«Կոռուպցիայի միջազգային դասակարգման աղյուսակում 2015թ. համեմատ՝ Հայաստանը 18 տեղով նահանջել է 2016 թվականին». Վարուժան Հոկտանյան
«Հայաստանում կոռուպցիայի դեմ օրենսդրական փոփոխություններով և տարբեր կառավարական խորհուրդներ ձևավորելով՝ հնարավոր չէ պայքարել: Անհրաժեշտ են լուրջ կառուցվածքային փոփոխություններ և ինստիտուցիոնալ բարեփոխումներ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ ընդգծելով, որ կոռուպցիայի միջազգային դասակարգման աղյուսակում 2015 թվականի համեմատ՝ Հայաստանը 18 տեղով նահանջել է 2016 թվականին, ինչը, ըստ նրա՝ մտահոգիչ է, քանի որ մենք դոփում ենք մեր տեղում, «առաջընթաց չկա»:
Առավել մանրամասն ներկայացնելով համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության (ԹԻ) կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2016թ. արդյունքները, նա ասաց, որ, եթե նախորդ տարի 0-ից 100 նիշանոց սանդղակում Հայաստանի համաթիվը 35 էր, ապա այժմ՝ 33.
«Որքան համաթիվը ձգտում է 100-ի, այնքան քիչ կոռումպացված է համարվում տվյալ երկիրը: Սա, իհարկե, վիճակագրական առումով վարկանիշի անկում չի դիտարկվում, սակայն, եթե համեմատեք 2014 թ. հետ, ապա անկումը կազմում է արդեն 4 միավոր: Սա արդեն էական ցուցանիշ է»:
Նրա խոսքով՝ այս ցուցանիշներով 2016թ. Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով, Բոլիվիայի և Վիետնամի հետ միասին, 176 երկրների շարքում կիսում է 113-115-րդ տեղերը. «Ասացի, որ ընկալման համաթվով դասակարգման աղյուսակում Հայաստանը նահանջել է 18 տեղով, սակայն առավել մտահոգիչ է այն միտումը, որն առկա է վերջին երեք տարիներին (2014-2016թթ.): Խոսքը կոռուպցիայի ընկալման համաթվում նահանջի միտումի մասին է»:
Նա հավելեց, որ բացասական միտումին նպաստում է նաև սոցիալական անհավասարությունն ու դրան ուղեկցող կոռուպցիան. «Բոլոր երկրներում ուղիղ կապ կա աղքատության և կոռուպցիայի միջև: Որքան երկիրն աղքատ է, այնքան կոռուպցիան բարձր մակարդակի վրա է»:
Անդրադառնալով տարածաշրջանային երկրներին, Հոկտանյանն ասաց, որ հարևաններից Հայաստանը, ինչպես և նախորդ տարիներին, շարունակում է զիջել Թուրքիային (41՝ 2015-ի 42-ի փոխարեն), որը շարունակում է գրանցել էական նահանջ սկսած 2012-ից, երբ նրա ԿԸՀ արժեքը հավասար էր 49 միավորի. «Հայաստանի մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի, 2016թ. ԿԸՀ համաթվերը 2015թ. համեմատ բարելավվել են համապատասխանաբար՝ 1 և 2 միավորով, հավասարվելով 30-ի` Ադրբեջանի դեպքում (123-130-րդ տեղեր), և 29-ի` Իրանի դեպքում (131-135-րդ տեղեր)՝ առայժմ զիջելով Հայաստանին»:
Հոկտանյանն ասաց, որ վարկանիշում առաջին հորիզոնականում Դանիան և Նոր Զելանդիան են՝ 90-ական միավորով, վարկանիշային աղյուսակը եզրափակում են Հյուսիսային Կորեան՝ 12 միավորով, Հարավային Սուդանը՝ 11 միավորով, և Սոմալին՝ 10 միավորով։
«ԵԱՏՄ անդամ մյուս երկրների, բացի Բելառուսից, ԿԸՀ արժեքները շարունակում են ավելի ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ-ից: Հայաստանին շարունակում են զիջել նաև Եվրասիական միության անդամ մյուս երկրները: Մասնավորապես` Ռուսաստանի ԿԸՀ-ն մնացել է 29 միավոր (131-135-րդ տեղեր): Չի փոխվել նաև Ղրղըզստանի ԿԸՀ արժեքը (28 միավոր՝ 136-141-րդ տեղեր), իսկ Ղազախստանի ԿԸՀ արժեքն ավելացել է 1 միավորով՝ դառնալով հավասար 29-ի (131-135-րդ տեղեր)»,- ասաց Հոկտանյանը: