Ադրբեջանում պահվող հայազգի բանտարկյալ Մարատ Ուելդանով-Գալուստյանի քույրը պետք է դիմի ՄԻԵԴ

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանում բանտարկված Ռուսաստանի քաղաքացի,  ազգությամբ հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանի քրոջը՝ Մարիանա Միրզոյանին, խորհուրդ է տալիս եղբոր գործով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ խախտված են մի շարք նորմեր:

«Ես նրա քրոջ՝ Մարիանա Միրզոյանի հետ կապի մեջ էի, եւ մեր ճնշման շնորհիվ միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչները սկսեցին իրենց այցելությունները: Տեսնում ենք, որ այժմ նույնիսկ այն վիճակը չէ, որը եղել է 90-ականներին, երբ Ադրբեջանում շատ ավելի հարգալից վերաբերմունք ունեին Կարմիր խաչի նկատմամբ»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ Հայաստանը որպես երրորդ կողմ պետք է փորձի ուղիներ փնտրել Մարատ Ուելդանով-Գալուստյանի հարցով տարվող գործընթացում ներգրավվածություն ունենալու համար: «Այս մարդու ազգային պատկանելիությունը դա թույլ է տալիս. ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ»,- նշեց ՀՀ նախկին օմբուդսմենը:

Հարցին, թե ինչով է բացատրվում Ռուսաստանի նման պասիվ արձագանքը այն դեպքում, երբ Ուելդանով-Գալուստյանը հենց Ռուսաստանի քաղաքացի է, նա նշեց, որ դա ոչ միայն զարմանալի է, այլեւ դատապարտելի:

«Այն հանգստացնող արտահայտությունները, որոնք հնչում են ռուսական կողմից, ինձ անչափ մտահոգում են: Պարզապես այդ մարդուն այնպիսի մեղադրանք են ներկայացրել, որ նույնիսկ նարկոբարոնը կնախանձեր: Նաև պետք է հստակ գիտակցենք, որ այստեղ խոսքը քաղաքակիրթ աշխարհում այս կամ այն նորմի խախտման մասին չէ, խոսքը քաղաքակրթությունից դեպի բարբարոսություն հետընթացի մա սին է»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը՝ շեշտելով, որ այստեղ անելիք ունեն ոչ միայն պետական կառույցները, այլեւ հասարակական, իրավական:

Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել են 2016թ. հունիսի 9-ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար: Ավելի վաղ Մարիանա Միրզոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ եղբայրը երբեւէ առնչություն չի ունեցել թմրանյութերի հետ: Ուելդանով-Գալուստյանը ավստրիական «Do&Co» ընկերության աշխատակից է, որը զբաղվում է արտագնա սննդի կազմակերպմամբ եւ Բաքու էր մեկնել գործուղման:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան՝ Մարիանա Միրզոյանին ուղղված առաջին պատասխան նամակում, մասնավորապես, ասված էր.

«Հայաստանի եւ Ադրբեջանի զինված հակամարտության պայմաններում Ձեր եղբոր հայկական ծագումը անչափ բարդացնում է նրա պաշտպանությունը»: Այս արտահայտությունը տեղիք է տվել կարծելու, որ Ուելդանով-Գալուստյանին բանտում պահում են հայկական ծագման պատճառով:

ՌԴ արտգործնախարարությունից, արձագանքելով «Արմենպրես»-ի նամակին, տեղեկացրել էին, որ միջազգային իրավունքի եւ երկկողմ համաձայնությունների շրջանակում Ռուսաստանի քաղաքացու՝ օրենքով սահմանված իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցներ են ձեռնարկվում՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից, իսկ ասուլիսի ընթացքում ՌԴ արտգործնախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նշել էր, որ ռուսական կողմը Ուելդանովի ձերբակալումը կամ նրան օժանդակություն ցուցաբերելու հարցը չի դիտարկում ազգային խնդիրների համատեքստում:

Օրերս հայտնի դարձավ, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանը զանգահարել է ընտանիքի անդամներին եւ հրաժեշտ տվել:

Տեսանյութեր

Լրահոս