Սեյրան Օհանյանը չի խոստանում բացահայտել իշխանության անօրինականությունները
Այսօր ասուլիսի ժամանակ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ցուցակի առաջին անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հստակ հարց ուղղվեց` արդյոք նա բացահայտումներ կանի՞ իշխանության անօրինականությունների կամ չարաշահումների վերաբերյալ, սակայն Օհանյանն այդպես էլ ուղիղ պատասխան չտվեց:
Նա հայտարարեց, թե պետական կառավարման համակարգում բացթողումներ եղել են, խոսեց իր փորձի մասին, որ բոլոր անօրինականությունները, որ նկատել են, դնելու են օրինական հենքի վրա և այլն: Լրագրողների փորձերը, որ նախկին նախարարը հստակ պատասխանի հարցին, այդպես էլ անարդյունք ավարտվեցին
Դիտարկմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ Մարտի 1-ին Սեյրան Օհանյանն է բանակն ուղղորդել ժողովրդի դեմ, պաշտպանության նախկին նախարարը հայտարարեց, թե Մարտի 1-ի իրադարձությունները հայ իրականության համար ամենացավալի, ամենաողբերգական իրադարձություններ են:
Ըստ նրա` քրեական գործի ընթացքը ցույց է տվել ԶՈՒ ներգրավվածության չափը: Օհանյանը նշեց, որ ինքը ներկայացրել է հրամանագրերը, ըստ որոնց` ԶՈՒ-ն անցել է կարևոր օբյեկտների պահպանությանը: Նա խոստացավ, որ եթե իրենք իշխանության գան, ավարտին կհասցնեն Մարտի 1-ի քննությունը:
«Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մեր գործընկերն է և մենք լավ հարաբերություններ ունենք, տարեցտարի հասել ենք, որ ԶՈՒ-ում որևէ ուղղորդում քաղաքական գործընթացների հետ կապված չի եղել»,- ասաց Օհանյանը: