«Բելառուսը, արտահանձնելով Լապշինին, սրում է ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները». ԶԼՄ-ներ
«Ուկրաինսկայա պրավդան» իր այսօրվա համարում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ այցի համար Ադրբեջանի պահանջով արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի պատմությանը՝ ի հեճուկս Ռուսաստանի և Հայաստանի սպասումների։
Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բլոգերին արտահանձնել Բաքվին, որը մեղադրվում է Ադրբեջանի սահմաններն անօրինական կերպով հատելու և Ադրբեջանի դեմ ուղղված կոչեր անելու մեջ։
2011 թվականից Լապշինը եղել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղ «չհամաձայնեցված այցի» համար։
Լապշինի գործը նախադեպ է ստեղծում հետխորհրդային տիրույթի բոլոր չճանաչված տարածքների համար, որոնք վայելում են Ռուսաստանի աջակցությունը՝ Ղրիմ, Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստր։
Ինչպես գրում է «Բելառուսական պարտիզանը», հաշվի առնելով այն, որ Բելառուսը այնպիսի կազմակերպությունների անդամ է, ինչպիսիք են ՀԱՊԿ-ն ու ԵՏՄ-ն, այսինքն՝ Հայաստանի և Ռուսաստանի փաստացի ռազմաքաղաքական դաշնակիցն է, Լապշինի արտահանձնումը չի կարող այդ երկրներում գնահատվել այլ կերպ, քան ոչ բարեկամական քայլ։
Այսպես, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Լապշինին տեղափոխել են Բաքու, Ռուսաստանի Միջազգային գործերի խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովն արտահանձնումը որակել է «աննախադեպ դեպք» ու «դիվանագիտական դեմարշ»։
«Կարծում եմ՝ Լուկաշենկոն գնում է լուրջ քաղաքական ռիսկի, նա պետք է իրեն հաշիվ տա, որ Ռուսաստանի ղեկավարությունը հակված չէ գնալ զիջումների ճնշման ներքո, այսինքն՝ դա այն լեզուն չէ, որով կարելի է խոսել Մոսկվայի հետ»,- հայտարարել է Կորտունովը։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը իր հերթին Բելառուսին անվանել է «նացիստական պետություն»։