«Սա լրացուցիչ ազդակ է Ալիևին»
«Նախ՝ պետք է հասկանալ, որ այս հայտարարությունը նոր աշխատակազմի առաջին հայտարարությունն է, որը վերաբերում է Հայաստանին, մեր տարածաշրջանին և Լեռնային Ղարաբաղին։ Կարծում եմ, որ սա ոչ միայն հստակ ուղերձ էր Ադրբեջանի իշխանություններին առ այն, որ ԱՄՆ-ը շարունակում է պահպանել այն քաղաքական գիծը, որը որդեգրել է, այլև մի փոքր ավելի ագրեսիվ է ներկայանում՝ ասելով, որ այս հակամարտությունը պարզապես չի բխում ԱՄՆ ազգային անվտանգության շահերից։ Սա լրացուցիչ ազդակ է Ալիևին, ով վերջին ժամանակահատվածում դարձել է Սադամ Հուսեյնը և միջազգային հանրության կարծիքը հաշվի չի առնում, փորձում է ինքնուրույն խաղալ, ինքնուրույն որոշումներ կայացնել, ռազմական գործողություններ նախաձեռնել ոչ միայն ԼՂ-ի հետ շփման գծում, այլև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությանը ԼՂ հակամարտության կարգավորման մասին։
Նրա խոսքով, ԱՄՆ-ը այն պետությունը չէ, որը պասիվ ներգրավվածություն ունենա ինչ-ինչ ուղղություններով, ԱՄՆ-ը գերտերություն է՝ օժտված գերտերության բոլոր հնարավորություններով, և պարզ է, որ ամեն տեղ ներկայացված է լինելու, ամեն տեղ իր շահերն է առաջ մղելու։ «Շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել ՄԽ բանակցային գործընթացում։ Չմոռանանք, որ ՄԽ-ի համանախագահությունը երևի թե միակ ձևաչափն է, որտեղ երեք պետություններն ունեն ընդհանուր պատկերացնումներ, լարված մթնոլորտ չկա, ուստի այս ձևաչափը բավականին արդյունավետ է, չեմ կարծում, որ որևէ մեկի դերը կամ նշանակությունը կարող է էապես պակասել»,- ասել է վերլուծաբանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: