Ի՞նչ է ծուլությունը, և որոնք են դրա պատճառները

Հաճախ, որոշակի դադարից, մանավանդ` հանգստյան օրերից հետո, շատ մարդկանց համակում է ծուլության զգացողությունը, ինչն ունի իր հոգեբանական և անձնային պատճառները։

Յուրաքանչյուր մարդու հատուկ է ծուլությունը։ Գոնե մեկ անգամ եղել է դեպք, երբ կա անհրաժեշտություն ավարտին հասցնել որևէ աշխատանք` քաջ գիտակցելով դրա կարևորությունը, սակայն, ներսից ինչ-որ բան հակադրվում, և, ի վերջո, կնքում է հաղթանակ` իր կարևորությունն այդքան ակնառու ներկայացնող աշխատանքի հանդեպ։ Սկզբունքորեն ընդունված է հաղթահարել ծուլությունը` պայքարելով սեփական «անհոգ» էության դեմ։ Սակայն, ծուլությունը, դա հոգեկանի ազդանշանն է այն մասին, որ ինչ-որ բան այնպես չէ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հասկանալ տվյալ հոգեբանական երևույթի ծագման պատճառը, ինչը հնարավորություն կտա ապրել ներդաշնակ ինքդ քեզ հետ։

Ծուլության երևույթն արտահայտվում է այն ժամանակ, երբ մեր ենթագիտակցությունը սկսում է դասակարգել աշխատանքը` որպես անպիտան, նույնիսկ այն դեպքում, երբ անձը գիտակցաբար հասկանում է դրա ամբողջական կարևորությունը և անհրաժեշտությունը։ Քննարկենք մի քանի պատճառ, որոնք հանգեցնում են տվյալ իրավիճակին.

  • Դրդապատճառի բացակայություն. խոսքն իրականում ներքին, պահանջված դրդապատճառի մասին է։ Օրինակ, երեխան, ով դասերը չի պատրաստում, հանդիմանանքի ընդառաջ չի մոտիվացվի սովորել, քանի դեռ նա ինքը չզգա դրա կարևորությունը և պահանջը, չցանկանա դառնալ դասարանի ամենաբանիմաց աշակերտը։ Շատ կարևոր է գիտակցել սեփական գործողության վերջնական նպատակը, որն իրականում ծուլանում ենք կատարել։ Ընդ որում, նպատակը պետք է լինի սեփականը, այլ ոչ թե մայրիկի դրդումը կամ ղեկավարության հանձնարարությունը։
  • Ծուլության ևս մեկ պատճառ կարող է հանդիսանալ հետաքրքրվածության պակասը կամ հուզականորեն այս կամ այն աշխատանքի չընդունումը։ Եթե կա հնարավորություն չկատարելու ոչ ցանկալի պարտականություններ, ապա հոգեբանները խորհուրդ են տալիս չանել այն։ Նման ազատություն կարող ենք տալ ինքներս մեզ միայն մենք։

Իրականում առողջ հոգեբանական ներքին աշխարհը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ մտավոր աշխատանք կատարել, ինչն ավելի մեծ անձնային աճ է գրանցում, քան ստիպված որևէ աշխատանք կատարելը։ Այդ իսկ պատճառով, խրախուսվում է հնարավորության դեպքում անցանկալի աշխատանքի չիրականացումը։ Սակայն, կան դեպքեր, երբ հրաժարվելու ոչ մի հնարավորություն չկա։

Կարդացեք նաև

Նման իրավիճակում խորհուրդ է տրվում անհրապույր աշխատանքի մեջ գտնել որևէ հետաքրքիր մասնիկ, որը կարող է ծառայել որպես դրդապատճառ և կենտրոնանալ դրա վրա` կատարելով բուն աշխատանքը։ Օրինակ, աշխատանքին զուգահեռ` լսել սիրած երաժշտություն։

  • Ծուլության մեկ այլ դրսևորում կարող է վկայել այն մասին, որ օրգանիզմը ուղղակի գերհոգնած է` «Խրոնիկ հոգնածության ախտանիշ», և պահանջում է երկարատև վերականգնման գործընթաց։ Նման դեպքում ծուլությունը հաղթահարելու պատճառ չկա, քանի որ այն ինքն է հանդիսանում նման իրավիճակի բուժումը։
    Հետևաբար` կարելի է եզրակացնել, որ ծուլությունը միշտ չէ, որ բացասական երևույթ է հանդիսանում։ Ուղղակի անհրաժեշտ է սովորել ընկալել սեփական ներաշխարհից եկող ազդակները և հասկանալ մեր ծուլության դրդապատճառը։

Այնուամենայնիվ, հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր կարիք ունեն հաղթահարել ծուլությունը և փոխել կյանքի որակը դեպի ավելի արդյունավետը։ Նման մարդկանց ցանկությանն ընդառաջ` հոգեբանները ծուլությունը հաղթահարելու մի քանի ուղի են առաջարկում։

Դրանք հետևյալն են.

Գիտակցել ծուլությունը։ Որպեսզի հաղթահարենք ծուլությունը, անհրաժեշտ է ուղղակի գիտակցել դրա առկայությունը։ Իսկ եթե առավել տրամաբանորեն մոտենանք, ապա կհասկանանք, որ ծուլությունը, որպես այդպիսին, գոյություն չունի։ Մենք չենք կարող անդադար ոչինչ չանել, անպայման ժամանակի մի մասը մենք անցկացնում ենք որոշակի գործողություն կատարելով։ Իրականում ծուլությունն այն գործողության մերժումն է, որը մեզ որոշակի արդյունքի և նպատակի իրականացման է մղելու։ Հետևաբար` ցանկալի է ուղղակի ժպտալ և գիտակցել, որ բեկվել եք ճիշտ ուղուց, գիտակցել և թեկուզ դանդաղ քայլերով կատարել այն աշխատանքը, որը կտանի դեպի բուն նպատակի իրականացումը։

Վախերի հաղթահարում։ Շատ մարդկանց ծուլությունը հաղթահարելու դժվարության հիմքում ընկած են վախերը։ Յուրաքանչյուր մարդ ունի մահվան վախ, ինչի պատճառով իրեն շատ գործողություններից զերծ է պահում, սակայն, գոյատևման բնազդը, ընդհակառակը, պետք է դրդի բանական էակին անընդհատ գործել, առաջ գնալ, որպեսզի ապրի առավել երկար և բավարարված պահանջմունքներով։ Եթե խորը դատենք, կհասկանանք, որ վախը մեզ չի ուղեկցում ծնված պահից, այն մեր մեջ դաստիարակվում է մինչև վեց տարեկանը, երբ մենք անցնում ենք սոցիալականացման հիմնական շրջանը։ Այդ պատճառով երեխաների վախերը պետք է հաղթահարվեն մանկության հասակում, որպեսզի չափահասությունն ընթանա առանց վախի և ծուլությունը հաղթահարված նպատակի գիտակցմամբ։

Օրվա պլանավորում և կարգավորում։ Հոգեբանները խրոնիկ ծուլության հետ նույնականացված այցելուներին առաջարկում են ժամանակի տնօրինման մեթոդիկան։ Այն շատ տարածված և առաջին հայացքից բավականին դյուրին միջոց է։ Սակայն, կա մեծ ճշմարտություն, ինչ մենք գիտակցում ենք, խոսքերով բավականին ճիշտ մեկնաբանում, միևնույն է, վարքի վերածելը միշտ չէ, որ ստացվում է։ Այն պահանջում է մեծ կամք, որն էլ ծուլության առաջին թշնամին է։ Անհրաժեշտ է կազմել օրվա գրաֆիկ, և եթե անհրաժեշտ է` նույնիսկ բաշխել անելիքներն ըստ ժամաքանակի` աստիճանաբար հետևելով գոնե մի քանի կետի իրականացմանը։ Այս ամենը ժամանակի ընթացքում կվերածվի սովորության, ապա` բնավորության։

Օրինակ, օրվա մեջ կես ժամ ընթեցանությունն աստիճանաբար կվերածվի սովորության, և դուք արդեն օրն առանց ընթերցանության լիարժեք չեք համարի։ Այն կլինի օրվա հիմնական բաղադրիչներից։

Հետևաբար` փորձեք հենց այսօր գտնել, գիտակցել ինքնազարգացումն ու սեփական անձն առաջ մղող մի փոքրիկ նպատակ, և աստիճանաբար ձգտեք դեպի այն` հաղթահարելով ծուլությունը և լիարժեք ապրելով կյանքը։

ԿԱՄԻԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
հոգեբան

Տեսանյութեր

Լրահոս