«Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև կան համաձայնեցված խաղի կանոններ». Վիգեն Հակոբյան

Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ վաղուց էր հայտնի, որ իրավական խոչընդոտներից ելնելով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը չի առաջադրվելու.

«Դրանից տրամաբանորեն բխում էր, որ վարչապետի քաղաքական ապագա լեգիտիմության հարցը չեն ուզում կասկածի տակ դնել: Այսինքն՝ արդեն մեկ-երկու ամիս է՝ դրա մասին խոսվում է, և հասկանալի էր, որ վարչապետը չի գլխավորելու այդ ցուցակը: Նախագահի մասին էլ կար, որ չի լինելու ցուցակի գլխավոր մարդը՝ երկու պատճառով: Առաջին՝ եթե առաջադրվեր, ապա նորից խոսակցություններ էին գնալու, որ, այնուամենայնիվ, ինքն իր խոստումից հրաժարվում է, որ նոր Սահմանադրությամբ չի լինելու ԱԺ նախագահ:

Երկրորդ՝ ՀՀԿ-ն հռչակել էր քաղաքական սերնդափոխության կարգախոսը, և, եթե մենք նայում ենք այս ցուցակին, ապա հասկանալի էր, որ նոր դեմք պետք է այն գլխավորեր: Վիգեն Սարգսյանը նոր դեմք չէ հայաստանյան պետական շրջանակներում, նա այն պետական պաշտոնյան է, որ դեռևս առաջին նախագահի օրոք է սկսել իր կարիերան, բավականին տոլերանտ գործիչ է, քանի որ երեք նախագահների օրոք բավականին բարձր պաշտոններ էր զբաղեցնում: Հետևաբար՝ մեծ անակնկալ չէր, որ նա է գլխավորում»:

Իսկ Տարոն Մարգարյանի՝ երկրորդ տեղում հայտնվելը, ըստ նրա՝ պրագմատիկ նշանակություն ուներ, քանի որ մայիսին արդեն Երևանի ավագանու ընտրություններն են, և սա ոչ պաշտոնապես այդ քարոզարշավի սկիզբն է. «Սերժ Սարգսյանը բոլոր այլ հավակնորդներին հասկացնում է, որ որևէ հույս այդ պաշտոնի հետ չկապեն»:

Ինչ վերաբերում է ցուցակի երրորդ տեղում գտնվող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ապա, ըստ վերլուծաբանի՝ համապատասխան մարդ չեն կարողացել գտնել մշակույթի կամ այլ ոլորտներից, և որոշել են երրորդ տեղը նրան տալ:

Նրա խոսքով՝ գոնե ՀՀԿ տասնյակը մաքսիմալ ֆիլտրվել, ապաքրեականացվել է, և այնքան էլ մարազմատիկ տպավորություն չի թողնում. «Նման ջանքեր են թափել, որպեսզի ցույց տան, որ գոնե այդ կուսակցության ֆասադը փոխվել է: Բայց ռեյտինգային ցուցակում մարդիկ են, որոնք տիրապետում են վարչական ռեսուրսների, տեղական հեղինակություններ են, և տպավորություն է, որ նրանք ցանկություն են հայտնել մասնակցել այս ընտրություններին ու թույլտվությունը ստացել են: Տպավորությունն այնպիսին է, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակն այլընտրանք է հենց ռեյտինգային ցուցակին»:

Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքին՝ նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը չողջունելով, բայց և չարգելելով Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն՝ քողարկված պահանջ էր դրել, որ դաշինքով պետք է գա. «Դրանով էր պայմանավորված, որ այդ դաշինքն իրավաբանորեն ձևակերպվեց: Իհարկե, դա այն լայն դաշինքը չէ, որի մասին խոսում էր Ծառուկյանը, բայց ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև կան համաձայնեցված խաղի կանոններ: Եվ կարծում եմ, որ այս պրոցեսում որոշակի միջամտություն եղել է նաև Հովիկ Աբրահամյանի կողմից: Ես կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանն է իր դերն ունեցել, որ այս դաշինքը հնարավորինս ԲՀԿ-ացվել է, իսկ մնացած այն ուժերը, որոնք կան դաշինքում, կողքից աջակցողներ են, որևէ լուրջ դեր չեն խաղում»:

Ըստ նրա՝ բավականին բալանսավորված է «Ելք» դաշինքը. «Չեմ կարծում, որ այն մեթոդոլոգիան, որ իրենք ընտրեցին, թե ով է լիդերը լինելու, ճիշտ էր: Գուցե պահի ազդեցության, շոուի տեսանկյունից՝ հետաքրքրիր էր, բայց այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ավելի շահեկան կլիներ, եթե առաջին տեղում Նիկոլ Փաշինյանը լիներ: Լիդերին որոնելով է ընտրողն ընտրում»:

Հետևաբար՝ նա պատահական չի համարում, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անունը հենց լիդերների անունով է:

Տեսանյութեր

Լրահոս