«Ռուսաստան-Թուրքիա-Սիրիա-Իրան համագործակցությունը կհանգեցնի Սիրիայում ազդեցության գոտիների ձևավորման»

«168 Ժամի» զրուցակիցն է արաբագետ Սարգիս Գրիգորյանը

– Պարոն Գրիգորյան, երեկ Աստանայում կայացան Սիրիայի հարցով բացառիկ ձևաչափով Սիրիայի իշխանությունների և զինված ընդդիմության պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները, որոնց ամենաիրատեսական արդյունքը, ըստ միջազգայնագետների, սիրիական հրադադարի շուրջ կոնսոլիդացիան է։ Հաշվի առնելով արտասիրիական ուժերի տրամադրվածությունը, վերջին զարգացումները սիրիական հակամարտության թատերաբեմում, ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումից։

– Մեծ ակնկալիքներ չունեմ Աստանայի բանակցություններից, որովհետև ներգրավված կողմերից մեկը կառավարական պատվիրակությունն է, որը մենք գիտենք, մյուսը` ընդդիմադիր կառույցները, որոնք այդքան էլ մեծ ազդեցություն չունեն Սիրիայում։ Այնպես որ, մեծ ակնկալիքներ այս բանակցություններից չունեմ։

– Անցնող շաբաթների ընթացքում բավականին շատ քննարկվեց Հալեպի ազատագրումը` որպես առանցքային հանգրվան սիրիական հակամարտության կարգավորման ճանապարհին։ Դատելով ազատագրմանը հաջորդած ժամանակաշրջանից, ի՞նչ փուլում է այսօր հակամարտությունը, կարելի՞ է արդյոք սա նոր փուլ որակել։

– Ճիշտ է, ներկայումս Հալեպ քաղաքն ազատագրված է, բայց նահանգում դեռևս բավականին ինտենսիվ, արյունալի բախումներ են տեղի ունենում։ Ուստի չէի շտապի Հալեպի ազատագրումը կապել սիրիական հակամարտության կարգավորման առանցքային շրջափուլի հետ։ Կարելի է ֆիքսել, որ հակամարտությունը թևակոխել է մեկ այլ շրջափուլ, բայց Հալեպի ազատագրմամբ նման միտումներ չեմ նկատում։

Ընդհակառակը, այնպիսի զարգացումներ նկատվեցին, որոնք էլ ավելի խորացրին տարաձայնությունները, օրինակ` ընդդիմադիրներին, որոնք պաշարված էին Հալեպի թաղամասերում, հնարավորություն տվեցին գնալ այլ մարզկենտրոններ, օրինակ` Իդլիբ, այնինչ ուժեր կային, որ համաձայն չէին, որպեսզի կառավարական ուժերը թույլ տան նրանց գնալ, և պնդում էին, թե պետք է շարունակել նրանց ոչնչացումը, բայց այդ հնարավորությունը չտրվեց։ Այնպես որ, խոսել այն մասին, որ Հալեպի ազատագրմամբ ինչոր հարց է լուծվել, կամ հակամարտությունը մոտեցել է կարգավորման, սխալ կլիներ, չէի շտապի նման գնահատականներ հնչեցնել։ Սա մի շրջափուլ է, որտեղ կան արտասիրիական որոշ ուժեր, որոնց գործողություններում համակարգված մոտեցումներ կան, խոսքը Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի մասին է, որոնք որոշակի համաձայնեցվածությամբ են գործում։

– Այս համագործակցությունն ինչի՞ կարող է հանգեցնել։

– Համագործակցությունը կհանգեցնի նրան, որ Սիրիայում կձևավորվեն ազդեցության գոտիներ, որոշ տարածքներում կլինեն թուրքական ազդեցության շրջանակներ, որոշ տարածքներ կլինեն ռուսական, համապատասխանաբար` սիրիական ուժերի վերահսկողության ներքո և այս շրջանների սահմաններում կլինեն այս կամ այն արտասիրիական ուժերի կողմից ուղղորդվող գործողություններ։ Դեռևս այս ձևաչափում։ Իսկ հետագայում ինչ կլինի` ցույց կտան զարգացումները։ Բայց արդեն այս ձևաչափում որոշակի ճեղքեր են նկատվում Սիրիայի այս կամ այն տարածքում ազդեցությունը համաձայնեցնելու տեսանկյունից։

Օրինակ` Ալ-Բաբ քաղաքը, որը նշածս ազդեցության ոլորտների շարքում չէ, և այնտեղ ԻՊ-ն է, այստեղ նկատվում է ձգտում արտասիրիական ուժերի կողմից, ով առաջինը հասնի և ազատագրի այդ քաղաքը։ Թուրքական զինուժը չի կարողանում մտնել այդ քաղաք, իսլամականները բավականին հաջող դիմակայում են այդ հարձակմանը։ Բայց նկատվում է միտում նաև, որ կառավարականներն են փորձում հարավից հասնել Ալ-Բաբի մատույցներ, և այստեղ կտեսնենք, թե որ ուժերն առաջինը կմտնեն Ալ-Բաբ։

– Հնարավո՞ր է, որ այս համագործակցությունը տապալվի տարաձայնությունների պատճառով։

– Մենք տեսնում ենք արտասիրիական ուժեր, որոնք ունեն իրենց շահերը և փորձում են իրենց շահերն ու նպատակները կյանքի կոչել Սիրիայի տարածքում։ Այդ հակասություններն այնքան խորացած են, խաղացողներն այնքան տարբեր են, իրենց հետաքրքրություններն այնքան տարբեր են, որ լավատես չեմ այս փուլում արդյունքների հարցում։ Ընդհակառակը` ժամանակի ընթացքում էլ ավելի են խորանում հակասությունները։

– Թրամփի աշխատակազմի գործունեությունն ինչպե՞ս կանդրադառնա իրավիճակի վրա Սիրիայում։

– Թրամփը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, հանրապետականները միշտ աչքի են ընկել իրենց կոշտ դիրքորոշմամբ մերձավորարևելյան զարգացումներում, առավել կողմնակից են եղել կտրուկ գործողությունների։ Կարելի է ենթադրել, որ փոքր-ինչ կակտիվանա ԱՄՆ դերակատարումը Մերձավոր Արևելքում։ Բայց սիրիական հակամարտության ներկայիս փուլում տեսնում ենք, որ ավելի ճիշտ որոշումն այն է, որ այն ուժը, որը ցանկանում է իսկապես լուծումների հասնել, ճիշտ է, որպեսզի որոշակի չեզոքություն պահպանի։

ԱՄՆ-ը շարունակում է այս կուրսով առաջնորդվել։ ԱՄՆ-ը հակամարտության հենց սկզբից որոշել էր ակտիվ չներգրավվել, դա նկատվել է այս տարիներին։ Գուցե լինի ակտիվություն, բայց ոչ շատ մեծ, ԱՄՆ-ը չի գնա ցամաքային լայնամասշտաբ գործողությունների, համենայն դեպս, մոտ ժամանակներում դա չի նկատվի։ Չնայած` ես կարծում եմ, որ սիրիական հակամարտության շատ արագ հանգուցալուծումը կլիներ այն դեպքում, երբ արտասիրիական գերտերությունների կողմից ցամաքային լայնամասշտաբ գործողություններ նախաձեռնվեին։

Տեսանյութեր

Լրահոս