«Հայ շարքային օգտատերերն ադրբեջանցի հակերների թիրախում են». Սամվել Մարտիրոսյանը նրանցից պաշտպանվելու միջոցներ է առաջարկում

«Տեղեկատվական անվտանգության արտաքին ոլորտում մեզ մոտ հիմնականում մի խնդիր կա` Ադրբեջանը։ Եթե մինչև վերջերս ադրբեջանցիները թիրախավորում էին կայքերը, ապա նախորդ տարվանից անհատ օգտատերերի վրա հարձակվելու լուրջ քայլեր են անում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մՙարտիրոսյանը՝ հավելելով, որ հայ օգտատերերը դարձել են ադրբեջանցիների թիրախ:

«Հունվարի վերջերին կրկին հարձակումների մեծ ալիք եղավ: Իհարկե, ադրբեջանական հակերները շատ են սիրում ուռճացնել թվերը և իրենց արած գործն ազդեցիկ ներկայացնել, բայց եթե անգամ խոսքը ոչ թե՝ հազար, այլ՝ հարյուր օգտատերի մասին է, ապա դա էլ է խնդիր, որովհետև ոչ միայն մարդկանց էջերը կոտրում ու նրանց անունից վատ բաներ են գրում, այլ նաև գողանում են նրանց անձնական տվյալները: Մեսինջերներով իրար են ուղարկում անձնագրերի, այլ փաստաթղթերի նկարներ, ինչը մտահոգիչ է»,- ասաց փորձագետն ու ընդգծեց, որ ադրբեջանական վտանգը շարունակելու է մնալ:

Ոլորտի մյուս արտաքին վտանգը, ըստ փորձագետի՝ կիբերհանցագործությունների աճն է՝ ՀՀ քաղաքացիների դեմ. «Դա ադրբեջանցիների հետ կապ չունի, մենք ուղղակի մեծ շուկայի մաս ենք դառնում, որի ամենաազդեցիկ հանցագործությունները կրիպտովիրուսներն են: Արդեն 2016-ին նկատվում էր, որ Հայաստանը դառնում է հետաքրքիր թիրախ կիբեր կրիմինալի համար, որովհետև, վերջիվերջո, երբ ցանցից օգտվում է մոտ 2 մլն մարդ, դա արդեն մեծ շուկա է մարդկանցից գումար կորզելու համար:

Կրիպտովիրուսները կոդավորում են համակարգչի ֆայլերը, և դրանք ապակոդավորելու համար հակերները գումար են պահանջում: Իսկ փրկագինը գնալով աճում է. 2015թ. ամբողջ աշխարհի կտրվածքով՝ 50-60 մլն դոլարի մասին է խոսք եղել, 2016թ.-ը գնահատվում է մոտ 1 մլրդ դոլար, և աճը շարունակվում է, որովհետև հակերներն արդեն Օրիֆլեյմի ոճով են աշխատում: Այսինքն՝ այսօր յուրաքանչյուրը կարող է հակերների հետ համագործակցել: Հակերներից վիրուսը վերցնում՝ վարակում ես քո ընկերներին, և փրկագնից տոկոս ես ստանում:

Սա որակական ու քանակական լուրջ փոփոխություններ է բերում, որովհետև մարդիկ արդեն իրենց կազմակերպություններն են թաքուն վարակում: Եթե, օրինակ՝ վարակես այն բանկը, որտեղ աշխատում ես, ապա մի 200 հազար դոլարից 20% ստանաս, ընտանիք կպահես»:

Փորձագետի խոսքով՝ այս մեթոդը կարող է Հայաստան էլ հասնել. «Եթե, իհարկե, չի հասել»:

Կիբերհանցագործություններից պաշտպանվելու համար փորձագետը խորհուրդ է տալիս, նախ և առաջ, նույն գաղտնաբառը մի քանի տեղ չօգտագործել, չբացել պատահական նամակներ, չխաբվել տարբեր բովանդակություն ունեցող նամակներին, որոնք ստանում եք մեյլով. «էլեկտրոնային փոստով կարող են հղում ուղարկել, որտեղ գրված լինի, օրինակ՝ Facebook.com, բայց իրականում տակն ուրիշ հղում լինի: Եթե նման հարց կա, մտեք Ֆեյսբուք, պետք չէ այդ հղումի վրա քլիք անել: Կա նաև երկու փուլային մուտքի տարբերակը, որ, եթե ձեր գաղտնաբառն ունենան էլ, չեն կարող կոտրել: Դրա հնարավորությունը տալիս է թե՛ Facebook-ը, թե՛ G-mail-ը:

Այսինքն՝ երբ դուք մուտքագրում եք ձեր գաղտնաբառը, երկրորդ պատուհանն է բացվում, որտեղ պետք է համապատասխան կոդը մուտքագրել, որը կարող է կամ SMS-ով գալ, ինչը խորհուրդ չի տրվում, քանի որ այն վստահելի չէ, կամ հավելվածով: Facebook-ի դեպքում կա Code generator, որի վրա երբ սեղմեք, տարբեր կոդեր է առաջարկում: Սա անվտանգ է դարձնում ձեր էջը»:

Տեսանյութեր

Լրահոս