Դավիթ Հարությունյանը պատասխանել է խորհրդարանական ընտրությունների օրվա հետ կապված Էլինար Վարդանյանի բաց նամակին

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի՝ Հանրապետության Նախագահին ուղղված բաց նամակին:

Հարությունյանը պարզաբանել է, թե ինչու ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը պետք է անցկացվի 2017 թվականի ապրիլի 2-ին: Դ. Հարությունյանի պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«ՀՀ Նախագահը, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածը, 2016թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել է 2017թ. ապրիլի 2-ին: ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 5-րդ հոդվածի երկրորդ մասը սահմանում է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը (այդ թվում՝ ՀՀ Նախագահի հրամանագրերը) պետք է համապատասխանեն ՀՀ օրենքներին և սահմանադրական օրենքներին: ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից (այսինքն՝ 2017 թվականի մայիսի 31-ից) ոչ շուտ, քան 60 օր, և ոչ ուշ, քան 50 օր առաջ (ապրիլի 1-ից մինչև 11-ն ընկած ժամանակահատվածում):

Այս իրավանորմերի համադրությունից հետևում է, որ ՀՀ Նախագահի հրամանագիրն ընդունվել և հրապարակվել է սահմանադրական օրենքին՝ ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան:

Անդրադառնամ նաև մյուս հարցին՝ արդյո՞ք ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը: Կա մոտեցում, ըստ որի 2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները պետք է անցկացվեն ոչ թե 2017 թվականի ապրիլի 2-ին, այլ ապրիլի վերջին տասնօրյակում, քանի որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների անցումային դրույթների համաձայն՝ պետք է առաջնորդվել, ոչ թե նոր Սահմանադրության 91-րդ հոդվածով, այլ 2005 թվականի ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգավորումներով: Այս մոտեցումը փորձ է արվում հիմնավորել այն հանգամանքով, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրության անցկացման ժամանակահատվածը կանխորոշող՝ ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 91-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ Սահմանադրության 209-րդ հոդվածի 3-րդ մասում առկա կարգավորման համաձայն դեռ ուժի մեջ չի մտել, հետևաբար, չի կարող կիրառվել:

Թվացյալ խնդիրն իրականում առաջացել է ներսահմանադրական անհամապատասխանության պատճառով. հենց ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 209-րդ հոդվածի 3-րդ մասում 91-րդ հոդվածի ներառումն է պատճառ դարձել այդ ներսահմանադրական անհամապատասխանության:

Այդ կապակցությամբ, կարծում եմ, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շարք կարևոր հանգամանքների վրա.

Ի տարբերություն 1995 և 2005 թվականների խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունների, 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունը 89-րդ հոդվածով սահմանել է ՀՀ Ազգային ժողովի ընտրական համակարգը, որն էականորեն տարբերվում է նախկինում կիրառված համակարգերից: ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի հիման վրա ՀՀ Ազգային ժողովի նոր ընտրակարգն առաջին հերթին պետք է ապահովի՝

ա. միայն համամասնական ընտրակարգով ընտրությունների լիարժեք կազմակերպումը,

բ.  ընտրության և քվեարկությունների գործընթացի լիարժեք վերահսկելիությունը, ինչը ենթադրում է նաև տեղամասային քվեարկության արդյունքների չեղյալ համարելու և վերաքվեարկություն կազմակերպելու հնարավորություն, որից հետո միայն կարող են ամփոփվել ընտրությունների արդյունքները,

գ. ընտրության արդյունքներում խորհրդարանական կայուն մեծամասնության չձևավորման պարագայում քաղաքական կոալիցիայի ձևավորման հնարավորություն,

դ. կայուն խորհրդարանական մեծամասնության և կոալիցիայի չձևավորման պարագայում ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլի կազմակերպում:

Այս բոլորը ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված հաջորդայնությամբ կարող են իրականացվել, և ընտրական գործընթացի բնականոն ընթացքը կարող է ապահովվել միայն այն դեպքում, երբ ընտրություններն անցկացվեն ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 60 օր և ոչ ուշ, քան 50 օր առաջ:

Այսպիսով, հաշվի առնելով նոր ընտրական համակարգին բնորոշ մի շարք հնարավոր գործընթացներ (օրինակ՝ կոալիցիաների ձևավորման ժամկետները, ընտրությունների երկրորդ փուլի իրականացման հնարավորությունը, ընտրությունների արդյունքների բողոքարկման արդյունքում վերաքվեարկությունը և այլն) ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածով նախատեսվել է հենց 60 օր և 50 օր ժամանակացույցը, որի պայմաններում միայն հնարավոր կլինի ապահովել օրենսդիր իշխանության հաջորդայնությունը և չառաջացնել իշխանության վակուում:

Իրավական բովանդակության տեսանկյունից պարզ է դառնում, որ ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը լիարժեք համապատասխանում է հենց այս պայմաններին և դրանով նախատեսված կառուցակարգերը (այդ թվում՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված ժամանակացույցը) ուղղակի բխում են ՀՀ Սահմանադրության համակարգային մեկնաբանությունից:

Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության բովանդակային անհամապատասխանությանը, ապա մեր կարծիքով, այն հաղթահարվում է ՀՀ Սահմանադրության ինքնաբավության և սահմանադրական տեքստի ներքին միասնության երաշխավորման սկզբունքի կիրառմամբ, երբ անհամապատասխանության դեպքում գերապատվությունը տրվում է ոչ թե զուտ ընթացակարգային- կազմակերպական սահմանադրական կարգավորումներին, այլ ժողովրդավարական պետության հիմք հանդիսացող կարևորագույն նշանակություն ունեցող սահմանադրական նորմերին և սկզբունքներին:

Փաստորեն, տվյալ պարագայում միայն դոգմատիկ պոզիտիվիստական մոտեցումից խուսափելով՝ հնարավոր կլինի արդյունավետ իրացնել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված առանցքային նյութական դրույթները. դրանք են՝ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով նախատեսված ՀՀ քաղաքացիների ակտիվ և պասիվ ընտրական իրավունքը, 75-րդ հոդվածով նախատեսված իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր օրենսդրությամբ սահմանելու պարտավորությունը և 89-րդ հոդվածով նախատեսված նոր ընտրական համակարգի արդյունավետ իրացման պարտավորությունը:

Հետևաբար, ՀՀ Ազգային ժողովը, գործնականում 3/4-ից ավելի ձայների մեծամասնությամբ ընդունելով ՀՀ ընտրական օրենսգիրքը, դրանում իրացնելով ընտրական նոր համակարգի սահմանադրական պահանջները, հնարավորություն է տվել ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ սահմանված՝ ՀՀ Ազգային  ժողովի ընտրական համակարգի իրականացումը, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի իրավական բովանդակությունից բխող դրույթների պատշաճ իրականացումը և խուսափել ընդհուպ հնարավոր սահմանադրական ճգնաժամից»:

Տեսանյութեր

Լրահոս