«Դժվար տարիք»-ի առանձնահատկությունները
-«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հարցազրույցը «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի հոգեբան Մանուկ Խաչատրյանի հետ:
-Ի՞նչու է դեռահասության տարիքը ճգնաժամային համարվում:
-Դեռահասության տարիքի փուլ մտնելով որպես երեխա, անձը դուրս է գալիս չափահաս դարձած: Այս փուլն անցում է մանկությունից հասունություն: Զարգացումը տեղի է ունենում փուլերով. 3 տարեկանի ճգնաժամ, երբ երեխան իր «ես»-ն է ձևավորում, 7 տարեկանի ճգնաժամ, երբ երեխան դպրոց է գնում, իսկ ամենաճգնաժամայինը դեռահասության շրջանն է: Տարիքային այս փուլում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ, որոնք էական ազդեցություն են ունենում երեխայի անձի ձևավորման և զարգացման վրա: Այս շրջանը բնորոշվում է ֆիզիոլոգիական, հոգեբանական և սոցիալական զարգացման բազմաթիվ առանձնահատկություններով: Առաջինը սեռահասունությունն է: Երբեմն մարմինը սկսում է ոչ կանոնավոր զարգանալ, և երբ երեխան դա նկատում է, այն խորապես ազդում է նրա հոգեվիճակի վրա, ինչի հետևանքով էլ կարող է առաջանալ թերարժեքության բարդույթ: Հոգեբանական առումով էլ երեխան զգայուն է լինում և իր սեփական մարմինը դժվարությամբ է ընկալում: Դրանից էլ ձևավորվում են հոգեբանական բարդույթներ: Երեխան այդ տարիքում ցանկանում է իրեն մեծահասակ զգալ, միևնույն ժամանակ գիտակցում է, որ այդպես չէ, և երբ նրան ընդունում են որպես երեխա, այդ ժամանակ կոնֆլիկտ է առաջանում: Ընդհանուր առմամբ կարելի է ասել դա «մանկության» ավարտն է և «մեծանալու» սկիզբը:
-Ինչպե՞ս կբնութագրեք դեռահասության տարիքը:
-Դեռահասության տարիքում բնավորության գծերը լինում են շեշտված: Այս տարիքում նրանք սկսում են նոր հետաքրքրություններ ձեռք բերել, զբաղվել կոնկրետ զբաղմունքով, հոբբի են ձեռք բերում: Եվ ամենակարևոր առանձնահատկություններից մեկը մեծերի հետ շփումն է, ինչի արդյունքում էլ դառնում են ինքնամփոփ: Դա թեև խնդիր է, բայց այս տարիքում դա առանձնահատկություն է: Երեխան դառնում է կոնֆլիկտային և սկսում է հակադրվել ծնողներին:
-Դեռահասության ճգնաժամային փուլում ինչո՞ւ է կարևոր հոգևոր դաստիարակությունը:
-Դեռահասության փուլում բավական լրջորեն է ընթանում անձի հիմնարար արժեքների ձևավորման գործընթացը, դեռահասն իրականացնում է արժեքների ընտրություն, այդ թվում նաև՝ հոգևոր: Սեփական պատկերացումների և արժեքային համակարգի ձևավորման գործում նշանակալի է համընդհանուր այն արժեքների դերը, որոնք ունեն լայն կիրառություն և բնորոշում են մարդուն՝ որպես անհատի: Հոգևոր դաստիարակության կարևորությունը հենց բարձրագույն արժեքների սերմանումն ու դրանցով դեռահասի անձի զարգացումն է՝ որպես կայուն քաղաքացի և մարդ:
-Կրոնը կարո՞ղ է հանդիսանալ դեռահասների հոգևոր պաշտպանության միջոց:
-Դեռահասները դեռևս հստակ և կայուն պատկերացումներ չունեն կյանքի և երևույթների վերաբերյալ, ու իրենց տարիքային փուլին բնորոշ զարգացման առանձնահատկություններից ելնելով՝ կարող են արագ ենթարկվել արտաքին անբարենպաստ ազդեցությունների: Նման ազդեցությունների ուղղորդման և շտկման գործում մեծ է ամենակարևոր սոցիալական ինստիտուտներից մեկի՝ կրոնի դերը: Իհարկե, կրոնը կարող է հոգևոր պաշտպանության դեր կատարել, քանզի այն կենսական նշանակություն ունեցող գաղափարների ամբողջություն, դաստիարակության և սոցիալականացման կայուն համակարգ է, որը կերտում է մարդուն:
-Ի՞նչ լուծումներ տալ, երբ դեռահասը փորձում է դուրս գալ ծնողական ազդեցությունից:
-Շատ կարևոր է, որ ծնողները գիտակցեն, որ դեռահասության տարիքում երեխան ինչ-որ բան է ուզում ապացուցել: Պետք է ընդունել և հասկանալ, որ նա ինքն իրեն է դա ապացուցում, ոչ թե ծնողին: Նորմալ երևույթ է, երբ երեխան ընդդիմանում է, ցանկանում է մեծահասակ երևալ: Այստեղ ավելի շատ ծնողի դերն է կարևոր: Ամեն մի ծնող, ունենալով դեռահաս երեխա, պետք է հիշի իրեն այդ տարիքում ու ըստ այդմ պատշաճ վարվի նրա հետ: Հարկավոր է «շահել» դեռահասի վստահությունը, չստիպել ու չզայրացնել նրան: Այդպիսով երեխան վերջապես կլինի նախկին լսող ու հնազանդ զավակը, և ծնողը կունենա աճող ու անկախացող երեխա, ով ներդաշնակ կլինի ինքն իր հետ:
-Ինչպիսի՞ն են դեռահասների ռեակցիաները մեծահասակների, հասակակիցների հետ հարաբերություններում:
-Դա կախված է անձնային առանձնահատկություններից ու անհատական է: Դեռահասն օժտված է ինքնուրույնությամբ: Նա պետք է ձգտի հասակակիցների հետ շփումն ավելի ընդլայնել, քանի որ նրանց մոտ ինքնուրույնությունն արտահայտվում է հիմնականում մեծահասակներից:
-Ճի՞շտ է , որ դեռահասության տարիքն ու դեպրեսիան անհամատեղելի են:
-Դեպրեսիան հոգեբանական ախտորոշում է: Ճիշտ է, այն բնորոշ է մեծահասակներին: Դեռահասի մոտ դեպրեսիվ հոգեվիճակ միանշանակ լինում է: Ամենառիսկային տարիքը հենց դեռահասությունն է, դեպրեսիվության ֆոնի վրա ինքնասպանության են դիմում, և իհարկե, դեպրեսիան կարող է լինել վրեժ, ցուցադրական բնույթ կրել և այլն:
-Դեռահասության տարիքում ինչպե՞ս է դրսևորվում ագրեսիան:
-Ագրեսիան հիմնականում ուղղված է լինում սեփական կարծիքը հաստատելուն, մեծ երևալուն, տարբերվելուն, այսինքն հիմնականը դեռահասի ինքնահաստատման պահանջն է և սոցիալական պատկանելիությունը: Երբ երեխայի այս երկու պահանջները, և ինչո՞ւ ոչ, նաև սեռական պահանջը, չեն բավարարում, երեխան լինում է շատ ագրեսիվ, երբեմն էլ կարող է ցուցադրական վարք դրսևորել…
-Ինչպիսի՞ն են դեռահասի փոխհարաբերությունները հասակակիցների հետ:
-Դեռահասի համար էական նշանակություն ունի հասակակիցների կարծիքը սեփական անձի և գործունեության վերաբերյալ: Հետևելով հասակակիցներին՝ նա կրկնօրինակում է նրանց, սկսում է իր մեջ զարգացնել ընկերների շրջանում առավել գնահատված որակներ: Տեղի է ունենում այսպես կոչված արժեքների վերագնահատում, ձևավորվում է բարոյագեղագիտական արժեքների նոր համակարգ: Ընդ որում, շատ հաճախ այդ արժեքներն ավելի կարևոր նշանակություն են ստանում դեռահասի համար, քան մեծահասակների մեջ առկա արժեքները:
Պատրաստեց Նազելի Մարտիրոսյանը