«Իրանը փորձելու է իր ուշադրության կենտրոնում պահել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը»

Հայաստանն ու Իրանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որի կապակցությամբ ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախօրեին ուղերձներ են փոխանակել` արձանագրելով այն բարեկամական, պատմամշակութային, քաղաքական թելերը, որոնք կապում են երկու երկրներին։ Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը նշանավորվում է այդ հարաբերություններում նոր ուղղությունների զարգացմամբ։ Ամրապնդվում է անվտանգության բաղադրիչը։

Այս տարի կողմերն ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը ռազմական և պաշտպանական ոլորտում։ Այս տեսանկյունից բավականին ուշագրավ և հագեցած էր ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն Իրան, որտեղ կայացան տարբեր հանդիպումներ` միտված այս ոլորտում համագործակցության խորացմանը, տարածաշրջանային կայունությանը, Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Այցի ընթացքում կայացել էին Վ.Սարգսյանի բանակցությունները Հոսեյն Դեհղանի հետ։

Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել էր նաև Թեհրանում գտնվող «Մալեք Աշթար» համալսարան, որի գործունեության հիմնական ուղղություններից մեկը պաշտպանական ոլորտին առնչվող նախագծերի իրականացումն է։ Ավելի ուշ հայկական պատվիրակությունն այցելել էր նաև «Իրանի էլեկտրոնային արդյունաբերություն» ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու և իրականացնելու մեջ։ Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև ԻԻՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների բարձրաստիճան ղեկավարության հետ, այցելել` տարբեր գիտահետազոտական և արդյունաբերական ձեռնարկություններ։

Օրերս էլ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Իրանի դերակատարմանը։ Ռոուհանին դեսպանների և միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսեց անվտանգության խնդիրների և տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին։ «Այն ժամանակ, երբ Իրանի հյուսիսային սահմանի մոտ` Ղարաբաղի բարձունքներում, բախումներ էին տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև, Թեհրանն ապահովեց ներկայություն երկու ճակատներում` կրակը դադարեցնելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով»,- ասել է նա։ Ավելին` հայտնի է դարձել, որ մարտի վերջին ԻԻՀ նախագահի մոսկովյան հանդիպումների ժամանակ քննարկվելու է ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցը։

Մեզ հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն ամրապնդվեց Հասան Ռոուհանիի ՀՀ կատարած պաշտոնական այցով, որի ընթացքում վերահաստատվեց այն բարեկամական մթնոլորտը ու հարաբերությունները խորացնելու ցանկությունը, որը միշտ եղել է այս հարաբերություններում, սակայն չի օգտագործվել Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների առկայության պատճառով։ Ըստ նրա` ներկայումս սկսվել է հարաբերությունների խորացման բուն գործընթացը։

«Իսկ ոլորտները և ուղղությունները նախանշեց նախագահ Ռոուհանին իր երևանյան այցի ընթացքում։ Ես մշտապես ասել եմ, որ այդ հարաբերությունները, բացի բարեկամական և հարգանքի կոնտեքստից, ներառում են նաև կոնկրետ շահեր, որոնք կապում են Իրանին և Հայաստանին։ Այդ շահերի հարցում գլխավորը գազի արտահանումն է դեպի Եվրոպա, Սև ծով-Կասպից ծոց պրոյեկտը, որը հսկայական օգուտների աղբյուր կդառնա երկու երկրների, մասնավորապես` ՀՀ-ի և ողջ տարածաշրջանի համար։ Եթե չեմ սխալվում, Իրանն արդեն փոքր ծավալի գազ է արտահանում դեպի Հայաստան, և սա կարող է իսկապես շարունակական և ընդլայնվող պրոյեկտ դառնալ։

Գիտե՞ք` նման ծրագրերը ոչ միայն դրական են տնտեսական շահի, այլև տարածաշրջանային ինտեգրացիայի տեսանկյունից, քանի որ աշխարհի զարգացման ներկայիս միտումները, գլոբալիզացիայի նկատմամբ հետաքրքրության անկումը մղում է երկրներին ավելի փոքր բլոկային համագործակցությունների և տարածաշրջանների ամրապնդման։ Սա ներկայումս անխուսափելի մարտահրավեր է դառնում, որ կարելի է լուծել նման ծրագրերի իրականացմամբ»,- պարզաբանեց նա։

Անդրադառնալով տարածաշրջանում ՌԴ դերակատարությանն ու տեսակետներին, որ այս ծրագրերը կսահմանափակվեն ՌԴ-ի կողմից, Բարզեգարն ասաց, որ պետք է հաշվի առնել, որ Հարավային Կովկասում և այն տարածաշրջանում, որտեղ Հայաստանն է տեղակայված, ՌԴ-ն ավանդաբար ունեցել է և ունի գերտերության դիրքեր։ Ըստ նրա` սա նշանակում է, որ ինչպես ցանկացած երկրի դեպքում, որը հետևում է իր ազգային շահերին, գերտերության դեպքում այդ շահերը պարտադրվում են նաև մյուս երկրներին, մյուս երկրների համար գերտերությունների շահերը ոչ միշտ են շահեր։

«Երկրների պարտավորությունն է` կարողանալ հաղթահարել նման իրավիճակները, ստեղծել նոր հնարավորություններ` կոտրելով սահմանափակումները, և այս ճանապարհին Իրանն իրական այլընտրանք կարող է դառնալ Հայաստանի համար` իր էներգակիրներով, գլոբալ պրոյեկտներով, որը կամրապնդի նաև տարածաշրջանային անվտանգությունը։ Չէ՞ որ տնտեսական կայունությունն անդրադառնում է երկրների զարգացման բոլոր ոլորտների վրա»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով` Հայաստանն այնուամենայնիվ շարունակում է հարաբերությունները խորացնել Իրանի հետ այնքան, որքան այսօր դա հնարավոր է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը դեռ ամբողջությամբ չի հաղթահարել անցյալը, իսկ այսօր գտնվում է նոր սպառնալիքների առջև` Թրամփի վարչակազմ և իրանաիսրայելական հակասություններ։

Ըստ Բարզեգարի, սրանք դեռ շարունակում են Իրանին ետ պահել իր հնարավորություններից։

«Եթե իրականություն դառնան Թրամփի խոստացած պատժամիջոցները, ապա մենք կհայտնվենք ավելի բարդ մարտահրավերների առջև։ Սակայն մինչ դա էական խոչընդոտներ տարածաշրջանային ինտեգրացիայի համար չկան»,- ասաց իրանցի միջազգայնագետը։

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններում անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը` Բարզեգարն այդ կոնտեքստում չափազանց ուշագրավ որակեց Վիգեն Սարգսյանի այցն Իրան, որը լայնորեն լուսաբանվեց և հայկական, և իրանական ԶԼՄ-ների կողմից։ Նա այս այցն առանցքային հանգրվան որակեց` այս ոլորտում հարաբերությունները խորացնելուն ընդառաջ։

Բարզեգարը հիշեցրեց, որ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ ոչ միայն Իրանի ղեկավարության, այլև պաշտպանության ոլորտի ղեկավարների հետ, ըստ էության ուրվագծելով այս ոլորտում հայ-իրանական հետագա համագործակցությունը։ «Այս ոլորտում, ինչպես տնտեսականում, հայ-իրանական հարաբերությունները բոլորովին չեն համապատասխանում առկա ներուժին։ Դեռ փակագծերը չեն բացվել ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ։ Սակայն կարող ենք ենթադրել, որ կողմերը կիրականացնեն փորձի փոխանակում։

Դատելով տեղեկատվությունից, որ Սարգսյանն այցելել է բանակի թիկունքային ապահովմամբ զբաղվող ընկերություն, ցանկացել է տեղեկանալ այս ոլորտում Իրանի գրանցած հաջողությունների մասին միգուցե այս ոլորտում հետագա զարգացման հեռանկարով, քանի որ Իրանն այս հարցում կարող է օգտակար լինել ՀՀ-ի համար։ Իրանն ինքը ևս, հաշվի առնելով հանգամանքը, որ Իրանը գերտերություն է, պատժամիջոցների վերացումից հետո պետք է փորձի ակտիվացնել իր ներկայությունը տարածաշրջանում այս ոլորտում, ինչը հաշվի առնելով` կարող եմ ասել, որ չեն բացառվում նաև ներդրումներ այս ոլորտում։ Կոնկրետ նեղ բնագավառների մասին այսօր չեմ կարող ասել»,- նշեց Կայհան Բարզեգարը։

Նա նշեց, որ այս ոլորտում հսկայական բաց կա, որը պետք է լրացնել, որի համար բավականին երկար ժամանակ է հարկավոր։ Սակայն, նրա կարծիքով, եթե հաջողվի այս ոլորտում համագործակցությունը հավասարեցնել քաղաքական համագործակցության մակարդակին, ապա կբարձրանա երկու երկրների, հետևաբար` նաև տարածաշրջանի անվտանգությունը։ Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ապա, ըստ նրա, այս հարցում Իրանի դիրքորոշումը չի փոխվել։

«Իրանը չեզոք մոտեցում է փորձում ցուցաբերել այս հարցում։ Չնայած Իրանի ակտիվությունը ղարաբաղյան ուղղությամբ սովորաբար նյարդայնացնում է Ադրբեջանին, քանի որ Իրանի և Հայաստանի շահերը ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ փոքր-ինչ համընկնում են։ Պատահական չէր Իրանի նախագահ Ռոուհանին շեշտել հյուսիսային սահմանի մասին։ ԼՂ հակամարտությունն Իրանին հետաքրքրում է հենց այս հատվածով, այստեղ կայունությունն Իրանի ազգային անվտանգության հարցն է։ Ուստի Իրանը տարածաշրջանային ակտիվության բարձրացման և կոնկրետ այս հարցում մեր շահերի ֆոնին, շարունակելով պահպանել չեզոք դիրքորոշում, փորձելու է իր ուշադրության կենտրոնում պահել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը, միևնույն ժամանակ չմիջամտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին»,- ասաց Կայհան Բարզեգարը։

Տեսանյութեր

Լրահոս