Բաժիններ՝

Հնում Տեառնընդառաջի կրակին էին վերագրում գերբնական կամ բուժիչ հատկություններ

Փետրվարի 13-ի երեկոյան Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը: Այս առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին տոնի կարևորության ու առանձնահատկությունների մասին, անդրադառնալով նաև Տեառնընդառաջի տոնական սեղանի ուտեստներին:

Տեառնընդառաջի տոնը նշվում է Քրիստոսի ծննդից 40 օր հետո, քանի որ, ըստ հին կանոնակարգերի` երեխայի ծնունդից 40 օր հետո նրա ծնողները երեխային պիտի տանեին տաճար, պարզաբանում է ասուլիսի բանախոս, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն ու հավելում. «Ավանդույթ կա, որ Սիմոն ծերունին երազել է այնքան ապրել, որ Տիրոջն ընդառաջ գնա, և Աստծո կամոք նրա երազանքն իրականացել է: Սա քրիստոնեական մեկնաբանությունն է, ու սրանով հանդերձ՝ այս տոնն ունի նաև խոր արմատներ, ժողովրդական հավատալիքների դրսևորումներ: Այսօր երեկոյան եկեղեցում պատարագ կմատուցվի, իսկ կրակը ժողովրդական հավատալիքի դրսևորման ձևերից մեկն է, որի վրայով նորապսակները ցատկում են: Հնում մարդիկ Տեառնընդառաջի կրակին էին վերագրում նաև գերբնական կամ բուժիչ հատկություններ, դրա մոխրով պատում էին իրենց հողը՝ բերրի լինելու համար, չբեր կանայք կամ աղջիկները Տեառնընդառաջի կրակով այրում էին իրենց հագուստի վարտիքի ծայրը՝ հույս ունենալով, որ կրակի մոգական ուժն իրենց զավակ կպարգևի»:

Անդրադառնալով Տեառնընդառաջի տոնական սեղանի ուտեստներին՝ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը նկատում է. «Խոհանոցը տալիս է պատկերը, թե որտեղից է գալիս այս տոնը՝ Տեառնընդառաջի տոնական սեղանի բոլոր կերակուրներում առկա է ցորենը: Մարդիկ այս տոնի առիթով մշտապես օգտագործել են խաշիլ, ձավարով տարբեր կերակրատեսակներ, բոված աղանձ, սեղանը զարդարել են չամիչը, չրի տարբեր տեսակներ, հնում օգտագործվել է նաև ածիկը: Ցավոք, քիչ պատահող, բայց թվարկածս կերակրատեսակներից մի քանիսն այսօր էլ կարելի է հանդիպել տոնական սեղաններին»:

Թեև Տեառնընդառաջի տոնն առաջին հերթին նախանշված է նշանված զույգերի ու ամուսնացածների համար, այնուամենայնիվ, ասուլիսի մասնակից, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն ուրախությամբ է փաստում, որ այն լայն տարածում, մեծ ընդգրկվածություն ու սեր է վայելում ժողովրդի լայն զանգվածների մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս