Ինչ է հետևելու 6.5%-անոց աճին
2017 թվականի առաջին տվյալներն արդեն հայտնի են. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց 2017 թվականի հունվարի նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։
Ամենակարևորը, թերևս, տնտեսական ակտիվության ցուցանիշն է (ՏԱՑ)։ Ըստ ԱՎԾ-ի` տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվարին` 2015 թվականի նույն ամսվա նկատմամբ, կազմել է 106.5 (այսինքն` տնտեսական ակտիվությունն աճել է 6.5%-ով)։
Ճիշտ է, սա դեռ տարվա սկիզբն է, և մեկ ամսվա կտրվածքով դատողություններ անելն այնքան էլ ճիշտ չէ, սակայն 6.5%-ը վատ ցուցանիշ չէ։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ 2016 թվականի հունվարին համեմատության բազան բավականին բարձր է։
Հիշեցնենք, որ 2016-ը նույնպես խոստումնալից էր սկսվել. 2016-ի հունվարին` 2015-ի հունվարի համեմատ, ՏԱՑ-ը 4.3% էր, փետրվարին հասավ 5.4%-ի, մարտին` 6.7%։ Դրանից հետո ամսական կտրվածքով աճի տեմպը սկսեց թուլանալ և հունիսին` նախորդ տարվա հունիսի նկատմամբ, նվազեց մինչև 1.8%։
Իսկ տարվա երկրորդ կեսին ցուցանիշները դարձան անկումային։ Ամենախոր անկումը գրանցվեց 2016 թվականի հոկտեմբերին. 2015-ի նույն ամսվա նկատմամբ 7.7% նվազում։ Միայն նոյեմբերին գրանցվեց 2.6% աճ, սակայն դեկտեմբերը նորից անկումային եղավ։
Սրա արդյունքում` վատթարացավ տնտեսական ակտիվության աճողական (ժամանակահատվածային) ցուցանիշը։ Եթե առաջին կիսամսյակին (2016-ի հունվար-հունիսին) ունեինք տնտեսական ակտիվության 4.9% աճ, տարվա արդյունքներով (հունվար-դեկտեմբեր) աճի տեմպը նվազեց մինչև 0.5%։
ՀՆԱ-ի իրական աճի տեմպը 2016 թվականի համար դեռ չի հրապարակվել, սակայն դժվար չէ ենթադրել, որ այն կլինի նշված 0.5%-ի սահմաններում, այսինքն` նախատեսվածից շատ ավելի ցածր։
2017 թվականի համար, ըստ պետական բյուջեի, նախատեսվում է 3.2% տնտեսական աճ։ Կհաջողվի՞ ապահովել աճի այդ ցուցանիշը։ Հունվարյան 6.5%-ը վատ սկիզբ չէ, սակայն հենց նույն նախորդ տարվա օրինակը ցույց է տալիս, որ դրա հիման վրա լավատեսական դատողություններ անել չի կարելի։
ՀՀ տնտեսության վրա բացասաբար ազդող գործոնները տեսանելի ապագայում թուլանալու միտում չունեն։ Մասնավորապես, Ռուսաստանի տնտեսական աճը 2017 թվականին, ըստ կանխատեսումների, կլինի միջինը 1%-ի սահմաններում։ Այսինքն` դրամական փոխանցումների ներհոսքի զգալի աճ չի կարելի ակնկալել։
Ինչ վերաբերում է ներքին միջավայրին, ապա պետությունը 2017 թվականի համար որդեգրել է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն։ 2016 թվականի համեմատ պետական ծախսումները զգալիորեն կրճատվելու են, ինչը բացասական ազդեցություն է թողնելու տնտեսական աճի վրա։
Բացի այդ, ապրիլին ունենք խորհրդարանական ընտրություններ, իսկ մայիսին նախատեսված են Երևանի ավագանու ընտրությունները։ Իսկ ընտրական պրոցեսները որոշակի սպասողական տրամադրություններ ու անորոշություն են առաջ բերում և նույնպես որոշ չափով ազդում տնտեսական ակտիվության վրա` բացասական իմաստով։
Մյուս կողմից, սակայն, ՀՀ Կենտրոնական բանկն է շարունակում թուլացնել դրամավարկային քաղաքականության պայմանները։ 2017 թ. փետրվարի 14-ին Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 6.0%։ Սա բավականին ցածր դրույք է. վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ 6% սահմանվել է 6 տարի առաջ` 2010 թվականի փետրվարին։
Ընդհանուր առմամբ` 2016 թվականի սկզբից մինչ օրս վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել է 2.75 տոկոսային կետով։ Սա կարող է որոշ չափով աշխուժացնել տնտեսությունը` ակտիվ վարկավորման միջոցով, սակայն, ինչպես նշել ենք նախկին հրապարակումներից մեկում, վերաֆինանսավորման տոկոսադրույքը գնաճը կարգավորելու համար նախատեսված դրամավարկային գործիք է, և տնտեսական աճ ապահովելու համար միայն դրա վրա հույս դնել չի կարելի։
Աճ ապահովելու միակ ռեսուրսը ներդրումներն են։ Կառավարությունը խոստանում է 2017 թվականին ապահովել մի քանի հարյուր միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ։ Նախորդ շաբաթվա վերջին գործարկվեց նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից նախաձեռնված ներդրումային ծրագրերի օնլայն հարթակը, որի միջոցով ներկայացված են մի քանի տասնյակ պատրաստի ներդրումային ծրագրեր` ամենատարբեր ոլորտներում։ Սակայն ներդրումների հոսքի մասին առայժմ հնարավոր չէ խոսել։
Վերադառնալով 2017 թվականի հունվարյան ցուցանիշներին, նշենք, որ 2016 թվականի հունվարի համեմատ աճ է գրանցվել տնտեսության բոլոր ճյուղերում` բացառությամբ շինարարության։
Այսպես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.2%-ով և կազմել 108.1 մլրդ դրամ։ Գրեթե նույն չափով` 12.1%-ով, աճել է ծառայությունների ոլորտը, ծավալը` 96.2 մլրդ դրամ։ Գյուղատնտեսության աճի տեմպը ցածր է` 0.2%, հունվարին գյուղոլորտի արտադրանքի ծավալը 16 մլրդ է եղել։ Իսկ շինարարությունը կրճատվել է 5.3%-ով. հունվարին իրականացվել է 7.6 մլրդ դրամի շինարարություն։
Ներքին առևտրաշրջանառության ծավալը հունվարին կազմել է 128.8 մլրդ դրամ, ինչը 9.4%-ով գերազանցում է 2016-ի նույն ամսվա ցուցանիշը։
Արտաքին առևտրաշրջանառությունը շեշտակի աճ է գրանցել։ 2017 թվականի հունվարին ՀՀ արտաքին առևտրի ծավալը կազմել է 358.7 մլն դոլարը, ինչը 45.5%-ով շատ է 2016 թվականի հունվարի ցուցանիշից։ Այդ թվում, արտահանումն աճել է 35.4%-ով և կազմել 121.5 մլն դոլար։ Իսկ ներմուծման աճի տեմպն ավելի բարձր է` 51.4%. այս տարվա հունվարին հանրապետություն է ներկրվել 237.2 մլն դոլարի ապրանքներ։