Բաժիններ՝

Կառավարության «իշաբեռը»՝ «Նաիրիտի» սնանկության կառավարչի ուսերին

Անցյալ տարի նոյեմբերի կեսերին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մրցույթ հայտարարեց՝ «Նաիրիտ» գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով: Ներդրող գտնելու համար այս մրցույթը հույս տվեց արդեն տարիներ շարունակ հարազատ գործարանի համար պայքարող նաիրիտցիներին։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունվարի 20-ն էր: Թվում էր, թե կառավարությունն իսկապես նպատակ ունի գործարանը ոտքի կանգնեցնելու, սակայն անցյալ տարի նոյեմբերի 28-ին անսպասելիորեն Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը «Նաիրիտը» սնանկ ճանաչեց, և սկսվեց սնանկության գործընթացը: Ու թեև նախարարության հայտարարած մրցույթին 2 ընկերություն հայտ են ներկայացրել, սակայն դրանք անգամ չեն ուսումնասիրվել: Հայտերի փաթեթներն ուղարկվել են «Նաիրիտի» սնանկության գործով կառավարչին։ Նրան է ուղարկվել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված՝ «Նաիրիտի» համակարգող խմբի և 12 կուսակցությունների համատեղ նամակը։

«Նաիրիտի» մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարանի գլխավոր ինժեներ Վյաչեսլավ Անանյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախարարության հայտարարած մրցույթին արձագանքել են օտարերկրյա 2 կազմակերպություն՝ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը և եվրոպական «Սոջիս» կազմակերպությունը։

«Համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո, համաձայն գործող օրենքի՝ փոխանցել ենք «Նաիրիտի» գործով սնանկության կառավարչին։ Այսօր «Նաիրիտը» կառավարում է սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը։ Բոլոր փաստաթղթերը ստացված էլեկտրոնային փոստով և գրավոր նամակով փոխանցել ենք իրեն։ Իհարկե, այդ նույնի պատճենն ու բնօրինակը կա Էներգետիկայի նախարարությունում, բայց համապատասխան կազմակերպություններին պարոն Ասատրյանը պետք է պատասխանի, թե քննարկումը ե՞րբ պետք է լինի, կամ վերլուծությունն ի՞նչ ընթացքի մեջ է։ Ըստ ամենայնի՝ հայտերն ուսումնասիրող հանձնաժողով պետք է կազմավորվի, բայց ղեկավար մարմինը սնանկության կառավարիչն է»,- ասաց Անանյանը։

Մեր տարակուսանքին ի պատասխան, թե՝ «Նաիրիտի» վերագործարկման առաջարկների հետ սնանկության կառավարիչն ի՞նչ կապ կարող է ունենալ, Անանյանն ընթերցեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի նամակը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանին. «Հարգելի՛ պարոն Ասատրյան, կից ձեզ ի տնօրինություն ենք ուղարկում «Սոջիս», «Եվրոպա Բի-Էֆ-Սի» ընկերության Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քիմիական բաժնի գլխավոր կառավարիչ Քենջի Մաետանի 2017 թ. հունվարի 16-ի գրությունը, առդիր՝ 103 էջ»։

«Այսինքն՝ բոլոր բնօրինակները սկավառակներով թե նամակով տրվել է Կարեն Ասատրյանին։ Եվ այս ամեն վերլուծությունը, գնահատականն ու ընթացակարգն ինքը պետք է կարգավորի։ «Նաիրիտի» տնօրինությունը բացարձակ որևէ այլ առնչություն չունի այս հարցի շուրջ, որովհետև այս ամենը կառավարում է սնանկության կառավարիչը»,- ասաց գործարանի գլխավոր ինժեները։

Այդ դեպքում նախարարության դերը ո՞րն է. Վ.Անանյանը նշեց, թե անկեղծորեն չգիտի՝ ով է համակարգելու համապատասխան մասնագետների և հանձնաժողով կազմելու աշխատանքը, դա լինելու է կառավարչի՞, թե՞ նախարարության նախաձեռնությունը. «Իմ իմանալով՝ համապատասխան մասնագետներին, որոնք պետք է մասնակցեն մրցույթի գնահատմանը, իրենք պետք է ներգրավեն»։

Սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ինքը ստացել է թե՛ մրցութային հայտերը, թե՛ վարչապետին ուղղված նամակը։ Սակայն նա նշեց, որ դրանք սնանկության վարույթի հետ որևէ կապ չունեն, և ինքը միայն ի գիտություն է ընդունում։

«Ես սնանկության գործով կառավարիչ եմ և նման նամակների հասցեատեր չեմ։ Որպես սնանկության գործով կառավարիչ՝ այդ ամբողջ փաթեթները միայն ի գիտություն եմ ընդունում։ Սնակության օրենքով այդ ամենը սնանկության վարույթին չի առնչվում, և դրանց ընթացք տալու կամ գործընթաց սկսելու ոչ մի գործողություն սահմանված չի»։

Տրամաբանորեն, եթե մրցույթ է հայտարարել նախարարությունը, իսկ կառավարությունն էլ, ինչպես պնդում են պաշտոնյաները, շահագրգիռ է, որ «Նաիրիտն» աշխատի, ապա մրցութային հայտերի ուսումնասիրությունը չպետք է թողնվեր մեկ անձի վրա։ Այդ կարևոր գործով պետք է զբաղվեր հենց Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունը, կամ էլ առնվազն փոխանցեր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը։ Գործընթացը թողնելով սնանկության կառավարչին՝ կառավարությունը միայն մոռացության է մատնում իր պարտականությունները, աչք փակում երբեմնի քիմիական հսկայի, տնտեսության լոկոմոտիվի վերջնական կործանման վրա և ձերբազատվում ծանր գլխացավանքից։

Իսկ այդ ընթացքում «Նաիրիտի» սնանկության վարույթն արագությամբ առաջ է տարվում։ Արդեն կայացել է պարտատերերի առաջին ժողովը, գործարանում գույքագրում է իրականացվում։ «Նաիրիտի» ֆինանսական առողջացման ծրագիր չի ներկայացվել, և այդ ներկայացման ժամկետն էլ լրացել է։ Օրենքի համաձայն՝ սկսվում է լուծարման գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս