Բաժիններ՝

Լսեք ձեր օրգանիզմին. այն փորձում է ձեզ կարևոր բան հայտնել

Մարդու օրգանիզմը յուրահատուկ մեխանիզմ է. այն զգուշացնում է առկա առողջական խնդիրների և սպառնացող վտանգների մասին։ Fithacker.ru-ն ներկայացրել է, թե ինչպես է օրգանիզմը փորձում հուշել առողջական խնդիրների առկայության մասին։

Հաճախակի մրսածությունը կարող է վկայել աղիների բակտերիալ դիսբալանսի մասին։ Աղիներում բակտերիաները կարևոր են իմունիտետի բարձրացման և շատ հիվանդություններից պաշտպանվելու համար։ Երբ բակտերիաների քանակը չի բավարարում, իմունիտետը թուլանում է, և հաճախ եք մրսածություն ունենում։ Աղիներում բակտերիալ դիսբալանսի նշաններն են անառողջ մաշկը, վարակները, միզուղիների ինֆեկցիաները, փորկապությունը, գազերն ու որովայնի փքվածությունը։

Ճաքած շրթունքները կարող են վկայել ջրազրկման մասին։ Չորությունն ու թեփոտությունը ջրազրկման նշաններ են։ Քանի որ շուրթերը մեծ քանակով ջրի կարիք ունեն, ջրային հավասարակշռության խախտումն առաջին հերթին արտացոլվում է շուրթերի վրա։ Ջրազրկումն արտահայտվում է այնպիսի նշաններով, ինչպիսիք են հոգնածությունը, քաղցր կամ աղի մթերք ուտելու ցանկությունը, մեծ ախորժակը, գրգռվածությունը, կենտրոնանալու անկարողությունը։

Շուրթերի եզրերի ճաքերը վկայում են վիտամինների անբավարար քանակի մասին։ Սա կարող է կապված լինել անառողջ սննդի օգտագործման հետ. ամենայն հավանականությամբ, մեծ քանակով շաքար, ռաֆինացված և մշակված սնունդ և ալկոհոլ եք օգտագործում։ Վիտամին D-ի պակասն արտահայտվում է աչքերի տակ մուգ շրջանակներով, մաշկի հետ կապված խնդիրներով, հոգնածությամբ և անեմիայով։

Կոկորդում և ականջներում քորը կարող է վկայել կանդիդոզի առկայության մասին։ Սա սնկային հիվանդություն է։ Այն մաշկի բորբոքում և գրգռում է առաջացնում։ Բացի կոկորդում և ականջներում առաջացող քորից՝ կանդիդոզը կարող է հանգեցնել ինֆեկցիայի, տրամադրության կտրուկ իջեցման, քաշի ավելացման, հոգնածության, թույլ իմունային համակարգի։

Անսպասելի հոգնածությունը կարող է վկայել կոֆեինի շատ օգտագործման մասին։ Առավոտյան շատերն են սուրճ խմում՝ արթնանալու համար։ Դրա պատճառը թեյի և սուրճի մեջ պարունակվող կոֆեինն է, որը կարճ ժամանակով էներգիա է հաղորդում։ Օրվա ընթացքում ևս մի քանի անգամ սուրճ ենք խմում, երբ զգում ենք, որ ուժերը չեն բավականացնում։ Սակայն կոֆեինի շատ օգտագործումը կարող է հանգեցնել սրտխփոցի, անհանգստության, անքնության, ինչպես նաև այրոցի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս