Բաժիններ՝

«Թրամփի միգրացիոն հրամանագիրը վնաս է հասցնում ԱՄՆ հետախուզությանը». ԿՀՎ նախկին ղեկավար

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) և Ազգային անվտանգության գործակալության նախկին տնօրեն Մայքլ Հեյդենը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագիրը՝ հայտարարելով, թե դրանից տուժում են նաև ամերիկացի լրտեսները, գրում է Washington Post-ը։

«Նախագահ Թրամփի հրամանագիրը միգրացիայի հարցով վատ մտածված է, թույլ իրականացվելիք ու վատ բացատրված է»,- հայտարարել է Հեյդենը։

«Ես տեղեկություններ եմ ստացել հետախուզության բազմաթիվ մասնագետներից, որոնք պետք է հաշտվեն հետևանքների հետ։ Նրանք նշել են, որ 7 երկրներից 6-ը (բացի Իրանից), որոնք հայտնվել են հրամանագրի ազդեցության ներքո, անբարեկեցիկ երկրներ են, որտեղ մարդկային ռեսուրսները առանցքային են ԱՄՆ-ի առաջ ծառացած սպառնալիքների դեմ պայքարում»,- ասել է ԿՀՎ նախկին ղեկավարը։

«Նրանք (հետախուզության ծառայությունների աշխատակիցները) նշել են, որ հրամանագիրը խաթարել է տեղեկատուների հավատը։ Տեղեկատուները շատ բան են վտանգել, եթե չասենք՝ ամեն ինչ, որպեսզի պահպանեն ԱՄՆ-ի անվտանգությունը»,- նշել է Հեյդենը։

«Մենք կմնանք թույլ ու հաշվենկատ գործակալների հետ, որոնք գործարքի կգնան միայն հանուն փողի, դա տեղեկատուների վատագույն տեսակն է»,- կարծում է նա։

Հրամանագիրը, որը Թրամփը ստորագրել էր անցած շաբաթ, նպատակ ունի երկիր արգելել արմատական իսլամիստների մուտքը: Փաստաթուղթը կասեցնում էր փախստականների ընդունումը՝ Սիրիայից՝ անորոշ ժամանակով, մյուս երկրներից՝ 120 օրով:

90-օրյա արգելքի տակ էր հայտնվել նաև Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Եմենի քաղաքացիների մուտքը ԱՄՆ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս