Բաժիններ՝

Մշակութային 2016-ը՝ Հայաստանում

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես 168.am-ն ամփոփում է անցնող տարվա մշակութային և հակամշակութային սեփական ուսումնասիրություններով հասարակական առավել լայն հնչեղություն ստացած իրադարձությունների թոփ տասնյակը, որն ընթերցողներին ենք ներկայացնում՝ ըստ ժամանակագրության:

Այսպիսով, անցնող տարին ամփոփում ենք «Մշակութային 2016»-ի դիտարկմամբ՝ վերհիշելով մեր երկրի մշակութային կյանքում տեղ գտած իրադարձություններից, ձեռքբերումներից ու նվաճումներից առավել հիշարժանները:

Հունվար 2016

Մինչ անցնող տարվա հունվարին ազգը տոնում էր Նոր տարին, իսկ մշակութային նեղ շրջանակները տոնական սեղանների շուրջ քննարկում էին համաշխարհային մշակութային պրակտիկայում աննախադեպ իրողություն գրանցած տարվա ամենավերջին «գործարքը»… ներեցեք, ուզում էինք գրել՝ Օպերային թատրոնում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունները, որի արդյունքում պրոֆեսիոնալ դիրիժոր Կարեն Դուրգարյանն արցունքախառն աչքերով մամլո ասուլիս հրավիրեց՝ ազդարարելու համար սեփական հեռացումը, Գյումրու ցուրտ, ցեխոտ ու անապաստան տնակային թաղամասերից մեկում մի խումբ երիտասարդներ, համաշխարհային մեծության գերպրոֆեսիոնալ Տիգրան Համասյանի հետ միասին, ուրվագծում էին սեփական հղացման աննախադեպ բացօթյա բարեգործական համերգը, որով և ազդարարվեց Մշակութային 2016-ը Հայաստանում:

Փետրվար 2016

Այսպիսով, փետրվարի 27-ին Գյումրու «Ֆանտաններ» կոչվող տնակային թաղամասում՝ Գևորգյանների տնակի բակում (ովքեր ավելի քան 27 տարի բնակվում էին այդ տնակում), ի աջակցություն Գյումրու անօթևանների, մեկնարկում է աշխարհահռչակ ջազմեն, գյումրեցի Տիգրան Համասյանի և մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ կյանքի կոչված բարեգործական համերգը, որը միտված էր 13 անօթևան ընտանիքների համար անհրաժեշտ գումար հավաքելու ու բնակարաններ գնելու նպատակին:

76679

Տիգրան Համասյանը կարծում էր, որ իր համերգից հետո իշխանությունները կսկսեն մի քիչ ավելի շատ ուշադրություն դարձնել Գյումրու անօթևանության խնդրին, որը, ըստ երաժշտի, թեև ուշացած էր, բայց ավելի լավ է՝ ուշ, քան երբեք: Թեև համերգից հետո Տիգրան Համասյանը պարգևատրվեց Գյումրու քաղաքապետի ոսկե մեդալով, իսկ քաղաքային իշխանությունները շնորհակալություն հայտնեցին երաժշտին այն բանի համար, որ նա կա, այնուամենայնիվ, փաստ է մնում այն, որ երկրաշարժից 28 տարի անց Գյումրիում դեռ ավելի քան 3000 ընտանիք ապրում է վագոն-տնակներում: Արդյունքում՝ միակ իրական և օգտակար ձեռքբերումը համերգից հանգանակված գումարն էր, որն ընդհանուր հաշվարկով՝ կազմում էր 546.110 դրամ:

Ապրիլ 2016

Համեմատության մեջ մշակութային առավել պասիվ մարտին հաջորդելու էր գալու «անմոռանալի» ապրիլը, և չնայած սահմանային լարված իրավիճակներին, քչերը կարող էին կանխատեսել քառօրյա պատերազմի իրական վտանգները, որ խաթարելով երկրի բնականոն, խաղաղ ընթացքը՝ արթնացրեց նաև մեր երկրի մշակութային միտքը, այս անգամ՝ պաշտպանելու համար վտանգված երկրի սահմանները:

Սփյուռքահայ և հայաստանաբնակ բազմաթիվ մտավորականների շուրթերից հնչեցին խաղաղության, համբերության, ոգեշնչման, ինչպես նաև թշնամու սադրիչ գործողությունները դատապարտող կոչեր, վշտակցության խոսքեր, և այս ամենի ֆոնին՝ հատկապես ազդեցիկ եղավ համաշխարհային մեծության կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի լայնարձակ զրույց-մեկնաբանությունը, որով մեծանուն երաժիշտը՝ մտավորականի իր դիրքերից, մեր երկրի սահմաններին հրահրված պարտադրված պատերազմի իրողության վրա հրավիրեց միջազգային կառույցների և համաշխարհային հանրության ուշադրությունը:

Mansuryan

Նույն ամսին քառօրյա պատերազմին հաջորդելու էր գալիս Ցեղասպանության տարելիցը, որն արդեն 100 տարի անց, Հայաստանում առաջին անգամ ներկայացվելու էր «Ավրորա» մարդասիրության մրցանակի բաշխման մեկնարկով, որ մեր հայրենիքում մեկտեղեց համաշխարհային մեծության անունների, Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր անպատմելի ոճրի տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Նշենք, որ այս առիթով հերթական անգամ Հայաստան ժամանեց նաև մեր լեգենդար հայրենակից, համաշխարհային մեծության գերաստղ Շառլ Ազնավուրը:

1200barankitsefinal

Հունիս 2016

Այս ամիս միջազգային հանրության ուշադրությունը կրկին ուղղվեց դեպի Հայաստան: Այս անգամ Հայաստանը միջազգային մամուլի առաջին էջերում հայտնվեց միաժամանակ՝ քաղաքական, կրոնական, հասարակական և, անշուշտ, մշակութային հույժ կարևոր իրադարձությամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի եռօրյա այցով: Հայաստանը երկրորդ անգամ պատիվ ունեցավ ընդունելու Հռոմի սրբազան քահանայապետին (2001 թվականին Հայաստան էր այցելել Հովհաննես-Պողոս Երկրորդը): Այցի առաջին օրը Հռոմի պապը եղավ Մայր Աթոռում, որտեղ նրա պատվին տեղի ունեցավ «Հրաշափառի» արարողությունը, այնուհետև Պապն այցելեց նախագահի նստավայր՝ հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ:

pope-yerevan17-800x533

Pap (8)

RA President Serzh Sargsyan welcomes Pope Francis at the RA Presidential Residence, Yerevan, Armenia 24 June 2016

Այցի հաջորդ առավոտյան Ֆրանցիսկոս Առաջինը Ծիծեռնակաբերդում ծաղիկներ դրեց անմար կրակին և այցելեց Ցեղասպանության թանգարան, որից հետո Գյումրու գլխավոր հրապարակում պատարագ մատուցեց: Այնուհետև Հռոմի Սրբազան քահանայապետը մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում խաղաղության համար միջեկեցեղական աղոթք հնչեցրեց, որին մասնակցելու հնարավորություն ունեցավ ավելի քան 60 հազար մարդ: Հռոմի պապն իր այցելության վերջին օրը պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Տրդատ» բաց խորանի վրա, այցելեց նաև Խոր Վիրապի վանք, որից հետո նա վերադարձավ Վատիկան՝ Հայաստանում թողնելով իր այցի վառ տպավորությունները:

Հուլիս 2016

Ամփոփելով տարվա մշակութային գլխավոր իրադարձությունները, որևէ կերպ անհնար է դառնում շրջանցել արդեն ավանդական դարձած «Ոսկե Ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը: 13-րդ անգամ հայաստանյան ամառը կիսող փառատոնն այս տարի մրցութային և արտամրցութային ծրագրերում հանդիսատեսի դատին հանձնեց շուրջ 135 ֆիլմ՝ առանձնանալով Անկախության 25-րդ տարեդարձի հովերով. չէ՞ որ փառատոնն ինքն այդ անկախության ծնունդն էր…

ioe1pgehxgj8g9trlqz5fe8t0l

Սեպտեմբեր 2016

2016-ի սեպտեմբերը հայկական մշակութային իրականության համար համարյա դարակազմիկ նշանակություն ունեցավ: Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է խոստովանել, որ այս ամսվան պետք էր մի ողջ հոդվածաշար ձոնել…

Հայկական քաղաքական էլիտայի շարքերը վերջապես լքում էր ՀՀ Մշակույթի ամենաերկարակյաց նախարար Հասմիկ Պողոսյանը: Այս փաստն առաջին հայացքից՝ միայն տոնի զգացողություն կարող էր պարգևել բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ զգում էին համն իրենց «բերանում»՝ հայկական մշակույթի քացախ դարձած ազնիվ գինու, բայց ոչ նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի համար, ով պաշտոնավարման առաջին իսկ օրերից հասկացել էր՝ զուր են ջանքերը՝ քաղաքական բիրտ ոլորաններում «մարդկային» բոլոր զեղումների՝ վարդերի փնջերի, նուրբ թրթիռների ու ծխախոտը թողելուն միտված խորհուրդների:

Այնուամենայնիվ, Արմեն Ամիրյանի նախարարական մեկնարկը լավատեսության հույսեր է ներշնչում: Մթնոլորտի առողջացման ծանր ընթացակարգը նորանշանակ նախարարը մեկնարկել է ոլորտի՝ տարիներ շարունակ ամենախոցելի, ցավոտ տեղից՝ պատմամշակութային հուշարձանների վերականգնման ոլորտում առկա թնջուկների պարզեցումից:

armen-amiryan

Հաջողություն մաղթելով նորանշանակ նախարարին, չմոռանանք նշել, որ սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղը տոնում էին Անկախության 25-րդ ամյակը:

9294_lxh-ankaxutyun-25_m

Այս առիթով, թերևս, մշակութային կարևորագույն և հիշարժան իրադարձություն դարձավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2016-2017 թթ. համերգաշրջանի ազդարարումը՝ Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով, որը, ինչպես և ակնկալվում էր՝ նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Այս տարի Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը նշանավորվեց ինչպես՝ օտարազգի, այնպես էլ՝ հայազգի նշանավոր երաժիշտներ՝ Սերգեյ Խաչատրյանի (ջութակ) և Նարեկ Հախնազարյանի (թավջութակ) մասնակցությամբ:

14993571_1170904543001631_6045064269785260120_n

Հոկտեմբեր 2016

Հոկտեմբերը, որպես կանոն, գերմշակութային ամիս է: Այս տարին ևս բացառություն չէր: Նույն ամսին էր նախատեսված «Հայֆեստ» միջազգային 14-րդ թատերական փառատոնը, որը կրում է «Իրականացրու երազանքդ «Հայֆեստի» հետ» խորագիրը, ու այս տարի մեր երկրում հյուրընկալեց աշխարհի 20 երկրներից թվով 250 մասնակիցների, իսկ երևանյան թատերասեր հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հաղորդակիցը դառնալու 50 ներկայացումների:

«Հայֆեստիին» հաջորդելու եկավ «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնը, որն այս տարի նվիրված էր ծագումով հայ, ամերիկաբնակ, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր, հայտնի «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ջորջ Ավագյանին և մեկնարկեց աշխարհահռչակ ամերիկացի ջազ երգչուհի Դի Դի Բրիջվոթերի համերգով:

8c6d5c5534757f21fbfde739498dd717

Շարունակելով հոկտեմբերյան մշակութային ավանդույթները՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում տեղի ունեցավ մեծ պրեմիերա՝ իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տոսկա» երեք գործողությամբ օպերան, որ նվիրված էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

slug-58719

Հիշարժան հոկտեմբերն այս տարի եզրափակեց «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնը, որն այս տարի գրանցել էր մասնակցության աննախադեպ՝ 2200-ից ավելի հայտեր՝ ամբողջ աշխարհից:
Փառատոնի այս տարվա գլխավոր հյուրն էր անկախ անիմացիայի կարևորագույն դեմքերից մեկը` ռեժիսոր Բիլ Փլիմփթոնը:

Նոյեմբեր 2016

Նոյեմբերը նշանավորվեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերաբացմամբ, ինչպես նաև Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի` լայն արձագանք գտած «Աղետ» խորագիրը կրող համերգով` Դրեզդենի կամերային երգչախմբի, Հայաստանի ֆիլհարմոնիկ, կամերային և երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ:

23-thumb

Նոյեմբերի 18-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն էր, որի ընթացքում հնչեցին հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները: Համերգին մասնակցում էին Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, ինչպես նաև ` երեկոյի հատուկ հյուր, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը:

Նույն օրն արդեն երևանյան բեմում՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ հոբելյանական համերգ` նվիրված Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյա հոբելյանին, որի ընթացքում տեղի ունեցավ նաև «Պարոնյան-75» գիրք-ալբոմի շնորհանդեսը:

15094883_1104470609671351_1720067772064297027_n

Դեկտեմբեր 2016

Անցնող մշակութային տարին եզրափակում է աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին, ով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, իր վիրտուոզ կատարումները նվիրեց խստապահանջ հայ հանդիսատեսին: Տարին ամփոփում ենք, թերևս, մշակութային մեծ և խորհրդանշական ձեռքբերումով՝ ավելի քան 35-ամյա ընդմիջումից հետո «Պեպոն» կրկին Մայր թատրոնի բեմում է:

pepo1

Բեմադրության հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն է, ով վերանորոգված ու վերաբացված Մայր թատրոնի բեմից, առաջնախաղի առիթով հնչեցրած բացման խոսքում նշել է. «Ժամանակակից լուծումներով հանդերձ՝ իմ «Պեպոյի» ասելիքը նույնն է` յուրաքանչյուրն այս աշխարհում պատասխան է տալիս իր խղճի առաջ: Արդարությունը, ի վերջո, պիտի՛ հաղթի»:

Տեղեկացնենք, որ 168.am-ը տարվա ավարտը կամփոփի նաև սեփական ուսումնասիրությամբ «Հակամշակութային 2016»-ի ընդգրկուն վերլուծությամբ, որտեղ կներկայացվեն, մեր դիտարկմամբ՝ տարվա ընթացքում տեղի ունեցած բացասական մշակութային իրադարձությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս