«Ադրբեջանը կարող է միջին մակարդակի էսկալացիայի նոր փորձ կատարել շփման գծում». Սերգեյ Մինասյան

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով հակառակորդի ձախողված դիվերսիոն փորձին՝ ասաց, որ ամեն ինչ վկայում է այն մասին, որ գործ ունենք Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության զինծառայողի հետ:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին, ժամը 15:00-ի սահմաններում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, որը կանխվել է: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին:

Սերգեյ Մինասյանի խոսքով՝ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տրված իրարամերժ տեղեկություններն ավելի ծիծաղելի վիճակ են ստեղծում: Փորձագետն ընդգծեց, որ վերջին դիվերսիոն փորձերի կանխումները ցույց են տալիս, որ շփման գծում բավական լուրջ աշխատանքներ են կատարվել՝ և՛տեխնիկական հագեցածության, և՛ մարտական ծառայության հետ կապված:

«Դա նաև ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը փորձել է և փորձելու է մշտական լարվածությունը շփման գծում պահպանել՝ որպես և՛ քաղաքական, և՛ հոգեբանական ճնշման միջոց: Բայց այս փորձերը ևս մեկ անգամ վստահության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին են վկայում, որի վերաբերյալ ավելի ակտիվ առաջխաղացում են փորձում ձեռք բերել հայկական կողմն ու ՄԽ համանախագահները: Կարծում եմ՝ սա նաև լավ առիթ է, որ Մինսկի խումբն ու հայկական կողմն ավելի ակտիվ լինեն ու ստիպեն Ադրբեջանին կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պարտավորությունները»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Ս. Մինասյանի խոսքով՝ այս իրադարձությունները և երկու երկրներում առկա ներքաղաքական իրավիճակը ստեղծում են նույն իրավիճակը, որը կար ապրիլից առաջ, և ըստ նրա՝ դա նույնպես կարող է պատճառ դառնալ, որ Ադրբեջանը միջին մակարդակի էսկալացիայի նոր փորձ կատարի շփման գծում:

Հարցին՝ հաշվի առնելով նախորդ դիվերսիոն փորձից հետո եղած պատասխանը՝ ՄԽ համանախագահների այժմյան պատասխանն ինչպիսի՞ն կլինի, նա այսպես պատասխանեց. «Այն հանգամանքը, որ մենք ունենք գերեվարված հատուկ նշանակության զինծառայող Ադրբեջանից, լավ առիթ է նաև ՄԽ համանախագահների համար՝ փաստական առումով ավելի կոշտ դիրքորոշում ունենալ և ադրբեջանական կողմին հասկացնել, որ վստահության մեխանիզմների առումով որևէ առաջընթաց տեղի ունենա: Տարբեր հարթակներում Ադրբեջանը փորձում է խոչընդոտներ ստեղծել ոչ միայն ՄԽ-ի, այլ ընդհանրապես ԵԱՀԿ-ի գործունեության համար: Ադրբեջանը բավականին խոցելի իրավիճակում է գտնվում ԵԱՀԿ-ի հարթակներում, և այս առիթը միայն ու միայն նոր հնարավորություն է տալիս հստակ դիրքորոշումներ ցուցաբերել Ադրբեջանի հանդեպ»:

Իսկ հարցին՝ չնայած Ադրբեջանը վաղուց է եվրոպական հարթակներում խոցելի վիճակում գտնվում, բայց ՄԽ համանախագահների վերաբերմունքը շարունակում է կրավորական մնալ, հիմա ինչո՞ւ պետք է փորձեն ավելի կոշտ լինել, նա պատասխանեց. «Ես նկատի ունեի, որ բավականին հարմար առիթ է: Այստեղ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ Հայաստանի և ՄԽ համանախագահների դիրքորոշումներն առնվազն այս հարցում համընկնում են: Դա հնարավորություն է տալիս հերթական փաստարկ ունենալ Ադրբեջանի դեմ՝ ճնշման առումով: Բայց դրա հետ մեկտեղ՝ այո, ես համաձայն եմ, որ ՄԽ համանախագահները կարող էին ավելի ակտիվ և ավելի կոշտ դիրքորոշումներ ունենալ, առավել ևս, որ վստահության մեխանիզմների առումով պարտավորություններն Ադրբեջանը տվել է ոչ միայն ՄԽ-ին, այլ նաև ՄԽ որոշ անդամ երկրների ղեկավարներին»:

Տեսանյութեր

Լրահոս