Տնտեսական ազատության զեկույց. Ոգևորվե՞լ, թե՞ ոչ
Տնտեսական ազատության 2017թ. ինդեքսով Հայաստանը 70.3 միավորով զբաղեցրել է 33-րդ տեղը 180 գնահատված երկրների շարքում` ընդգրկվելով Առավելապես ազատ երկրների խմբում։ 2016թ. համեմատ` ՀՀ-ն առաջադիմել է 21 հորիզոնականով։
Այս տեղեկությունն արդեն 2 օր շարունակ ՀՀ տնտեսական լրահոսի առաջատարն է։ Բոլորն այս մասին լսել են, որովհետև Տնտեսական ազատության զեկույցը վերջին 15 տարիների ընթացքում եղել է ՀՀ բոլոր կառավարությունների սիրելի միջազգային զեկույցներից մեկը։ Հայաստանի դիրքերն այդ զեկույցում լավն են եղել հատկապես 2000-ականների կեսերին։ Լավագույն ցուցանիշն ունեցել ենք 2004թ., երբ տնտեսական ազատության ինդեքսում զբաղեցնում էինք 23-րդ տեղը։
Որքան էլ տարօրինակ հնչի, այսքան խոսվելուց և գրվելուց հետո շատերը չգիտեն` ինչ է նշանակում տնտեսական ազատության ինդեքսը, և ինչի մասին է այն վկայում։ Տնտեսական ազատության ինդեքսը ցուցանիշ է, որն ամեն տարի հաշվարկվում ու հրապարակվում է Wall Street Journal թերթի և Heritage Foundation հիմնադրամի կողմից` աշխարհի երկրների մեծ մասի համար։ Տնտեսական ազատության այս վերլուծությունն իրականացվում է 1995թ.։
Heritage Foundation-ի մասնագետները տնտեսական ազատությունը բնորոշում են՝ որպես «պետության միջամտության կամ խոչընդոտման բացակայություն` ապրանքների և ծառայությունների արտադրության ու բաշխման գործընթացում` բացառությամբ ազատության պաշտպանության և աջակցության, որն անհրաժեշտ է քաղաքացիներին»։
Պարզ ասած, որքան պետությունը քիչ է միջամտում տնտեսությանը, այնքան երկրի միավորն ավելի բարձր է, և այն ավելի բարձր դիրք է զբաղեցնում վարկանիշային աղյուսակում։ Ահա այստեղ է, որ մասնագետների կարծիքները տարբերվում են` արժե՞ ջանքեր ներդնել այդ զեկույցում վեր բարձրանալու համար, թե՞ ոչ։ Ոմանք համոզված են, որ պետությունը չպետք է խառնվի տնտեսությանը։ Մյուսներն էլ` հակառակը` գտնում են, որ պետությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա տնտեսական գործընթացներին, և հիշեցնում, որ տնտեսական ազատության ինդեքսում բարձր հորիզոնականն ամենևին չի վկայում լավ տնտեսություն ունենալու մասին։ Ասվածը հիմնավորելու համար նրանք պարզապես խորհուրդ են տալիս աչքի անցկացնել այն երկրները, որոնք այս զեկույցում զբաղեցնում են Հայաստանից ցածր հորիզոնական (օրինակ` Իսրայել, Ճապոնիա, Չինաստան և այլն)։
Տնտեսական ազատության զեկույցի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ նաև մեթոդաբանության հարցում։ Նշենք, որ տնտեսական ազատության զեկույցը կազմվում է 12 չափանիշների միջինացված գնահատականների վրա, որոնք խմբավորված են 4, այսպես ասած, հենասյուներում (օրենքի գերակայություն, կառավարության մասնակցություն, կարգավորման արդյունավետություն և բաց շուկաներ)։ Յուրաքանչյուր չափանիշ գնահատվում է 0-100 միավորով (որքան բարձր` այնքան լավ)։
Օրինակ, ՀՀ-ի զգալի առաջընթացը 2017թ. զեկույցում պայմանավորված է հիմնականում Օրենքի գերակայություն և Կարգավորման ազդեցություն հենասյուների մասով նշանակալի աճով։ Մասնավորապես` Սեփականության իրավունքների բաղադրիչով արձանագրվել է միավորի 35.5-ով առաջընթաց, իսկ Կառավարության ինտեգրվածության մակարդակով` 6.4-ով։ Տարբեր տարիներ շատերը (այդ թվում` նաև մենք) նշել են, որ տնտեսական ազատության ինդեքսն ու մյուս միջազգային զեկույցները (գործարարությամբ զբաղվելու Doing Business զեկույց, Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող մրցունակության ինդեքս և այլն) պետք չէ անտեսել, սակայն դրանց նշանակությունը գերագնահատել չի կարելի։
Պոտենցիալ ներդրողներն աչքի անցկացնում են այդ զեկույցները, սակայն միայն դրանց վրա չէ, որ հիմնվում են։ Ավելին, տարբեր զեկույցներում առաջադիմելը հայաստանյան իշխանությունները կարծես ավելի շատ օգտագործում են ներքին լսարանին ոգևորելու և սեփական գործունեության արդյունավետությունն ապացուցելու համար։ Սակայն, չնայած մի քանի հորիզոնականով վեր բարձրանալուն` այդ զեկույցներում հանդիպում են նաև խիստ անցանկալի ձևակերպումներ։ Դրանց մասին մերոնք հասկանալիորեն չեն խոսում, սակայն հետաքրքրվողները դա կարդում են։
Օրինակ, հենց նույն տնտեսական ազատության 2017թ. զեկույցում, որտեղ գրանցված առաջնթացով մենք ուրախացել ենք, օրենքի իշխանության բաժնում առանց ավելորդ նրբանկատության նշվում է, որ Հայաստանի դատական համակարգում բացակայում է անկախությունը և թափանցիկությունը։ Նշվում է նաև, որ կոռուպցիան համատարած բնույթ է կրում և ավելի է սրվում` պայմանավորված այն հանգամանքով, որ ՌԴ-ն մեծացնում է իր ազդեցությունը ՀՀ տնտեսության մեջ և անվտանգության համակարգում։ Այսինքն, ՌԴ-ի դերն այս հարցում բացասական է գնահատվում։ Եվ ոչ միայն այս հարցում։
Heritage Foundation-ի զեկույցը հիշեցնում է` 2013թ. սեպտեմբերին Հայաստանը հայտարարեց, որ կասեցնում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը, և 2015-ից անդամակցեց ԵՏՄ-ին։ Նշվում է, որ ՀՀ-ի արտահանման 23%-ը բաժին է ընկնում տնտեսական դանդաղ աճի վիճակում գտնվող ՌԴ-ին, ինչն իր հերթին` արգելակում է նաև ՀՀ-ի աճը։ «ՀՀ կառավարությունը մեծապես կախված է ՀԲ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի և ՌԴ-ի վարկերից»,- նշվում է զեկույցում։
Կառավարության մասնակցության չափին վերաբերող բաժնում խոսվում է հարկային դրույքաչափերի, պետական ծախսումների և պետական պարտքի մասին։ Թեպետ զեկույցը 2017թ. է վերաբերում, սակայն տվյալները բավականին հին են։ Օրինակ, նշվում է, որ պետական պարտքը ՀՆԱ-ի 46.6%-ն է, սակայն 2016թ. արդյունքներով պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն արդեն 50%-ից բարձր էր։
Կարգավորման արդյունավետության բաժնում նշվում է, որ կարգավորումների շրջանակը համեմատաբար արդյունավետ է։ Նոր բիզնեսի գրանցման համար անհրաժեշտ նվազագույն կապիտալի պահանջը վերացվել է, իսկ սնանկության գործընթացներն արդիականացվել են։ Նշվում է, որ աշխատանքի ոչ ֆորմալ (ստվերային) շուկայի ծավալը բավականին մեծ է։ Ի դեպ, այս բաժնում նույնպես անուղղակի անդրադարձ կա ՌԴ-ին, իսկ ավելի կոնկրետ` ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին։ «2015թ. էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ զանգվածային բողոքի ակցիաներից հետո ՀՀ կառավարությունը և ռուսաստանաբնակ հայ միլիարդատերը միացյալ ուժերով ավելի քան 1 տարի սուբսիդավորեցին սակագնի բարձրացումը»,- նշվում է զեկույցում։
Արտաքին առևտրի մասով` տնտեսական ազատության ինդեքսի հեղինակները փաստում են, որ առևտուրը կարևոր նշանակություն ունի ՀՀ տնտեսության համար. արտահանման և ներմուծման ընդհանուր ծավալը (արտաքին առևտրաշրջանառությունը), ըստ զեկույցի` ՀՀ-ի ՀՆԱ-ի 71%-ն է։ Միևնույն ժամանակ` խոսվում է այն մասին, որ արտաքին առևտրին խոչընդոտում են բյուրոկրատական արգելքները։ Օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ-ում հողի սեփականություն ունենալու արգելքը նույնպես դիտարկվում է` որպես բացասական գործոն։
Բանկային համակարգի մասին նույնպես հիշատակումներ կան։ Զեկույցը փաստում է, որ ՀՀ-ում պետությունը մասնակցություն չունի բանկային հատվածում (սա, ի դեպ, վաղուց է այդպես), սակայն ֆինանսական հատվածի ակտիվների 90%-ին տիրապետող բանկային համակարգը մինչ այժմ պայքարում է համարժեք երկարաժամկետ միջոցներ ներգրավելու համար։
Եվ ամենատհաճ պահը, որը տնտեսության հետ կապված չէ։ Heritage Foundation-ի պաշտոնական կայքում, որտեղ ներկայացված է տնտեսական ազատության զեկույցը, ՀՀ-ի առանձին բաժնում կարող եք կարդալ այսպիսի տողեր. «ՀՀ-ի կողմից Ադրբեջանին պատկանող ԼՂ-ի 25-ամյա օկուպացիայի ընթացքում 1994թ. հետո հրադադարը կայուն է եղել, սակայն 2016-ի ապրիլին ինտենսիվ մարտերի հետևանքով երկու կողմերն էլ տասնյակ զոհեր ունեցան»։ Այնպես որ, տնտեսական ազատության ինդեքսում միայն «պուպուշ» ու ականջահաճո արտահայտություններ չէ, որ կարելի է հանդիպել։ Եվ այդ տիպի զեկույցներով չափից դուրս ոգևորվելուց առաջ պետք է նաև մտածել «կողմնակի» էֆեկտների մասին։