Խորհրդարանական ընտրություններին կհետևեն 3500-4000 դիտորդներ
Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին ընտրատեղամaսերում կհետևեն 3500-4000 դիտորդներ: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանը, արդեն գրանցվել է մոտ 2300 քաղաքացի, որոնք ցանկանում են դիտորդ լինել:
«Շուտով այդ թիվը կավելանա, որովհետև 3000 դիտորդ կմոբիլիզացնենք Հայաստանից, ևս 400-500-ը կլինեն սփյուռքից, նաև 150 վրացահայեր ունենք, որոնք գալու են և մասնակցեն ընտրություններին: Կարծում եմ` այդ թիվը կարողանալու ենք ապահովել»,- ասաց Ա.Գրիգորյանը
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ արդյունք կապահովի դիտորդների այդ բազմությունը, Ա.Գրիգորյանը նշեց, որ ամենակարևոր արդյունքներից մեկն այն է, որ ընտրատեղամասում ընտրախախտումների թիվը նվազում է.
«Մեր փորձը ցույց է տալիս, որ իշխանության քվեն նվազում է, որովհետև վերահսկողություն է լինում, նաև ընտրակեղծարարությունն է սկսում նվազել: Օրինակ` սահմանադրական հանրաքվեն ցույց է տվել, որ այն ընտրատեղամասում, որտեղ դիտորդ ենք ունեցել, համեմատած մյուսների, «այո»-ն 7%-ով քիչ է եղել, «ոչ»-ը` 6.5%-ով շատ: Դա ցույց է տալիս, որ ընտրությունները որոշակի չափով մեր կատարած աշխատանքի արդյունքում որոշակի արդարություն են ապահովում: Իհարկե, բոլոր հարցերը չենք լուծում, բայց բավականին խնդիրներ լուծում ենք: Եթե այս անգամ բոլոր ընտրատեղամասերում կամ դրանց մեծ մասում դիտորդներ լինեն, ազդեցությունն ավելի լայնածավալ կլինի»:
Ա.Գրիգորյանի խոսքով` եթե 4000 դիտորդ գրանցվի, ՀՀ-ում եղած 2000 ընտրատեղամասերից յուրաքանչյուրում զույգ դիտորդ է լինում, և բոլոր ընտրատեղամասերը կփակվեն. «Բայց այսպիսի բան կա, որ, եթե 1500 ընտրատեղամասեր փակենք 3000 դիտորդով, դա կլինի ընտրողների 93% թիվ, այսինքն` մեծ համայնքներում, խոշոր տեղամասերում մեծ ազդեցություն է լինում: Եթե դիտորդների թիվը մեծանում է, գնում ենք նաև 800 և քիչ բնակիչներ ունեցող համայնքներ և ընտրողների մինչև 95%-ի չափով ընտրատեղամասերում դիտորդներ ենք ունենում»:
Ընտրատեղամասերից դուրս խախտումների վրա դիտորդներն ազդեցություն չունեն, մինչդեռ, ըստ Գրիգորյանի, խախտումները հիմնականում դուրս են գալիս ընտրատեղամասերից: Փորձագետը նշեց, որ, եթե ընտրատեղամասերում հսկողություն նորից չլինի, խախտումները կվերադառնան ընտրատեղամաս:
Հարցին, թե կարո՞ղ են արդյոք ընտրողները վերցնել առաջարկվող ընտրակաշառքն ու քվեարկել իրենց կամքով, քանի որ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական քաղաքական գործիչներն ընտրողներին նման լուծում են առաջարկում, Ա.Գրիգորյանը պատասխանեց.
«Քաղհասարակությունը, ընդդիմադիրները մեծ աշխատանք ունեն կատարելու, որպեսզի հանրությանը համոզեն, որ չվերցնեն գումար, այլ գնան ընտրեն՝ ըստ իրենց խղճի ու մտքի: Դա խնդիր է, որը դեռ լուծված չէ: Մեդիան, կուսակցությունները, քաղաքացիական հասարակությունը պետք է աշխատեն, հանրությանը համոզեն ու ճանապարհ ցույց տան, որ դա սխալ է, ու եթե ուզում ենք նորմալ երկիր կառուցենք, պետք է բոլորս անհատական մակարդակում պատասխանատվություն կրենք և ընտրենք՝ ըստ մեր խղճի ու մտքի:
Հնարավոր է նաև այդ տարբերակով, բայց կարծում եմ՝ հենց վերցնելը մասնակից է դարձնում քաղաքացուն այդ հանցավոր գործողությանը և այդտեղ ամեն ինչ խեղաթյուրվում է: Կարծում եմ` դա չաշխատող տարբերակ է, այդպես պետք է չլինի, և պետք է ընդհանրապես չվերցնել ու միանշանակ ընտրել՝ ըստ խղճի ու ըստ մտքի»: