Ներսես Երիցյանը Վահրամ Բաղդասարյանին բացատրեց Կենտրոնական բանկի դերն ու լիազորությունները
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանից հետաքրքրվեց, թե 2016 թվականին ֆիզիկական անձանց ավանդների գումարը մեր հայկական բանկերում որքանո՞վ է ավելացել, և քանի՞ ավանդադիր ֆիզիկական անձ ունենք։
Ի պատասխան՝ Ն. Երիցյանն ասաց, որ 20 տոկոսից ավելի ավանդներն են աճել, կեսից ավելին ֆիզիկական անձինք են.
«Խոսքը 200 միլիոն դրամ ավանդների ավելացման մասին է։ Տարեկան մեր ավանդատուներին մոտավորապես 130-140 միլիարդից ավելի եկամուտ են բանկերը դեպոզիտների տոկոսների ձևով տրամադրում»։
Նույն խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ դիմեց Ն. Երիցյանին.
«Փորձի համար ես վաղը ձեզ երիտասարդ, նորաստեղծ ընտանիքներից 10 հոգու ցուցակ պետք է ուղարկեմ, որոնք ունեն սոցիալական լուրջ խնդիրներ, և պետք է հետևողական լինեմ, որ այդ ընտանիքներին 6-7 տոկոսով տրամադրվի հիպոթեքային վարկ, դուք պատրա՞ստ եք այդ հարցը լուծելու»։
Ի պատասխան՝ Ն. Երիցյանն ասաց. «Ես պատրաստ եմ ձեզ հետ աշխատելու…»:
Խոսքը դեռ չավարտած, սակայն, Վ. Բաղդասարյանը նրան ընդհատեց՝ ասելով.
«Ներողություն, ես չեմ ավարտել։ Դուք բանկերի հետ աշխատեք, իմ հետ մի աշխատեք։ Եթե համաձայն եք, ապա վաղը փորձնական ուղարկեմ այդ 10 հոգու ցանկը»։
ԿԲ նախագահի տեղակալը շարունակեց պատասխանել.
«ԿԲ-ն իր քաղաքականությունն է իրականացնում, երաշխավորում է կայունությունը, ադմինիստրատիվ լծակներ՝ տոկոսներ իջեցնելու կամ բանկերին պարտադրելու, որ վարկեր տան՝ ԿԲ-ն չունի։ Դրա համար մենք ստեղծել ենք ինստիտուտ՝ երիտասարդ ընտանիքների վարկավորման ինստիտուտը, որը հիմնադրամ է, և այնտեղ կան միջոցներ, ես կառաջարկեմ այդ թեկնածուներին դիմել այնտեղ, մենք էլ հետևողական կլինենք։ Եթե դիմում են այդ ինստիտուտին, ունեն վարկունակություն, և կառավարության կողմից սահմանված պահանջներին բավարարում է, նրանք բոլորը ստանում են այդ հիպոթեքային վարկերը։ Այսօր տասնյակ-հազարավոր մեր երիտասարդ քաղաքացիներ օգտվում են այդ վարկերից»։