«Այսպիսի հարցադրումների պատասխանը պետք է տա իշխանությունը». Սեյրան Օհանյանը չբացահայտեց՝ ո՞վ է քաղբանտարկյալ
«Օրակարգի թիվ 1 խնդիրն անվտանգությունն է: Միայն զինված ուժերը չէ, որ անվտանգության հիմքն են: Թերևս, դա այսօր ամենակայացած համակարգն է, վերջին տարիներին մեր ԶՈՒ մակարդակը բարձրացել է ռազմավարական մակարդակի, քաղաքացիական վերահսկողության էլեմենտները կատարելագործել ենք, և հենց պաշտպանության նախարարի շնորհիվ: Բարձրացվել է բանակ-ժողովուրդ կապը, և այդ ամենն արտահայտվել է 2015-2016թթ. մեր ամբողջ գործողությունների շրջանակներում»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ցուցակի առաջին անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա կարևորեց երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը, կրթության և գիտության ուժերի օգտագործումը պաշտպանության նպատակով: Ըստ Օհանյանի` այս մոդելով, այս համակարգով ՀՀ առաջընթացի ռեսուրսները սպառվել են, պետք է նոր տնտեսական ու արտաքին քաղաքականություն, նոր մշակույթ ձևավորել, որի համար իրենք ունեն բավականին լուրջ թիմ: Օհանյանը նշեց, որ լինելու է լուրջ դիմադրություն, արդեն պայքար կա իրենց դաշինքի անդամների և անձամբ իր նկատմամբ, և հեշտ չի լինելու: Այդ պայքարում, ըստ նրա, ներգրավված են ԶԼՄ-ներ, անհատներ, կուսակցություններ ու դաշինքներ, բայց այս ամենն իրենք հաշվի առել են. «Հակահարվածները մեր մոտից անկասկած լինելու են, և դրանք լինելու են փաստարկված ու բամբասանքի մակարդակից հեռու»:
Դաշինքի անդամ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով` իրենք առանձնահատուկ հարաբերություն են ունենալու քաղհասարակության հետ, որը նաև ապագայում մեծ դերակատարություն է ունենալու: Մարտիրոսյանը խոսեց երկրի պոտենցիալի մասին և նշեց, որ ակնհայտ է, որ երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի հետ կապված խնդիր կա, քաղբանտարկյալների հարցը սրացված վիճակում է. «Հայաստանը երբեք չպետք է մրցակցեր Ադրբեջանի հետ, թե ով ավելի շատ քաղբանտարկյալ կունենա: Հայաստանը պետք է մրցակցեր ժողովրդավարական երկրների հետ»:
Մարտիրոսյանը խոստացավ, թե իրենց իշխանության ժամանակ չեն լինի քաղբանտարկյալներ, անմիջապես համաներում կիրականացվի, որովհետև այսօր շատ անմեղ մարդիկ բանտերում են, որը նաև պետության համար մեծ ծախսեր է առաջացնում: Ըստ նրա՝ իրենց դաշինքի յուրահատկությունը սփյուռքի ներգրավվածությունն է լինելու Հայաստանի տնտեսական կյանքում. «Ե՛վ պարոն Օսկանյանի, և՛ պարոն Օհանյանի ներկայությունը երաշխիք են, որ սփյուռքը մեծ ներգրավվածություն կունենա և ամենամեծ ներդրողը կլինի, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը նորից կմտնի Հայաստան, որը ենթադրում է, որ գյուղերը նորմալ ճանապարհներ կունենան, ՓՄՁ-ն կզարգանա: Տուգանքների համակարգը պետք է վերանայվի Հայաստանում, և քաղաքացին իր նվազ աշխատավարձով չպետք է լինի որոշների գրպանի, նաև բյուջեի համալրման աղբյուրներից մեկը»:
Դաշինքի անդամ, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանի խոսքով՝ շուտով դաշինքի ամբողջական ծրագիրը բավականին մանրամասն կներկայացվի, դրանում մոտեցումների, մտածողության և գաղափարական, տնտեսական քաղաքականության փիլիսոփայության կտրուկ փոփոխություններ կլինեն. «Իշխանությունն այսօր ամեն գնով քերում է անհատների եկամուտները, որ լցնեն բյուջե: Մեր հիմնական թիրախը կլինի տնտեսության աճը, աշխատատեղերի ստեղծումը և կենսամակարդակի բարձրացումը»: Օսկանյանը խոստացավ աշխատավարձերը, թոշակները շեշտակի բարձրացնել. «Ժողովուրդը սահմանադրորեն առողջ լինելու իրավունք ունի: Քաղաքացին պետք է առողջ լինի, որ իր ներդրումը բերի տնտեսության զարգացմանը: ՓՄՁ-ների հարկերը պետք է իջեցնել, տալ տարիների հարկային արձակուրդ: Այս քայլերը շատ արագ արվելու են մեր կողմից: Տարեկան մինչև 1 միլիարդ դոլարի հնարավորություն կա ներդրումներ և դրամաշնորհներ բերել»:
Օսկանյանը հայտարարեց, թե «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը բերվել էր իր անձնական ջանքերով, իսկ փակվել է, երբ իշխանությունն է փոխվել, նաև իր շնորհիվ դոնորների համաժողով է կազմակերպվել, ներդրումներ են բերվել և տնտեսությունն արագ ոտքի կանգնեցվել:
Օսկանյանը ևս խոստացավ ամեն ինչ անել, որ Հայաստանում այլևս քաղբանտարկյալներ չլինեն:
Լրագրողները Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին, թե Հայաստանում ո՞վ է քաղբանտարկյալ, արդյոք Ժիրայր Սէֆիլյանն ու Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյա՞լ են, բայց հստակ պատասխան չստացան. «Իմ խոսքերի մեջ հակասություններ չկան։ «Քաղբանտարկյալ» ասելով` որևէ մեկի անունը չեմ տվել: Տարբեր ժամանակներ իմ հայտարարությունները հիմնավորված են եղել: Ե՛վ Ժիրայր Սէֆիլյանին, և՛ Վոլոդյա Ավետիսյանին հարգում եմ, նրանք մեր մարտական ընկերներն են, բայց այսպիսի հարցադրումների պատասխանը պետք է տա իշխանությունը»։