ՀԱԿ-ը ստորագրահավաք է սկսում Սահմանադրական դատարան դիմելու համար

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բարձրացրեց ընտրությունների օրը վերանայելու հարցը։

Նա նկատեց, որ Հայաստանի ամենաօրակարգային հարցն առաջիկա խորհրդարանական ընտրություններն են.

«Նախագահի հրամանագրով՝ ապրիլի 2-ը նշանակվել է այդ ընտրությունների օր։ Մեր խմբակցության կարծիքով՝ այդ հրամանագիրը հակասում է Սահմանադրության մի քանի նորմերին, և մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրությունները չէին կարող նշանակվել այդքան շուտ։ Իշխանությունը՝ ի դեմս Դավիթ Հարությունյանի, ներկայացրել  է իր հակադարձ փաստարկները, բայց մենք կարծում ենք, որ այն հիմքերը, որ առկա են, լրիվ բավարար են, որ մենք դիմենք Սահմանադրական դատարան։

Գագիկ Ջհանգիրյանի կողմից հեղինակվել է մի դիմում ՍԴ-ին, որն ուղղված է հենց այդ հրամանագիրն անվավեր ճանաչելուն։ Ես ու Արամ Մանուկյանն անմիջապես կգնանք ու ձևաթուղթ կվերցնենք, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունների  ստորագրահավաքը սկսենք։ Խնդրում ենք բոլոր պատգամավորներին, ովքեր ցանկանում են, որ ընտրությունների հենց սկզբից օրինականությունը կասկածի տակ չլինի, միանալ այս հայտին։ Ձևաթուղթը դրված կլինի ՀԱԿ խմբակցությունում»։

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ նշեց, որ եղել են մասնագետների բացատրությունները տվյալ որոշման  մասին. «Բացի դրանից, հնչել է նաև ՀՀ նախագահի մոտեցումն այն մասին, որ սկզբունքային չէ խնդիրը, և քաղաքական ուժերի համաձայնության դեպքում՝ մենք պատրաստակամ ենք օրը վերանայելու»։

Տեսանյութեր

Լրահոս