«Մենք նման գումարներ չէինք հատկացնի ՀՀ-ին, եթե կարծեինք, որ Հայաստանը նույն որակի ընտրություններն է անցկացնելու». Պյոտր Սվիտալսկի. «Գալա»

ԳԱԼԱ-ի բացառիկ հարցազրույցը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ:

– Արդեն պարզ դարձավ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակը: Ի՞նչ ակնկալիք կա առաջիկա խորհրդարանական ընտրություններից: 

– Կարող եմ կրկնել այն, ինչ բազմիցս ասել եմ, որ այս ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանի համար: Փոփոխված սահմանադրությամբ առաջին ընտրություններն են, որ Հայաստանը կիսանախագահականից անցում է կատարելու խորհրդարանական համակարգի:

Բայց, իհարկե, ամեն ինչ կախված է այն վճռական պահերից, որոնք առաջանում են ընտրությունների ժամանակ: Յուրաքանչյուր իշխանություն, որը երբևէ որոշի ստանձնել այն պատասխանատվությունը, որը որ բխում է ՀՀ քաղաքացիների ակնկալիքներից նման վճռական պահերին, քանզի բոլորը կարծում եմ համաձայն կլինեն այն բանի հետ, որ չափազանց վճռական ժամանակահատված է Հայաստանի և Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար:

Յուրաքանչյուր իշխանություն, որն իր ուսերի վրա կվերցնի, պետք է միաժամանակ իր վրա վերցնի, առաջին հերթին, թափանցիկ, արդար, իրավական, օրինական ընտրությունների կազմակերպման պատասխանատվությունը, դրանով իսկ սկսի այդ արմատական բարեփոխումների գործընթացը: Հենց այդ պատճառով էլ, ևս մեկ անգամ հասկանալով այս ընտրությունների կարևորությունը, ԵՄ-ն դրական է արձագանքել ՀՀ կառավարության խնդրանքին՝ ֆինանսական աջակցություն տրամադրելու պատշաճ ստանդարտներին համապատասխան ազատ, արդար ընտրությունների անցկացման նպատակով:

Եվրամիությունը տրամադրել է ավելի քան 7 մլն եվրո, որն ուղղվելու է ընտրությունների նոր տեխնոլոգիայով անցկացման աշխատանքի իրականացմանը:

Ավելի քան 300.000 եվրո Եվրամիությունը հատկացրել է ազգային մակարդակով դիտորդական առաքելությունների կազմակերպման ուղղությամբ, որն առաջին հերթին ուղղվելու է ՀԿ-ների կողմից ընտրությունները վերահսկելու գործին:

Հարյուր հազարավոր եվրոներ հատկացնելու ենք ԵԱՀԿ-ին և Եվրախորհրդին տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստանին օգնելու երկարաժամկետ աջակցության տրամադրման նպատակով: Որովհետև հավատում ենք, որ Հայաստանում կան պայմաններ ավելի լավ ընտրություններ կազմակերպելու համար:

Իսկ լավ ընտրությունները նշանակում են ավելի ամուր քաղաքական մանդատ իշխանությունների համար, ավելի մեծ հնարավորություն ավելի ազատ ընտրություն կազմակերպելու համար:

– Եթե այս ընտրությունները Հայաստանում անցնում են այնպես, ինչպես միշտ, եթե լինում են աղաղակող խախտումներ, եթե իշխանությունները վերարտադրվում են բիրտ մեթոդներով, ո՞րն է լինելու ԵՄ անելիքը, հնարավո՞ր է փաստաթղթի ստորագրումը դրվի կասկածի տակ:

– Կարծում եմ ակնհայտ է, որ մենք նման գումարներ չէինք հատկացնի ՀՀ-ին, եթե կարծեինք, որ Հայաստանը նույն որակի ընտրություններն է անցկացնելու կամ Հայաստանին վիճակված է կրկնել անցյալի փորձը:

Համենայնդեպս, այս պահին վստահ եմ, որ տրամադրված գումարները ծախսվում են ճիշտ ուղղությամբ: Համենայնդեպս, բոլոր այն խոստումները, որ ներկայացվել են այս ընտրությունների վերաբերյալ, արվել են բարի կամքով:

Բայց, իհարկե, միաժամանակ պետք է հաշվի առնել, որ այն բարեփոխումները, որ արդեն արվել են, այսինքն, ընտրատարածքներում ներմուծվելու է տեսաձայնագրման հնարավորություն, հրապարակվելու են ստորագրված և հաստատված ընտրացուցակները, և մնացած բոլոր այն բարեփոխումները, որ արվելու են թափանցիկության ապահովման առումով, միևնույն է, կլինեն փորձեր չարամտորեն խախտելու ընտրական պրոցեսը: Նմանատիպ ռիսկերն առաջին հերթին առաջանում են վարչական ապարատի չարաշահման, ընտրակաշառքների, ձայն առնելու, սպառնալիքների, շանտաժի, ինչպես նաև ի վերջո ընտրությունների ժամանակ առաջացած բողոք-դժգոհությունների հետ ոչ ընթացակարգային նորմերին համապատասխան աշխատանքներ իրականացնելու հետ կապված:

Բայց եթե ինձ հարցնեք, կարող եմ ասել, որ բոլոր շահագրգիռ կառույցները, որոնք այս պահին ներգրավված են նախընտրական գործընթացում, հստակ ցուցաբերում են բարի կամք: Եվ հետևաբար, խոսքը գնում է հայ ժողովրդի մասին:

Հայ ժողովուրդն է պատասխանատու Հայաստանի ապագայի համար: Եթե մնան տներում կամ ընտրեն ոչ ճիշտ մարդկանց, ոչ ճիշտ ընտրություն կատարեն, ապա նրա՛նք պատասխանատու կլինեն իրենց երկրում ստեղծված վիճակի համար: Եթե թույլ տան սպառնալիքներ իրենց նկատմամբ, եթե վաճառեն իրենց ձայնը փոքր գումարի դիմաց, դա կլինի իրենց ընտրությունը, հետո իրենք իրենց կմեղադրեն երկրի կործանման համար: Քաղաքական գործիչներն այստեղ կապ չունեն: Պատասխանատուն այստեղ ընտրողն է:

Տեսանյութեր

Լրահոս