Բաժիններ՝

«Աշխատանքները պետք է լինեն շարունակական, ամենօրյա ու հետևողական, որպեսզի տնտեսությունը դուրս գա այս մեռյալ վիճակից». Հակոբ Բաղդասարյան

2016 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 155 հազար 911 գործարք, որոնց քանակը, 2015 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 4 %-ով: «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում վիճակագրական այս ցուցանիշը վստահելի համարեց։

Ըստ նրա՝ որոշակի ակտիվացում սպասվում է ավելի ուշ՝ տնտեսության գործարար շրջանի ակտիվացման հետ կապված, որը պարտադիր կանդրադառնա նաև անշարժ գույքի վրա։ Հ. Բաղդասարյանի կարծիքով՝ երկար տարիներ իրական բարեփոխումներ չեն եղել՝ հարկային, ներդրումային դաշտի հետ կապված, ներդրումների լուրջ կրճատում է եղել, շահութաբերությունը շատ գործարարների մոտ հավասարվել է 0-ի, որը չի կարող նպաստել անշարժ գույքի ոլորտի ակտիվացմանը։

Այժմ, Հ.Բաղդասարյանի խոսքով, տնտեսության ակտիվացման բոլոր նախադրյալները կան, որովհետև Գործատուների հանրապետական միության կազմով, ըստ ոլորտների, գրավոր ներկայացրել են իրենց առաջարկությունները, և կան քայլեր, որոնց ի կատար ածելուց հետո հնարավոր է դաշտի ակտիվացում։ Նա կարևորեց, որ համալիր քայլեր են ձեռնարկվում թե՛ մաքսային, թե՛ հարկային, թե՛ բանկային ոլորտների հետ կապված. «Չեմ ասում, որ լիարժեք է և 100 տոկոսանոց գոհացուցիչ է, բայց, որ քայլեր կատարվում են, դա միարժեք է։ Արդյունքները, ես կարծում եմ, չեն ուշանա, եթե շարունակական և հետևողական լինեն քայլերը»։

Հ.Բաղդասարյանը նշեց մի քանի օրինակ. գնահատման ոլորտում բանկերն աշխատում են միայն մի քանի կազմակերպությունների հետ, որն օրենսդրության կոպիտ խախտում է։ Վարչապետի կողմից հանձնարարվել է, որ դաշտն ազատականացվի։

«Եթե լիազոր մարմինը լիցենզիա է տվել գնահատողին, որևէ մեկն իրավունք չունի չընդունել դա և ասել, թե աշխատում է միայն այս կամ այս գնահատողների հետ։ Նույնը փաստաբանական ոլորտում է։ Սահմանափակ թվով ընկերություների հետ կարելի է պայմանավորվել և ցանկացած գինը սահմանել, պայմաններ թելադրել։ Դա լրացուցիչ ֆինանսական բարդություններ է առաջացնում քաղաքացիների համար։ Իսկ 200 կազմակերպությունների հետ չես կարող պայմանավորվել»,- ասաց Հ. Բաղդասարյանը՝ հավելելով, որ բանկային ոլորտում առաջարկել են, որ հայտարարված հիպոթեքի տոկոսներին ոչ մի այլ ծախս չավելանա՝ կանխիկացման, սպասարկման, վաղաժամկետ մարման և այլն։

Նրա խոսքով՝ բանկերը  հիպոթեքի տոկոսը 11-12 են ներկայացնում, վերջում ստացվում է 19-24%. «Այսինքն, որպեսզի էժան խորամանկությունները չաշխատեն, պետք է Կենտրոնական բանկի կողմից պարտադրվի, որ տոկոսները ներառեն բոլոր ծախսերը, նաև բանկին չթույլատրվի, որ մեղմ ձևով ներկայացնեն, որ այլ ծախսեր կան։ Կամ, օրինակ, առաջարկել ենք, որ ամբողջական արժեքից ԱԱՀ չհաշվարկվի, որը ներդրողների համար նոնսենս է, աշխարհում նման բան չկա։ Չես կարող բացատրել, որ տարվա մեջ 2-րդ գույք վաճառելու դեպքում եթե 100-ով գնել է, 105-ով վաճառել, պետք է ամբողջի ԱԱՀ վճարեն։ ԱԱՀ-ն պետք է գանձվի միայն 5-ից, ոչ թե 105-ից»։

«Հանձնարարությունը տրված է, բայց մի բան է հանձնարարություն տալը, մի բան՝ հետևից գնալը։ Աշխատանքները շարունակում ենք նոր վարչապետի ու կառավարության հետ, որպեսզի հանձնարարությունների կատարման ընթացքին հետևենք։ Աշխատանքները պետք է լինեն շարունակական, ամենօրյա ու հետևողական, որպեզի տնտեսությունը դուրս գա այս մեռյալ վիճակից, բայց շատ հուսադրող է, ես շատ հավատով եմ տրամադրված, որովհետև լսելու և կոնկրետ առաջադրանքներ տալու պատրաստակամություն կա։ Արձագանքները շատ արագ են»,- ասաց Հ. Բաղդասարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս