը կիսատ թողեցինք ու գնացինք բանակ, ես եկա ու հիմա էլ օգնում եմ, որ շինարարությունը ավարտին հասցվի»,-պատմում է Վլադիմիրը:
Ընկերները մշտական կապ էին պահպանում անկախ նրանից, որ ծառայում էին Արցախի տարբեր շրջաններում: Վլադիմիրը ասում է, որ եղբայր չունի, բայց Աղասին նրա համար եղբայր էր: «Մենք շատ էինք վստահում իրար: Գիտեք, ես, իրոք, այսքան տարիների ընթացքում Աղասիի նման մարդ չեմ հանդիպել, անչափ անկեղծ էր: Չնայած կատակասեր էր, բայց մեկ-մեկ, որ կատակում էի, փոքր երեխայի պես նեղանում էր ու գնում, չէինք բարիշում, մինչեւ չգնայի, չհամոզեի»,- հիշում է Վլադիմիրը, ով ընկերոջ հետ պատահածի մասին իմացել է շատ ուշ՝ դեպքից երկու ամիս անց: Համացանցում պատահաբար կար դացել ու անմիջապես զանգել է տուն:
«Եթե իմանայի, հաստատ կփախչեի ու կգայի: Ինձնից թաքցրել են, կարդացի ու չէի հավատում, նույնիսկ կողքիս զինվորին եմ տվել, որ մեկ անգամ էլ նա կարդա: Զանգեցի տուն, ծնողներս ասացին՝ այդպիսի բան չկա, Աղասին արձակուրդ է գալու, ես էլ ասացի՝ ինչ եք խոսում, ինչ արձակուրդ: Զանգեցի քրոջս, չխաբեց, ճիշտն ասաց»:
Վլադիմիրը շատ բաներ է հասկացել պատերազմի ընթացքում, բայց չի ուզում, որ այն երբեւէ վերսկսվի. «Իրոք չէինք պատկերացնում, որ նման բաներ կարող են լինել, բայց եղան: Այդ պահին դու ոչնչի մասին չես մտածում, պարզապես չես ուզում, որ դա քեզնից այն կողմ անցնի, որովհետեւ քո հետեւում հայրենիքն է, ժողովուրդը, ընտանիքդ ու ընկերներդ: Ես իմ ընկերոջը իր լավ բնավորությամբ կհիշեմ: Մի քանի օր առաջ Աղասիին երազումս տեսա: Հենց այնպիսին էր, ինչպիսին ես հիշում եմ նրան: Գնացել էի զորամաս նրան տեսնելու, հետո չգիտեմ՝ ինչպես հայտնվեցի նրանց տանը: Հեռախոսով խոսում էի նրա հետ, ասում էի՝ Աղասի, անպայման պետք է գաս, որ ծնունդիդ ներկա լինես, ինձ ասում էր՝ փող չկա: Ես խոստացա, որ կուղարկեմ ու նորից պնդում էի, որ պարտադիր պիտի գա: Այդտեղ երազս ընդհատվեց»:
Սյուզի Մուրադյան